Խնկո Ապոր մանկական գրադարանը մարզերում կանցկացնի «Եվրոպական ժառանգության ճամբար»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում իրականացվում  է նաև «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային մրցույթը, որին կարող են մասնակցել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները:

Եվրոպայի խորհրդի կողմից 2023 թվականին հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ներկայացել էր «Հեքիաթի դեսպաններ» խորագիրը կրող հեղինակային նախագծով, որն արժանացել է մրցանակի:

Այժմ արդեն գրադարանը «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի շրջանակում մարզերի երեխաների համար կիրականացնի «Եվրոպական ժառանգության ճամբար», որի շրջանակում Լոռիում և Տավուշում կստեղծվեն նոր գրքերի ընթերցանության անկյուններ:

Ընթերցանության անկյունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան մարտի 27-ին՝ Սպիտակի քաղաքային գրադարանում և մարտի 29-ին՝ Աչաջուրի մշակույթի տանը:

Ծրագրի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը կիրականացվի «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Կկազմակերպվեն տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորության վերաբերյալ վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ և քննարկումներ: Ապրիլ-մայիս ամիսներին Սպիտակի և Աչաջուրի   գրադարանների ընթերցող-երեխաները կմասնակցեն նկարազարդման վարպետության դասընթացի և կկատարեն թեմատիկ նկարազարդումներ:

Ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Փակման արարողության շրջանակում կցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները, ԵՄ դեսպանների մասնակցությամբ տեղի կունենա հեքիաթապատումների շարք: Մասնակից երեխաները Երևանում կայցելեն նաև մշակութային հաստատություններ, կշրջեն պատմամշակութային վայրերով: 

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից հայտարարված «Եվրոպական ժառանգության պատմություններ» դրամաշնորհային ծրագրին ներկայացված 120 հայտերից մրցութային փուլը հաղթահարել և լավագույնների ցանկում են ընդգրկվել Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լիտվայի, Անգլիայի ներկայացրած  նախագծերը:

Այս մասին տեղեկացնում եմ ՀՀ ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

 

  • Created on .
  • Hits: 341

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: