• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Սեր ու ցավ՝ նույն վայրում. Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հավերժի վավերագրություն․ Արցախ» ցուցահանդեսը

Սեր ու ցավ՝ նույն վայրում. Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Հավերժի վավերագրություն․ Արցախ» ցուցահանդեսը

«Սիրով արված լուսանկարներ, որոնց նայելիս ցավ ես ապրում»։ Առաջին տպավորությունը, որ այցելուն ստանում է «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները դիտելիս։

Հայաստանի պատմության թանգարանում բացված «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը, ժառանգություն, որն այսօր վտանգված է, ոչնչացման ու վերացման եզրին է, քանի որ այն Ադրբեջանի «ձեռքում է»։ Մրցույթը հայտարարել էր Հայաստանի պատմության թանգարանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում։

Haverji vaveragrutyun artsax 4

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ այս ցուցահանդեսը ծրագրված չէր, և մրցույթի ընթացքում է գաղափար առաջացել ցուցադրել ներկայացված լուսանկարները՝ ելնելով այն իրավիճակից, որ կա այսօր՝ Արցախի բռնազավթում, էթնիկ զտում։

«Կարծես ինչ-որ առումով պատմական նմանություններ առաջացան այն իրավիճակի հետ, երբ Վրույրներն էին աշխատում։ Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները, նաև Անիից կոթողներ։ Կարծես Վրույրների ժամանակը ինչ-որ ձևով կրկնվում է»,- նշեց նա։

Haverji vaveragrutyun artsax 8

«Հավերժի վավերագրություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն ևս մեկ անգամ ներկայացնել Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը՝ այցելուների ուշադրությունը սևեռելով դրա պահպանության հրատապության վրա, որոնք վերացման վտանգի առաջ են հայտնվել 2020 թ. 44-օրյա պատերազմից և 2023 թ. սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո։

Haverji vaveragrutyun artsax 6

«Ցուցահանդեսում ներկայացված մոտ 60 լուսանկարները պատմում են վտանգի տակ հայտնված մեր ժառանգության մասին, ժառանգություն, որը, հուսով եմ, կպահպանվի, չի արժանանա այն հուշարձանների ճակատագրին, որոնք, ցավոք, հիմա միայն ունենք Վրույրների լուսանկարների շնորհիվ։ Այս ցուցահանդեսը, կարծես, «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շարունակությունը լինի ու իր մեջ նաև մեսիջ ունի՝ արձանագրել ու տեր կանգնել մեր ժառանգությանը»,- ասաց Դ.Պողոսյանը։

Haverji vaveragrutyun artsax 7

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ցավով արձանագրեց, որ Արցախի հուշարձանների լուսանկարներին նայելիս մարդ ունենում է նույն ապրումները, էմոցիաները, ինչ Վրույրների լուսանկարներում արտացոլված մեր պատմական հայրենիքի հուշարձաններին նայելիս։

«Թող այլևս մեր պատմական հուշարձանները լուսանկարելը լինի միայն պատմությունը վավերացնելու տարբերակ, ոչ մի դեպքում չվերածվի մասունքների, որոնք ամփոփում են մեր հիշողությունները։ Լուսանկարը շատ կախարդական հատկանիշ ունի՝ հանդիպում ես քո անցյալին, քո պատմական անցյալին, կապ չունի՝ դու ապրել ես այդ անցյալում, թե ոչ, լուսանկարի միջոցով դու տեսնում ես քո պատմությունը»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը։

Haverji vaveragrutyun artsax 5

Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն ասաց, որ ներկայացված լուսանկարներում կա մեծ սեր ու մեծ ցավ։

Ցուցահանդեսի բացմանը մրցանակներ շնորհվեցին «Լավագույն գեղարվեստական լուսանկարչություն» ու «Լավագույն վավերագրական լուսանկարչություն» անվանակարգերում։ Մրցանակակիրների թվում ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված լուսանկարիչների աշխատանքներ են։

Haverji vaveragrutyun artsax 3

Հատուկ մրցանակի արժանացավ Արցախից Մարիա Մինասյանը։ Նա լուսանկարել էր Ստեփան Շահումյանի արձանը։ Մարինե Հարոյանն ասաց, որ իր առաջարկով է ընտրվել հատուկ մրցանակի արժանացած լուսանկարը. «Լուսանկարների մեծ մասը գեղարվեստական լուսանկարներ են, ես փնտրում էի վավերագրություն ու հանկարծ տեսա Շահումյանի արձանը։ Բացի այդ, մենք ավելի ուշադիր ենք մեր անցյալի, միջնադարի, քան մեր օրերում ստեղծված հուշարձանների նկատմամբ։ Շատ ուրախացա, որ մեկը ֆիքսել էր Ստեփան Շահումյանի արձանը։ Ցավոք, հենց այդ օրերին Արցախում Ստեփան Շահումյանի արձանը վանդալիզմի էր ենթարկվել։ Որոշեցի, որ հատուկ մրցանակ պետք է տանք այն անձին, ով ֆիքսել է այդ արձանը», - ասաց նա։

Haverji vaveragrutyun artsax 2

«Լավագույն գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգերում մրցանակի արժանացավ նաև լուսանկարիչ Լիլիան Գալստյանը։ Նա ներկայացրել է «Մենք ենք մեր սարերը» լուսանկարը։

«Ընկերուհիներով սովորություն ունեինք տարվա մեջ պարտադիր մի քանի օր անցկացնել Արցախում։ Եթե նույնիսկ տարբեր երկրներ էինք գնում, օգոստոսի վերջին օրերին անպայման այցելում էինք Արցախ։ Գնացել էինք Տատիկ-պապիկ հուշարձանի մոտ։ Լուսանկարչական ապարատս մոտս էր։ Նկարեցի դեպի հուշարձան բարձրացող երիտասարդների, իսկ նրանց գլխավերևում արևն էր։ Նկարեցի, որովհետև շատ գեղեցիկ էր։ Իսկ հիմա, որ նայում եմ՝ երիտասարդներ, արև, կարծես հույս է արթնանում, որ մենք էլի մի օր այցելելու ենք Արցախ»,- ասաց Լիլիան Գալստյանը։

Մրցանանակիրների թվում է լուսանկարիչ Ավետիս Ավետիսյանը։ Նա ներկայացրել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, լուսանկարն արված է 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցու ռմբակոծությունից հետո։

«Մենք կորցրել ենք անգնահատելի մշակութային ժառանգություն»,- ասաց լուսանկարիչը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 538

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: