Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տրվեց Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Ապրիլի 19-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիական երգի փառատոնը», որն այս տարի նվիրված էր ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի 100-ամյակին։

Հայաստանի Հանրապետությունն արդեն 16 տարի է, ինչ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ է, որի արդյունքում էլ ավելի են ամրապնդվում հայ-ֆրանսիական քաղաքական, դիվանագիտական և մշակութային դարավոր կապերը։

Fransiakan ergi paraton 2

Երևանի պետական համալսարանը ևս ունի ֆրանսերենի դասավանդման և ֆրանսիական մշակույթի տարածման ավանդույթներ։ Արդեն 15 տարի շարունակ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպում է «Ֆրանսիական երգի փառատոնը»։

Միջոցառմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, ներկայացուցիչներ մշակույթի ոլորտից։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։

Fransiakan ergi paraton 3

Fransiakan ergi paraton 4

Միջոցառման պատվավոր հյուրն էր «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, որը նշեց, որ Շառլ Ազնավուրին ճանաչում են ոչ միայն իր արվեստով, այլ նաև մարդասիրական գործունեությամբ։ «Նա շատ էր կարևորում երիտասարդությանը։ Ամբողջ աշխարհում՝ Չիլիից մինչև Բրազիլիա, շատ մարդիկ ասում են, որ ֆրանսերենը սովորել են Ազնավուրի երգերի շնորհիվ։ Կար նաև մի միտք, որ Շառլ Ազնավուրը սիրում էր կրկնել․ «Պետք է գնալ դեպի մարդիկ և սովորել նրանց լեզուները», և սա էր պատճառը, որ նա երգում էր 8 լեզուներով և կարևորում էր շատ լեզուների իմացությունը։ Ըստ այդմ, ինչպես նա, այդպես էլ ես ողջունում եմ ձեզ և խորհուրդ եմ տալիս սովորել շատ լեզուներ։ Նաև շատ ուրախ եմ, որ Երևանի Մայր բուհում գոյություն ունի նման մշակույթի կենտրոն, դա շատ գովելի և ուրախալի փաստ է, բոլոր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ չվախենալ և  գնալ իրենց երզանքների ետևից»։

Fransiakan ergi paraton 5

Մշակույթի կենտրոնն իր լսարանին ներկայացրեց «Ազնավուր 100» թատերականացված համերգը, որին մասնակցում էին «Համալսարանական» թատրոն-ստուդիան, աղջիկների պարային համույթը, երգչախումբը և «YSU band»-ը։ Հնչեցին մեծանուն շանսոնիեի երգերը և բանաստեղծությունները։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը իր խոսքում մասնավորապես նշեց․

«Շատ դժվար է խոսել Շառլ Ազնավուրի մասին, կցանկանայի, որ իր 100-ամյակին նա ֆիզիկապես մեզ հետ լիներ, բայց նա միշտ մեզ հետ է, կա ու կլինի՝ իր երգերով, իր բարեգործությամբ, իր ֆիլմերով և իր Հայ տեսակով։ Շնորհավորում եմ Շառլ Ազնավուրի 100-ամյակը, շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք նման հայորդի, որի անունը գրված է ոսկե տառերով համաշխարհային պատմության մեջ։ Ազնավուր՝ այս անունով ասված է ամեն բան, Ազնավուր՝ նշանակում է յուրօրինակ կամուրջ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար, որում իր ուրույն ավանդն ունի հայազգի մեծանուն շանսոնիեն։ Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Մայր բուհում։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի անփոխարինելի տնօրեն տիկին Կարինե Դավթյանին՝ կազմակերպելու այս գեղեցիկ միջոցառումը և պատվով ղեկավարելու մեծանուն հայի անունը կրող մշակույթի կենտրոնը»։

Fransiakan ergi paraton 6

Fransiakan ergi paraton 7

«Պետք է նշեմ, որ մեծագույն սիրով արդեն 15 տարի կազմակերպում և իրականացնում ենք այս միջոցառումը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հետ միասին, և քանի որ արդեն 3 տարի մեր կենտրոնը պատվով կրում է Շառլ Ազնավուրի անունը, այս տարի որոշեցինք միջոցառումը նվիրել նրա 100-ամյակին և մեզ մոտ տալ մեկնարկը։ «Ազնավուր 100» թատերականացված համերգային ծրագրում ներկայացրել ենք Ազնավուրի կյանքի պատմություններն, իր անցած ուղին և իր ընտանիքի մասին տեղեկությունները։

Fransiakan ergi paraton 8

Մենք նպատակ ունենք ավելի սերտացնել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, պահել կապը երկու երկրների համալսրանների միջև, ինչպես նաև Հայաստանում զարգացնել ֆրանսիական մշակույթի տարածումը՝ կազմակերպելով նմանօրինակ միջոցառումներ։ Այդ ամենը հրաշալի իրականացնում են նաև, և՛ ֆրանսիական բանասիրության ամբիոնը, և՛ մեր ուսանողները։ Հատկանշական է նաև, որ հայազգի շատ գործիչներ անխոչընդոտ կայացել են Ֆրանսիայում և մենք գնահատում ենք Ֆրանսիայի կառավարության լավ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ»,- cultural.am-ի հետ զրույցում հավելեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանը։

Fransiakan ergi paraton 9

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 15-ին տեղի էր ունեցել Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի անվանակոչության արարողությունը: Մեծ հայի հիշատակը հայ ուսանողության շրջանում վառ պահելու և նրան  հարգանքի տուրք մատուցելու  նպատակով Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը  որոշում կայացրեց  մշակույթի կենտրոնն անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով:

Վարսիկ Սահրադյան

  • Created on .
  • Hits: 588

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: