Գրահրատարակչություններն ամփոփում են տարին, ընթերցասերներն էլ հետևում «Գրապտույտին»

«Գրքի Երևանյան Փառատոն», «Newmag»-ի «Frankofest», «Ձմեռային Գրքի Փառատոն», «Մանկական գրքի Փառատոն», դասական և ժամանակակից հեղինակների մի շարք հրատարակություններ և վերահրատարակություններ, գրողների հետ հանդիպումներ և գրական քննարկումներ․ գրքասերների համար արդյունավետ ու ակտիվ 2023 թվականն այս անգամ ամփոփում են հայաստանյան գրահրատարակիչները։ Կիսվում են հրատարակչությունների նոր ծրագրերով, ամփոփում գրական տարին։

Ըստ «էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի՝ հրատարակչությունն արդյունավետ տարի է ունեցել, նոր հրատարակություններ են ունեցել։ Իսկ ինչպիսի՞ն էին վաճառքի արդյունքները, որոնք են եղել ամենավաճառված և պահանջված գործերը։

«Եթե վաճառքներին անդրադառնանք, ապա ասեմ, որ տարվա ընթացքում ամենապահանջվածը եղել են դետեկտիվ ժանրի գրքերը, առավելապես՝ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները։ Գրքեր հրատարակելուց բացի գրքաստեղծումով էինք զբաղված՝ նախատեսված տարբեր դասարանների համար։ Նշեմ, որ առաջիկայում լույս է տեսնելու «Սարգիս Զորավար» պատմավեպը, որով հիմք է դրվում պատմավեպերի հրատարակության շարքին։ Առաջիկայում լույս կտեսնի մինչև 10 պատմավեպ։ Շարունակվելու է համալրվել պատանիների համար նախատեսված արկածային գրականության շարքը։ Այս տարի «էդիթ պրինտ»-ը սկսում է գիտաֆանտաստիկ գրականության շարք, որը կսկսվի Հերբերտ Ուելսի վեպի թարգմանությունով»,- ասում է Դ.Սամվելյանը։

2023 թվականին շուրջ մի քանի 100 գիրք է հրատարակել «Անտարես մեդիա հոլդինգ»-ը։

«Մեծ թվով գրքեր են լույս տեսել, կատարվել են թարգմանություններ, ներկայացվել է համաշխարհային գրականության ներկապնակը, շարունակել ենք հայ հեղինակներին առաջ մղելու, նրանց հանրությանը ներկայացնելու մեր առաքելությունը։ Եթե անդրադառնամ պահանջված գրքերին, ապա պետք է նշեմ, որ հայ ժամանակակից գրողներից Հովիկ Աֆյանը շարունակում է մնալ բեսթսելլերների հեղինակ։ Ունենք բեսթսելլերի հեղինակներ՝ Գուրգեն Խանջյանը, Գրիգը։ Շարունակում ենք հրատարակել նոբելյան մրցանակ ստացած հեղինակների ստեղծագործությունները։ Օտարագիր գրողներից շարունակում է մեծ հետարքրքություն ձևավորել Պաուլո Կոելիոն»,- ասում է «Անտարես մեդիա հոլդինգ»-ի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը։

Ընթերցասերները հնարավորություն կունենան նաև նոր անակնկալների հետևել՝ Միչ Էլբոմի «Օտարը փրկանավակում», Ջոն Ըրվինի «Աշխարհն ըստ Գարփի», Եղիշե Չարենց-հատոր երկու, հատոր երեք, Ջենիֆեր Իգանի, «Ժամանակը անողոք է», Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» ստեղծագործությունների տեսքով։ Իսկ ահա «Բուկինիստ»-ը տարվա ընթացքում համալրել է մանկական հանրագիտարանների շարքը։ Սակայն ինչպես նշում է Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ քաղաքական վիճակը, ներքին ցնցումները, առցանց խանութների գրաշուկա մտնելն էլ իրենց հերթին նպաստել են վաճառքի ցածր մակարդակին։

«Ոլորտի աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայել, սակայն այսպիսի արդյունք ունենք։ Բացերը դիտարկելով՝ նոր ծրագրերով ու մոտեցումներով առաջ ենք շարժվում։ Ակնկալում ենք, որ 2024-ին լավ արդյունքներ կունենանք։ Ասեմ, որ դրան մեծապես նպաստում են ակցիաները, փառատոնները, Գիրք նվիրելու օրը։ Այդ օրը մենք մի քանի անգամ շատ վաճառք ենք ունենում, քան նախորդ շաբաթներին»,- ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

40 անուն գիրք, իսկ գործունեության 5 տարվա ընթացքում՝ ավելի քան 140 անուն գործ է հրատարակել Newmag հրատարակչությունը։ Դրանց թվում են թարգմանություններ, համաշխարհային բեսթսելլերներ, գիտական աշխատություններ։ Ինչպես նկատեց Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, 2023-ին հայ ընթերցողը նախընտրել է կարդալ դետեկտիվներ, Ազնավուրի գրքերը, հայագիտական, քաղաքագիտական աշխատությունները։

«Մենք փորձել ենք պահպանել մեր տեմպը, ռիթմը, թևաթափ չպետք է լինենք։ Անցյալ տարի մեր բոլոր ավանդական ամառային, ձմեռային փառատոններն անցկացրել ենք։ Առաջին անգամ անցկացրինք ֆրանսիական գրքի փառատոն։ Այս տարի պատրաստվում ենք շաբաթը մեկ գիրք հրատարկել, մոտ 52 անուն գիրք։ Մեր մարկետինգային քաղաքականության առանձնահատկություններից է, որ բոլոր նոր գրքերի համար կազմակերպենք շնորհանդեսներ։ Կարծում ենք, որ գիրքը չպետք է մնա գրադարակում, դրա համար մենք ենք մոտենում ընթերցողին»,- ասաց Գ.Նալբանդյանը։

Իսկ «Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ պահանջված գրքերից են  եղել Խալեդ Հոսեյնիի վեպերը, Էլիզաբեթ Գիլբերթի գրքերը։ Առաջիկայում սպասվում են Ֆիլիպ Քոթլերի «Մարքեթինգ Այբ-ից Ֆե», Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը», Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի 6-րդ հատորը, Կազուո Իշիգուրոյի «Կլարան և արևը» գրքերը։

Գրքի տոնին ընդառաջ նաև մեկնարկում է Armenpress լրատվական գործակալության և գործընկեր հրատարակչությունների համատեղ հայտարարած մրցույթը՝ «Գրքապտույտը»։ Ընթերցասերների համար խաղարկվում են գրքեր։ Մրցույթի մասնակիցները նկարի օգնությամբ պետք է գուշակեն գրքի անվանումը։ Իսկ հաղթողները կընտրվեն հատուկ համակարգի միջոցով պատահական սկզբունքով։ Մրցույթին և պայմաններին կարող եք մասնակցել՝ հետևելով ստորև հղմանը։
Նախագծին մասնակցում են Բուկինիստը (Bookinist) , «Զանգակ» հրատարակչությունը (Zangak Publishing House), Newmag հրատարակչությունը, Antares Media Holding-ը, Էդիթ Պրինտ հրատարակչությունը (Edit Print Publishing House)։

Մրցույթին կարող եք մասնակցել՝ հետևելով հղմանը։

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0Pv3xKKUvJrhdKFCU3QVs5CC3uNfEJ2cPSuyYbHAoJdhvutYKAQmuex3x6UZYcX59l&id=100064825145251&mibextid=UyTHkb

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 418

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: