Կորեացի արձակագիր Հան Կանն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի
Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն հոկտեմբերի 10-ին հայտարարել է Գրականության 2024 թվականի մրցանակակրին։ Նա հարավկորեացի 53-ամյա գրող Հան Կանն է։
Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները մրցանակակրի անունը հայտարարելու ժամանակ ասել են, որ Հան Կանը մրցանակը ստացել է «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և բացահայտում մարդկային կյանքի փխրունությունը»։
«Նա բացառիկ ունակություն ունի զգալու մարմնի և հոգու, ողջերի և մահացածների միջև գոյություն ունեցող կապերը և իր պոետիկ և փորձարարական ոճով դարձել է ժամանակակից արձակի մեջ նորարար»,- հեղինակավոր մրցանակի հարավկորեացի դափնեկրին այսպես է բնութագրել Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Անդերս Օլսոնը։
Նաև նշվում է, որ նա իր աշխատանքներով հատում է սահմանները, արծարծում է տարբեր թեմաներ, այդ թվում՝ բռնություն, ցավ։
Գրականության ոլորտում դափնեկրի անունը հայտարարելուց հետո Ակադեմիան հեռախոսազրույց է ունեցել գրողի հետ, որը ասել է, որ իր այս հաջողությունը բավականին համեստ կնշի. «Այս հեռախոսազանգից հետո ես կցանկանայի թեյ խմել որդուս հետ և լուռ տոնել այս երեկո»։ Կանն ասել է, որ «շատ զարմացած է... մեծ պատիվ է իր համար»։
Հան Կանը հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին:
Կորեայի գրողների ասոցիացիայի նախագահն ասել է, որ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է արձակագիր Հան Կանի, նաև հենց հարավկորեացիների համար. «Հուսով եմ, որ դա հնարավորություն կտա աշխարհին ճանաչելու մեր գրականության բարձր մակարդակը: Այս մրցանակը ցույց է տալիս, որ կորեական մշակույթը, նաև գրականությունը համաշխարհային մակարդակի են հասել։ Կանի եզակիությունն այն է, որ նա կարողանում է ստեղծել գործեր, որոնք արձագանք են ստանում ամբողջ աշխարհի ընթերցողների շրջանում։ Նա այս մրցանակը ստանում է ստեղծագործությունների համար, որոնք գրում է ողջ մարդկության համար»։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը շնորհավորել է Հան Կանին՝ գրելով. «Դուք մեր ժամանակակից պատմության ծանր հետք թողած սպիները վերածել եք գրականության մեծ կտորների»։
Հան Կանն արձակագիր Հան Սուն Վոնի դուստրն է և ծնվել է Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում։ Նա երիտասարդ տարիքում տեղափոխվել է մայրաքաղաք Սեուլ և ուսումնասիրել կորեական գրականություն քաղաքի համալսարանում: Հան Կանը գրողի կարիերան սկսել է 1993 թվականին՝ մի քանի բանաստեղծությունների տպագրությամբ։
Կանն արդեն ամուր հաստատվել է համաշխարհային գրական ասպարեզում։ Նա 2016 թվականի անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր է` «Բուսակերը» վեպի (2007 թ.) համար, որը պատմում է միս չուտելու որոշում ընդունած մի կնոջ մասին։ Այս վեպը եղել է նրա գրքերից առաջինը, որը թարգմանվել է անգլերեն։ Այն ընդգրկվել The New York Times-ի տարվա տասը լավագույն գրքերի շարքում։
Նրա մյուս նշանավոր աշխատությունը՝ «Մարդկային արարքներ»-ը, որը հրատարակվել է 2014 թվականին, վերաբերում է 1980 թվականին Կորեայի հարավարևմտյան Գվանջու քաղաքում տեղի ունեցած ժողովրդական ապստամբությանը, որտեղ նա ծնվել է:
Շվեդական ակադեմիան նշել է, որ «Մարդկային արարքներում» նա բախվել է դաժան իրողությունների՝ պատմելով զոհերի պատմությունները՝ հիմնված պատմական փաստերի վրա։
Կանի մյուս գործերից են «The White Book»-ը, « Greek Lessons»-ը։
Հան Կանի «Հունական դասեր» վեպի մասին բրիտանական հրատարակիչ, հրատարակչության տնօրեն Սայմոն Պրոսերն ասել է. «Գրելով բացառիկ գեղեցկությամբ և պարզությամբ՝ միաժամանակ բախվում է այն ցավալի հարցին, թե ինչ է նշանակում լինել մարդ, լինել մի տեսակ, որը միաժամանակ ընդունակ է դաժանության և սիրո»:
2025-ին լույս կտեսնի Հան Կանի «We Do Not Part» ստեղծագործությունը։
Նոբելյան մրցանակների պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։ Գրականության մրցանակ շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Այն Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին հաստատված 5 մրցանակներից մեկն է, որը տրվում է 1901 թվականից։ Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է 117 անգամ 121 անհատի։
Գրականության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմին՝ «նշանակալի գրական արժանիքների, հատկապես բարձր իդեալիզմի, գեղարվեստական կատարելատիպի, ինչպես նաև հոգևորի և տաղանդի յուրօրինակ համակցության համար, որի վկայությունն են նրա գրքերը»։
Նոբելյան մրցանակի դափնեկիրը ստանում է 11 մլն կրոն (մոտ 1 մլն դոլար)՝ մեդալների և պատվոգրերի հետ միասին։
Տ․Մ․
- Created on .
- Hits: 238