Անահիտ դիցուհին կվերադառնա Բրիտանական թանգարան. ՀՊԹ-ն ամփոփում է ցուցադրության արդյունքները

2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը հատեց եզրագիծը։ Ամիսներ շարունակ Անահիտ դիցուհին իր շուրջն էր հավաքել արվեստասեր հանրությանը։ Յուրատեսակ արտեֆակտը բացառիկ հետաքրքրություն ու ուշադրություն էր սևեռել Հայաստանի հնագույն պատմության վրա։
Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872 թվականին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Սադակ քաղաքում: Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին։ Նա էլ ավելի ուշ վաճառել է Անահիտի ոսկեձույլ գլուխը Բրիտանական թանգարանին: Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թվականին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Անահիտի ոսկեձույլ կիսանդրին գտնվում է Բրիտանական թանգարանում։ Ցուցահանդեսի շրջանակում Անահիտը շրջագայեց Հայաստանում, այժմ նորից կվերադառնա Բրիտանական թանգարան։ Ամիսներ շարունակ Հայաստանում ցուցադրվելուց հետո այժմ դիցուհին կվերադառնա Բրիտանական թանգարան։
Հայաստանի պատմության թանգարանում սեպտեմբերի 21-ից ներկայացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցադրությունը դարձել է նորանկախ Հայաստանի պատմության ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ ունենալով 55 հազար 837 այցելու։
Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցած ցուցադրության ամփոփիչ մամուլի ասուլիսում թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվել են նաև կրթական ծրագրեր։ Իսկ ցուցահանդեսից գոյացած միջոցներով թանգարանը փակել է բոլոր ծախսերը, կարողացել է ձեռք բերել սերվերային նոր համակարգ, որի միջոցով կսկսվեն թվայնացման աշխատանքներ իրականացնել։
«Ցուցադրության շրջանակում իրականացվել է բանախոսությունների շարք միջազգային մասնագետների մասնակցությամբ, 160-ից ավելի արձագանքներ ԶԼՄ-ներում, նոր հուշանվերային տեսականի, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքն ու ընթացքի մեջ է հայերենի պատրաստումը։ Ցուցահանդեսից գոյացած միջոցներով թանգարանը փակել է բոլոր ծախսերը և կարողացել է ձեռք բերել սերվերային նոր համակարգ, որի միջոցով կսկսի թվայնացման աշխատանքներ իրականացնել»,- նշեց Դ. Պողոսյանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը կարևորեց այն հանգամանքը, որ ցուցադրությունը դռներ է բացել Հայաստանի համար, քանի որ միջազգային կառույցների հետ բանակցություններն առավել հեշտացել են, վստահությունը մեծացել է։
«Այս համագործակացության փաստը հաշվի առնելով՝ այլ հեղինակավոր թանգարաններն առավել պատրաստակամ են դառնում։ ցուցադրությունն ազդել է հանրության՝ թանգարաններ այցելությունների վրա։ 2024 թվականի առաջին եռամսյակում թանգարաններն ունեցել են 161 հազար այցելու, իսկ այս եռամսյակում՝ 177 հազար այցելու, այնինչ երկրում զբոսաշրջության մի փոքր անկում կա»,-ասաց Ա. Քոչարյանը։
Փոխնախարարի խոսով՝ այսպիսի նոր համագործակցություններ են սպասվում։ Հետաքրքիր ցուցադրությունների պայմանավորվածություններ են սպասվում Չարենցի անվան գրականության և արվեստի, Երվանդ Քոչարի, Ռուսական թանգարանների, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Իսկ Ֆրանսիայում կցուցադրվեն հայ իմպրեսիոնիստների գործերը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Բեռլինի թանգարանի հետ։
Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրության կազմակերպմանը նաև մասնակցել է «Կերոն» զարգացման հիմնադրամը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը նշում է, որ երկար նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Այն եղել է նորաստեղծ կառույցի առաջին նախագծերից մեկը։
Հայաստան–Մեծ Բրիտանիա մշակութային գործընկերությունն ամփոփեց նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը։ Նրա խոսքով՝ Բրիտանական թանգարանը հայտնի է իր հարուստ հավաքածուներով և այդ հարստությունը ներկայացնում է ամբողջ աշխարհին. ամեն տարի ավելի քան 5 հազար նմուշ ժամանակավոր ցուցադրության է ուղարկվում տարբեր երկրներ, և թանգարանը դառնում է մշակութային փոխանակումների, երկխոսության և փոխըմբռնման օղակ։
«Այս պատմական փոխառությունը վառ օրինակ է՝ ինչպես է մշակութային դիվանագիտությունը խորացնում փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը։ Ուրախ ենք, որ Բրիտանական թանգարանի փորձագետները այցելեցին Երևան՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները։ Սա նման համագործակցությունների միայն սկիզբն է։ Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցահանդեսն առանձնահատուկ հնարավորություն է Հայաստանի ժողովրդին կապվելու իր մշակութային ժառանգության հետ, իսկ ամբողջ աշխարհից այցելուների համար այն շատ լավ առիթ է ավելի լավ ճանաչելու Հայաստանն ու Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը»,-փաստեց դեսպանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 190