• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Երևանում կայացավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» hայ-ֆրանսիական պարային ներկայացումը

Երևանում կայացավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» hայ-ֆրանսիական պարային ներկայացումը

Դեռ ամիսներ առաջ անդրադարձանք[1] ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի մտահղացմանը՝ Ս․ Փարաջանովի 100-ամյակի առիթով նախատեսվող պարային ներկայացմանը, որը բեմադրվելու էր հանճարեղ կինոռեժիսորի «Նռան գույնը» ստեղծագործության հիման վրա։ Այսօր պարային ներկայացումն արդեն և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում կայացած իրողություն է։

Nran guyny 3

Nran guyny 4

Հետաքրքիր նախաձեռնության շուրջ հավաքված հայ-ֆրանսիական թիմի երեք տարվա մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ծնվել է մեկ ժամ տևողությամբ ներկայացում, որի առաջնախաղը տեղի է ունեցել նախ Ֆրանսիայում, ապա նաև Հայաստանում։ Ֆրանսիական առաջնախաղը կայացել է 2024-ի հունվարի 18-19-ին՝ «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին՝ «Գասկոն»-ում՝ արժանանալով շուրջ երեք հազար հանդիսատեսի հիացական արձագանքներին։

Nran guyny 5

Nran guyny 6

Երկու օր՝ մարտի 15-ին և 16-ին հայաստանաբնակ մշակութասեր հանրությունն առիթ ունեցավ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վայելելու Փարաջանովի «Նռան գույնը» պարի լեզվով ու պարի միջոցով։ Ներկայացումը ավանդական և էլեկտրո երաժշտությունների ներդաշնակ համադրություն է՝ յոթ տաղանդավոր պարողների մոգական մատուցմամբ։ Ընդ որում՝ պարողներից երկուսը հայեր են Հայաստանից, իսկ հինգը՝ ֆրանսիացիներ։ Ներկայացման հեղինակը Ֆրանսիայում և շատ այլ երկրներում հայտնի հիփ-հոփ պարուսույց Մուրադ Մերզուկին է, իսկ բեմադրության հնչյունական մասն ապահովել է «Հող արթուն» խումբը։ Պարողների բեմական հագուստների ձևավորմամբ զբաղվել է Էդգար Մանուկյանը։

Nran guyny 7

 

Բեմադրության պարուսույց Մուրադ Մերզուկին կարևորում է մշակույթների երկխոսության գաղափարը։ Նա, որ ծանոթ չէր Փարաջանովին ու հայկական մշակույթին, նշում է` մեծ հետաքրքրությամբ է ընդունել առաջարկը և ուրախ է, որ Ֆրանսիայում էլ, Հայաստանում էլ ներկայացումը շատ ջերմ արձագանքների է արժանացել։ Նա հատկանշական է համարում, որ նմանատիպ նախագծերի միջոցով ֆրանսիացիները նույնպես առիթ են ունենում ծանոթանալ ու հաղորդակցվել Փարաջանովի արվեստին։

Nran guyny 9

Նախագծի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, որ հետևողականորեն զարգացնում է իր հիմնած «Սաթէ-Աթղը» թատերական միության գաղափարը, այն է՝ միջմշակութային երկխոսությամբ հայ մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում և հակառակը, ֆրանսիական մշակույթինը՝ Հայաստանում, խոստովանում է, որ Փարաջանովին պարի լեզվով ներկայացնելու համարձակությունն իրենք վերցրել են հենց իրենից՝ Փարաջանովից, քանի որ նրա մասին խոսելիս երեք հիմնական գաղափարներ են առանձնանում՝ ազատություն, համարձակություն, երկխոսություն, որոնցից էլ ոգեշնչվել է ֆրանս-հայկական համագործակցային թիմը։

Nran guyny 8

Nran guyny 2

Սաթէ Խաչատրյանը համարում է, որ միջմշակութային երկխոսությունները ժողովուրդների միջև բարեկամություն ստեղծելու և ամրապնդելու լավագույն միջոցներից է։

Այսօր՝ մարտի տասնութին, տարբեր պարային մշակույթների, տարբեր երաժշտական ոճերի միաձուլմամբ այս ներկայացումը մատուցվելու է նաև վրացի հանդիսատեսի դատին Թբիլիսիում՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում։

Հասմիկ Հակոբյան

[1]https://cultural.am/hy/norutyunner/harcazruyc/4166-parajanovi-100-amyakin-nvirvac-nran-guyny-parayin-nerkayacumy-hayastanum-ev-fransiayum?fbclid=IwAR11OKExaqnQ6a_m4FIhpX8FxE4NzdezjDUtDKZgMm3FwO6LmSSWkPOj3bY

  • Created on .
  • Hits: 383

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: