«Իրանական ֆիլմերի օրերը» Հայաստանում

Մարտի 13-15-ը Երևանը ողողված էր իրանական ֆիլմերի գույներով։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի հովանավորությամբ մեկնարկեցին «Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառումները։ Միջոցառման ընթացքում Հայաստանի Ազգային գրադարանի Սինե-ակումբում ցուցադրվում էին իրանական ֆիլմեր։

Ազգային գրադարանում իրանական ֆիլմերի փառատոնի բացմանը ելույթ ունեցան ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և այլք։

Բացման արարողությանը ներկա էին իրանագետներ, մշակութաբաններ, թարգմանիչներ, երևանյան գրադարանների աշխատակիցներ։

Իրանական ֆիլմերի առանձնահատուկ զարդը գույներն են, ապա հույզերը, որոնցով ստեղծվում են հուզիչ պատմություններ։ Իրանական կինոյի նշանավոր ռեժիսորներին քաջ ծանոթ են Հայաստանում։ Ռեժիսորների ֆիլմերը բազմիցս ցուցադրվել են Երևանյան «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում։

Հմուտ ռեժիսորների կատարած աշխատանքին էլ միանում է դերասանական անզուգական խաղը։ Իրանական կինոարվեստը Երևանում ուսումնասիրելու հիանալի առիթ ընձեռեցին «Ծառի գրկում», «Էմադի և Թուբայի սիրավեպը», «Դրախտի գույնը», «Սառան և Աիդան», «Հենաս» ֆիլմերը։

Iranakan filmeri paraton 2

Գրադարանի թամանյանական մեծ դահլիճի էկրանին կինոսերներն առաջինը հնարավորություն ունեցան դիտելու ռեժիսոր Բաբակ Խաջեփաշայիի «Ծառի գրկում» ֆիլմը։ Ֆիլմը մասնակցել է Հնդկաստանի Չեննայի 22-րդ կինոփառատոնին և ներկայացվել «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը։ Ֆիլմն անցել է նաև ամերիկյան «The Asian World Film Festival (AWFF)» (Ասիական համաշխարհային կինոփառատոն) միջոցառման մրցակցային փուլը։

Ցուցադրվեցին նաև առաջին անգամ «Օսկար»-ի ներկայացված իրանական ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի «Դրախտի գույնը», Մազիար Միրիի «Սառան և Աիդան» և այլ ֆիլմեր։

Մաջիդ Մաջիդիի «Դրախտի գույնը», ֆիլմը հայտնի է իրանակ կինոյի գրեթե բոլոր սիրահարներին։ Մաջիդին լայն համբավ ձեռք բերեց 1990-ականներին։ Նրա նկարահանած ֆիլմերից շատերը առաջադրվել են տարբեր միջազգային կինոմրցանակների։ Ահա կինոսերներին հայտնի է ռեժիսորի «Դրախտի գույնը» (1999) ֆիլմը, որն արժանացել է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ ԱՄՆ-ում այն ​​ընտրվել է որպես 2000 թվականի լավագույն 10 ֆիլմերից մեկը Time Magazine-ի կողմից և New York Times-ի Critics Picks-ի կողմից ընդգրկվել 2000 թվականի 10 լավագույն ֆիլմերի շարքում: Այս ֆիլմը իրանական ֆիլմի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում: «Երկնքի երեխաները» (1997) ֆիլմն էլ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգին և առաջադրվել Օսկար մրցանակաբաշխության լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։

Iranakan filmeri paraton 3

«Իրանական ֆիլմերի օրերը» միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև իրանական մուլտֆիլմերի ցուցադրություն։ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ Խնկո Ապոր ազգային գրադարանի դահլիճում էլ մարտի 13-15-ը կազմակերպվել էր իրանական մուլտֆիլմերի ցուցադրություն։

Ցուցադրվեցին «Դելֆին տղան», «Ուղևոր Գանորայից», «Լոպետո» մուլտֆիլմերը։ Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի, Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցի, Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները: Աշակերտները պատմում են, որ մեծ ոգևորությամբ են դիտել «Դելֆին տղան» մուլտֆիլմը: Միջոցառմանը ներկա էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը:

Միջոցառմանը ընթացքում բացի ֆիլմերի դիտումից, Երևանի թատրոնի և կինոյի համալսարանի ռեկտոր Սառա Նալբանդյանը հանդես եկավ իրանական կինոյի մասին դասախոսությամբ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 177

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: