«Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

20 տարուց ավելի է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հայաստանում տեղի է ունենում ազգային թատերական «Արտավազդ» մրցանակաշխությունը։ Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի թատերական գործիչների միությունն է, իսկ մրցանակն իր անունը ստացել է հայոց թագավոր Արտավազդ II-ի պատվին, որը համարվում է հայկական ազգային թատրոնի հիմնադիրներից։ Ամեն տարի մեկ տասնյակից ավելի անվանակարգերում հայտարարվում են լավագույններն ու արժանանում մրցանակների։

23-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Այն նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Artavazd 2024 2

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր բացման խոսքում ասաց. «Թատրոնի միջազգային օրն առանձնահատուկ է։ 1961 թվականին Պետեր Բրուկի առաջարկությամբ մարտի 27-ը որոշվեց կոչել Թատրոնի միջազգային օր: Մինչ օրս ամեն տարի ամբողջ աշխարհը մեծ ցնծությամբ ու ոգևորությամբ նշում է Թատրոնի օրը։

Թատերական աշխարհը ժամանակ առ ժամանակ ալեկոծվում է, ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք լինում լուծել հարցեր, խնդիրներ, որոնք շատ դեպքերում բացարձակ կապ չունեն թատրոնի հետ, բայց մենք դրանց առնչվում ենք, մենք դրանք լուծում ենք։ Մեր ժամանակներն էլ բացառություն չեն։ Ցավոք սրտի, ծագում են նման խնդիրներ, սակայն մենք գիտենք, որ նման օրերը երկար չեն տևելու: Պինդ մնանք, ամուր լինենք, լծված լինենք մեր գործին։ Իսկ մեր գործը մենք հրաշալի ենք անում։ Հայ թատրոնը հրաշալի արդյունք է տալիս, հրաշալի ներկայացումներ ունենք հանրապետության տարբեր բեմերում, հրաշալի երիտասարդություն կա, որ փորձում է մեզ զարմացնել, նոր ձևաչափեր գտնել»։

Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»  «Արտավազդ» մրցանակը հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:

Բեմահարթակից Արմեն Էլբակյանն ասաց, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է. «Թատրոնը մարդկանց օգնում է ազատագրվել իրենց շուրջ տիրող քաոսից: Կլինենք մենք, թե ուրիշները, միևնույն է, թատրոնը միշտ կկատարի այդ գործառույթը, քանի  կա մարդը, քանի կա այս աշխարհը»։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակը տրվեց նաև  Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, իսկ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը  հանձնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Թագավորների խաղերը» (Հենրի II)):

Artavazd 2024 4

Մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողները՝

«Լավագույն տղամարդ դերակատար»՝   Տիգրան Գաբոյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան))

«Լավագույն կին դերակատար»՝   Արաքսյա Մելիքյան (Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան))

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»՝  Վարդան Կուղիանոսյան (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ))

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ՝  Նառա Սանթոյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ))

Artavazd 2024 3

«Լավագույն սցենոգրաֆիա»՝  «Փոքրիկ ողբերգություններ» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Կարեն Գրիգորյան)

«Լավագույն զգեստների նկարիչ»`   Մերի Սարգսյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»)

«Լավագույն լուսային նկարիչ»`  Հակոբ Պողոսյան  (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»)

«Լավագույն երաժշտության հեղինակ»`   Վաչե Շարաֆյան (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»)

«Լավագույն պիես»`  «Պատերազմի ցեցը» (Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան)

«Լավագույն թատերախոսական»`  Սուսաննա Բրիկյան  («Գերագույն» երկրպագուն»)

«Լավագույն երիտասարդ դերասան»`   Անդրանիկ Միքայելյան (Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ))

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»` Անուշ Զանգիզորյան (Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ 451» (Քլարիս Մաքլելն))

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»`   Ժորա Մարտիրոսյան (Երևանի Կամերային թատրոն, «B 1427»)

Artavazd 2024 5

«Լավագույն մանկական ներկայացում»`   «Փայլոու» («Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան)

«Լավագույն երիտասարդական ներկայացում»`  «Տունը սահմանին» (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն,  բեմադրությունը՝  Արտուշ Միքայելյանի)

«Լավագույն պլաստիկական ներկայացում»`  «Սիրո պատմություն Նյու-Յորքում» ( Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն,  բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան)

«Լավագույն կամերային ներկայացում»` «Գիշատիչների խնջույքը» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն,  բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի)

«Լավագույն ռեժիսուրա»` «Ինկած բերդի իշխանուհին» (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն,  բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի)

«Լավագույն ներկայացում»` «Ինկած բերդի իշխանուհին» (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն,  բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի)

Artavazd 2024 6

«Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսո Աննա Ասատրյանը, ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը,  Երևանի Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանը,  պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Գագիկ Կարապետյանը, թատերագետ,  «Թատերակետեր» կայքի խմբագիր Տիգրան Մարտիրոսյանը:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 254

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: