«Արմեն Գուլակյանը թատրոն կառուցող էր». Հենրիկ Հովհաննիսյան

Օրերս Գրականության և արվեստի թանգարանում բացվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ և թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Այստեղ ներկայացված են Վարպետի գործունեությունը ներկայացնող արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, բեմադրությունների զգեստների էսքիզներ, պիեսների, ինքնագրերի օրինակներ, նամակներ և այլ արժեքավոր նյութեր:

Armen Gulakyan 2

«Պատահական չէ, որ Գուլակյանին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Գրականության և արվեստի թանգարանում, որովհետև շատ աշխատություններ գրվել են այս թանգարանում պահվող նյութերի, ուշագրավ ռեժիսորական օրինակների, լուսանկարների, այլ փաստաթղթերի հիման վրա»,- իր խոսքում նշեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը: «Արմեն Գուլակյանը ոչ միայն 20-րդ դարի թատերարվեստի մեր նշանավոր ռեժիսորներից է, այլև թատերական գործիչ, թատերական հայտնի մանկավարժ: Նա ազգային բեմարվեստի զարգացման գործում իր մեծագույն ներդրումն ունի՝ և՛ դրամատիկանան արվեստում, և՛օպերային թատրոնում»:

Armen Gulakyan 6

Նշենք, որ Գուլակյանը Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում ունեցել է թատերական բազմաթիվ բեմադրություններ՝«Խաթաբալա», «Պեպո», «Մակբեթ», «Մեծապատիվ մուրացկաններ», «Կենդանի դիակ» և տասնյակ այլ գրողների ստեղծագործությունների վրա հիմնված գործեր: «Հ.Թումանյանի «Անուշ» պոեմի  լավագույն բեմադրությունները հենց Արմեն Գուլակյանինն են եղել, որին անդրադարձել է երեք անգամ»,- նկատում է Գոռ Վանյանը: 

Armen Gulakyan 5

 Նա կյանքի է կոչել նաև օպերային մի շարք բեմադրություններ՝ «Օթելլո», «Կարմեն», «Դավիթ Բեկ», «Լուսաբացին», «Արշակ Բ» և այլն:

 Գուցե քչերը գիտեն, բայց նա եղել է նաև գրչի մարդ, պիեսների հեղինակ, ինչպիսիք են «Գանձ», «Ցասում»…:

Armen Gulakyan 1

Գոռ Վանյանը Արմեն Գուլակյանի ստեղծագործական կյանքին և արվեստին նվիրված գիրք ունի: Նա ներկաներին պատմեց, որ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանից  է լսել մի շատ հետաքրքիր նախադասություն, ինչը մեկնարկային է եղել իր ուսումնասիրության համար: «Ասաց՝ Արմեն Գուլակյանը մեր կուրսը վարում էր ինչպես մի փոքրիկ թատերախումբ: Այս միտքը հետագայում բանալին դարձավ իմ ուսումնասիրության»:

Armen Gulakyan 4

Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, որը անձամբ շփվել է Գուլակյանի հետ, ինչպես նաև վերը նշված ներկայացումներից շատերն անձամբ է տեսել:

«Իմ կյանքում ունեցել եմ երեք ուսուցիչ, որոնցից մեկը եղել է Արմեն Գուլակյանը»,- ասում է նա ու պատմում: «1952 թվականին Գուլակյանը բեմադրել էր «Դավիթ Բեկը» և դրա քննարկումն էր արվեստի աշխարհով մեկ: Ես դպրոցական էի, որն ուզում էր թատերական ինստիտուտ ընդունվել, արվեստի աշխատողների տան մշտական հաճախորդն էի և ուզում էի արվեստագետներին այնտեղ լսել: Եվ, ահա, քննարկվում էր «Դավիթ Բեկ» բեմադրությունը, և նա  չկա, չի եկել, ու բոլորը հարցնում էին՝ ինչու չի եկել: Հետագայում ես հասկացա, որ դրա կարիքն ինքը չուներ: Նա կարող էր կարծիք լսել բեմի բանվորից, ուսանողից, ենթադրենք՝ պրոֆեսոր Լևոն Քալանթարից, բայց քննարկումների կարծիք լսելը նրա համար լուրջ չէր»:

Armen Gulakyan 7

Ըստ Հենրիկ Հովհաննիսյանի՝ Գուլակյանը դերասանի աշխատանքը համարում էր մտավոր աշխատանք՝ կարևորելով, թե ինչ է մտածում դերասանը:

Բնութագրելով արտիստին՝ Հենրիկ Հովհաննիսյանն ասում է՝ խիստ մարդ էր, ով գիտեր սեփական խոսքի արժեքը, չափազանց պարտաճանաչ էր, սպանիչ հումոր ուներ: Եվ ի վերջո, Գուլակյանը թատրոն կառուցող էր: «Ես այն կարծիքին եմ, որ Աճեմյանն ավելի մեծ տաղանդ ուներ, քան Գուլակյանը, բայց նա թատրոնը կառուցում էր: Բոլոր բեմադրությունները երկու կազմ ունեին»:

Armen Gulakyan 3

Հենրիկ Հովհաննիսյանը Գուլակյանին նվիրված գրքույկներ, ժողովածուներ ունի, որոնցում պատմում է նրա մասին, մի մասն էլ հիշողության մեջ է: «Նրանից լսած ոչ մի բան չեմ գրել, բայց նրա ասած ոչ մի խոսքը չեմ մոռանում»,- ասում է: «Եթե ես թատերագիտության մեջ որևէ բան եմ արել կամ որևէ հետաքրքություն եմ առաջացրել, եթե իսկապես մի բան կա, ես ետ եմ նայում, նայում եմ Արմեն Գուլակյանի կողմը»:

Հատկանշական է, որ Գուլակյանի համար թատերական արվեստի հիմքը Կ. Ստանիսլավսկու ուսմունքն էր:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 480

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: