«Նիկոլայ Նիկողոսյան-105». վարպետի հոբելյանին նվիրված ցուցադրություն

«Նիկոլայ Նիկողոսյան-105» հոբելյանական ծրագրի շրջանակում դեկտեմբերի 2-ին «Ն. Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» բացվեց քանդակագործ, ԽՍՀՄ վաստակավոր նկարչին նվիրված  ցուցադրություն:

Հոբելյանական  ծրագրի շրջանակում, մինչ այս, տեղի են ունեցել տարաբնույթ միջոցառումներ, որի ընթացքում  հիմնադրամը համագործակցել է Առնո Բաբաջանյան համերգասրահի, «Նիկո» պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ:

Nikolay Nikoghosyan 2

Nikolay Nikoghosyan 3

Սա վարպետի 105-ամյակին նվիրված տարեվերջյան ամփոփիչ  ցուցադրությունն է, որը բաց կլինի երեք ամիս: Հիմնադրամի երկու ցուցասրահներում ամփոփվել են Մոսկվայի «Niko Art Gallery» պատկերասրահի կողմից տրամադրված  գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ, որոնք արվել են 1980-ականներից ի վեր:

«Ե՛վ էմոցիոնալ առումով, և՛ որպես արվեստագետի մոտեցում, այս դիմանկարները, հայացքները խորհրդանշում են ոչ միայն ժամանակահատված, այլև կարելի է ընկալել որպես մտածելու տեղիք տվող երևույթ. որտե՞ղ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Շատ հաճախ մենք ինքներս չենք առնչվում մեր և մեր  իրականության հետ, և կարծում եմ, որ այս շարքը թույլ կտա անել դա»,- ասաց «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը:

Nikolay Nikoghosyan 4

Nikoghayos Nikoghosyan 5

Նիկոլայ Նիկողոսյանը աշխատել է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, գրանիտ, փայտ, որոնցում պատկերել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, Կոմիտաս Վարդապետին, գրողներ Ավետիք Իսահակյանին, Միքայել Նալբանդյանին և այլոց: Միևնույն ժամանակ նրա ձեռամբ են ստեղծվել  Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի մոնումենտալ քանդակները,  որոնք տեղադրվել են Երևանում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը՝ Գյումրիում:

Nikolay Nikoghosyan 6

Nikolay Nikoghosyan 7

Սարգիս Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկողոսյան հիմնադրամի ստեղծումից ի վեր` արդեն հինգ տարի, Երևանում գտնվող քանդակները  պահպանվում են հիմնադրամի պահոցում,  որոնք պարբերաբար տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացվում են հանրությանը: Բայց հաշվի առնելով, որ նկարիչը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում և նրա թողած հսկայական ժառանգության զգալի մասը գտնվում է տեղի «Նիկո» պատկերասրահում` հիմնադրամը փորձում է 1-2 տարվա կտրվածքով այնտեղի աշխատանքները ևս բերել երևանյան ցուցասրահ ու ներկայացնել: Այս գործում մեծապես օգնում է  քանդակագործի  դուստր, Մոսկվայի «Նիկո»  պատկերասրահի տնօրեն Գայանե Նիկողոսյանը:  

Nikolay Nikoghosyan 8

Nikolay Nikoghosyan 9

Վարպետը կյանքից հեռացել է 99 տարեկան հասակում և մինչ այդ անընդհատ ստեղծագործել է: «Երբ նայում ես նրա թողած մշակութային ժառանգությանը, մտածում ես՝ նա երբևէ հանգստացե՞լ է, թե՞ ոչ: Կամ, գուցե, իր հանգիստը գտել է արվեստի մեջ՝ անընդհատ նկարելով, անընդհատ փնտրելով ու ստեղծագործելով»,- նկատում է Սարգիսը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ «Lillà» վոկալ քառյակը՝ ներկայացնելով հայ դասական և եվրոպական բարոկկո դարաշրջանի ստեղծագործությունները։ 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 407

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: