Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվեց «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվեց «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և անհատ բարերարների օգնությամբ։ Ցուցադրության իրականացման համար նախարարությունը տրամադրել է շուրջ 7 միլիոն դրամ։
Ցուցադրության բացմանը թանգարանում շրջայց կատարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Շրջայց իրականացրեցին նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ, որոնք ապագայում պատրաստվում են դառնալ զբոսավարներ։ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունների շրջանակում, որպես հասարակական գործիչ, որն ակտիվ դերակատարում է ունեցել այդ փոփոխություններում: Թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրեց նոր ցուցանմուշները:
Ցուցադրությունից զատ՝ թանգարանը ներկայացավ նաև այլ հետաքրքիր նախագծերով: Ահա նախարարության աջակցությամբ ստեղծվել է մուլտֆիլմ՝ հիմնված «Ալագյազի մանիները» պոեմի վրա։ Նախագիծը նպատակ ունի Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնել նոր՝ տեսաարվեստային ձևաչափով։ Միջոցառման շրջանակում թանգարանի հուշային այգում իրականացվել է ինստալացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ
Միջոցառմանը նաև ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ինչպես նաև իսահակյանական արվեստի բազմաթիվ երկրպագուներ։
«Այս ցուցադրությամբ յուրաքանչյուրը բացահայտելու է իր Իսահակյանին՝ ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ։ Փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի և՛ փոքրերին, և՛ մեծերին, և՛ զբոսաշրջիկներին, այնպես անել, որ նրա հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը և նրա հասարակական, քաղաքական ակտիվ գործունեությունը ընկալելի լինեն բոլորին»,- ասաց Արմինե Ավետիսյանը:
Տնօրենի հավաստմամբ՝ Ավետիք Իսահակյանի հոբելյանական տարին խորհրդանշական է լինելու և արդեն իսկ կյանքի են կոչվել մի շարք նախագծեր: Ահա օրինակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։
«Տուն-թանգարանը տարվա ընթացքում կանցկացնի փոքրիկ և մեծահասակ այցելուների համար նախատեսված մի շարք միջոցառումներ, ունենք նաև ներառական և միջազգային ծրագրեր։ Համագործակցելու ենք Փարիզի ԻՆԱԼԿՕ համալսարանի հետ։ Երկու օր շարունակ այնտեղ իսահակյանական համաժողով է անցկացվելու, ներկայացվելու է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը։ «Աբու Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսն է կազմակերպվելու»,- հավելեց տնօրենը:
Հետաքրքիր միջոցառումներն առջևում են. Միջոցառումների շարք է կազմակերպվելու նաև Վենետիկում, ինչը կարևոր է, քանի որ վարպետը շրջել է աշխարհի տարբեր երկրներում, թողել է իր հետքը տարբեր երկրների մշակույթում, ինչպես նաև իր հետ բերել է մշակութային ժառանգություն իր երկիր՝ գիտակցելով, որ դա շատ կարևոր է։ Նա 700 գերմանալեզու գիրք է բերել հայրենիք։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 138