Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը։ Սուրբ Զատիկը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է և կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (եբրայերեն՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը, երբ երկիրն արարվեց, երբ Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:

 Սուրբ Հարության տոնին նախընթաց՝ երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, սկսվում են զատկական տոնակատարությունները:

Ճրագալույցի Պատարագով ավարտվում է Մեծ պահքը, որից հետո մարդիկ
վառված ճրագներ են տանում իրենց տներ՝ Քրիստոսի օրհնաբեր լույսի խորհրդով։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատիկը նշվում է գարնանային օրահավասարին՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, մարտի 22-ից հետո, 35 օրերի ընթացքում այն կիրակի օրը, որը տվյալ տարին հաջորդում է լուսնի լրմանը։

Ս. Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից է: Տոնի հիմքում հետևյալն է՝ Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց բոլորին, որ մեղքերի ու մահվան մեջ են: Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է:

Քրիստոսի հարությունը համարվում է քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Այն համարվում է հարության, նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը: Կարմիր գույնն էլ խորհրդանշում է Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ահա հիշենք Գրիգոր Տաթևացուն՝

«Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և, ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»։

Տոնի առթիվ արդեն տարիներ շարունակ կազմակերպվում են մշակութային, ճանաչողական միջոցառումներ։ Այս տարի ևս միջոցառումները տոնի խորհրդին էին հետևել։ Ահա, օրինակ, մարտի 28-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Սուրբ Հարության տոնին ընդառաջ տեղի ունեցավ «Զատկական օր» խորագրով միջոցառումը։ Հանդիպման հիմքում «Զատկական քարոզ» Խաչատուր Աբովյան գրքի շնորհանդեսն էր։ Բանախոսը գրքի թարգմանիչ, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյան է։ Բացի այդ Սուրբ Հարության տոնի խորհուրդը ներկայացրեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Այնուհետև միացավ նաև «Ագուլեցի» տուն-թանգարանի տնօրեն Գայանե Սամվելյանը՝ Զատկի տոնի ժողովրդական ավանդությունները հիշելով։ Տոնը զարդարվեց հոգևոր երգերով՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի սան՝ Էսթեր Ստեփանյանի կատարմամբ։

Այս տարի արդեն 3-րդ տարին անընդմեջ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ, «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն էլ նախաձեռնում է ավանդույթ դարձած «Զատիկ գինու փառատոն»-ը: Այն հնարավորություն է ընձեռում բոլորին միասին հաճելի պահեր վայելել քաղաքի սրտում, կատարել Զատկի թեմայով գնումներ, ծանոթանալ տոնական ելույթների։ Կարող եք մասնակցել նաև Զատկի զվարճանքի, խաղերի մրցույթների։
Մարտի 29-ին մեկնարկած փառատոնի հյուրերը հետևում են ուրախ ավանդույթների, միացել են այգու շուրջպարին՝ հայկական ավանդական երգերի և պարերի ուղեկցությամբ։

Իսկ որ ամենակարևորն է՝ տոնի առթիվ Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետութեամբ։ Իսկ ավարտին Սրբազան հայրը Հարության Ավետիս տվեց հավատացյալներին ու Պահպանիչ աղոթք հղեց։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 526

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: