• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկն աշխարհի հեղինակավոր դահլիճներում արժանացել է հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականներին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկն աշխարհի հեղինակավոր դահլիճներում արժանացել է հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականներին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի միջազգային շրջագայությունը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ավարտվել է՝ հետևում թողնելով վեց անմոռանալի համերգներ Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում: Համերգներն արժանացել են ինչպես երաժշտաքննադատների, այնպես էլ ունկնդիրների բարձր գնահատականին:

Հյուրախաղերը նվիրված են եղել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամերիկյան կողմի առաջարկով, ծրագրում ընդգրկվել են նաև Ռախմանինովի ստեղծագործությունները՝ վերջինիս 150-ամյակի կապակցությամբ:

 Filharmonik hyuraxax 2

Նվագախումբը վեց համերգ է ունեցել աշխարհի կարևորագույն վեց դահլիճում։ Բոլոր համերգներին նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել ու հանդես եկել։

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ Արամ Խաչատրյանը ներկայացման կարիք չունի, բայց պետք է շատ ավելի հնչի. հնչեն մեծանուն կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները մեծանուն երաժիշտների կողմից։

 Filharmonik hyuraxax 3

Համերգները տեղի են ունեցել հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Մեգարոն» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի Քարնեգի հոլլում, նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի Ռոյ Թոմսոն հոլլում, նոյեմբերի 19-ին՝ Մոնրեալի սիմֆոնիկ երաժշտության համերգասրահում (La Maison Symphonique), նոյեմբերի 21-ին՝ Բոստոնի սիմֆոնիկ հոլլում: Ծրագրում ընդգրկված է եղել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 2-ը:

 Filharmonik hyuraxax 4

Համերգների մենակատարներն են եղել համաշխարհային մեծ համբավ ունեցող հայ երաժիշտներ՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը: Բոլոր համերգներն անցել են դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Էդուարդ Թոփչյանն ասել է՝ երաժշտական առումով աննախադեպ թիմով են բեմ դուրս եկել. Ֆիլհարմոնիկից բացի, աշխարհում հայտնի հայ երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանն ու Սերգեյ Բաբայանն են միացել իրենց։

 Filharmonik hyuraxax 5

Սերգեյ Խաչատրյանը խոստովանել է՝ ուրախությամբ է ընդունել առաջարկը. «Շատ զգացված եմ, ուրախ եմ, որ կարողացանք միասին ներկայացնել հայ կոմոպիզտոր Արամ Խաչատրյանին»։ Ինչպես Քարնեգի հոլլի համերգն, այնպես էլ մյուս համերգասրահներում,  Ֆիլհարմոնիկի համերգային ծրագիրն անցել է անդադար ծափերի ներքո։

Նոյեմբերի 21-ին Բոստոնի Սիմֆոնիկ հոլլում կայացած համերգը բարեգործական է եղել․ տոմսերից գոյացած հասույթը, որպես մարդասիրական օգնություն, ուղղվել է  Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի աջակցությանը:

«Գոնե բոլորս պետք է կարողանանք մեր չափով նեցուկ կանգնել իրենց հողը կորցրած, տները լքած հայրենակիցներին»,- ասել է Է. Թոփչյանը։

 Filharmonik hyuraxax 6

Շրջագայության բոլոր համերգների ընթացքում Ֆիլհարմոնիկ նվագախումբն անվանի մենակատարների հետ միասին ցուցադրել է կատարողական փայլուն մակարդակ, արժանացել հանդիսատեսի բուռն ու ջերմ ընդունելությանը։ Նաև արժանացել է  երաժշտաքննադատների դրական արձագանքներին։  

«Համերգի առաջին բաժնի խաչատրյանական երաժշտության կատարումից արդեն երևաց, որ նվագախումբն իրավամբ կարող է դասվել համաշխարհային կարգի այն անվանի նվագախմբերի շարքին, որոնք հանդես են գալիս Քարնեգի հոլլում»։ Նշվել է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկն արժանի կերպով է ներկայացրել իր ազգային երաժշտությունը, այն հանդես է գալիս նաև լայն երկացանկով և օրինակ՝ նվագում է Մոցարտ «այնպես, կարծես խոսում է հարազատ լեզվով» (Դեյիդ Պատրիկ Ստերնս, artsJournal, 16.11.2023):

 Filharmonik hyuraxax 7

Երաժշտաքննադատ Հարրի Ռոլնիկը, անդրադառնալով Սերգեյ Խաչատրյանի կատարմանը, նշել է. «Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը բարձրագույն հուզական լիցք է պարունակում: Սերգեյ Խաչատրյանը կարողացավ այդ էներգիան փոխանցել հանդիսատեսին: Նրա Գվարների դել Ջեզուի ձայնը հնչեղ էր, բայց ոչ ցուցադրական, և միշտ կենտրանացած» (ConcertNet, 15.11.2023):

Անդրադառնալով ֆենոմենալ դաշնակահար Սերգեյ Բաբայանի Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտի բոստոնյան կատարմանը՝ ասվում է, որ նրա տիրական, իշխող տեխնիկան և նուրբ երաժշտականությունը ցնցող էմոցիոնալ ազդեցություն է թողնում ունկնդրի վրա (Սյուզան Մայրոն, classical-scene.com, 25.11.2023):

 Filharmonik hyuraxax 8

Երաժշտաքննադատները նշում են նաև Ազգային ֆիլհարմոնիկի լարայինների շքեղ կազմի, փողայինների գերազանց մենանվագների և տավիղի չափազանց գեղեցիկ նվագակցության մասին: Ասվում է, որ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պատասխանատվության մեծ զգացումով է մոտենում յուրաքանչյուր ստեղծագործության մեկնաբանությանը, նա լիակատար կերպով վերահսկում է նվագախումբը և ունի ստեղծագործությունների երաժշտության կառույցի անսխալ ընկալում:

Էդուարդ Թոփչյանն էլ է խոստովանել՝ բոլոր համերգները շատ լավ են նվագել, բոլորը նվիրված էին ու շատ ուշադիր, պատասխանատու էին, ավելի քան լավ էին պատրաստված, ոչ մի սայթաքում չի եղել։

 Filharmonik hyuraxax 9

Cultural.am-ը զրուցել է  «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանի հետ։ Հարցին՝ սովորական մարդու աչքից հաճախ վրիպում է այն ահռելի աշխատանքը, որն արվում է կուլիսներում, ինչպիսի՞ կարևոր կետեր կառանձնացնեք այս մասշտաբային հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքների մասով, Նորայր Նազարյանը պատասխանել է. «Պատկերացրեք, տասը օրվա մեջ վեց համերգ ենք ունեցել Եվրոպա և Ամերիկա մայրցամաքների տարբեր քաղաքների ամենահեղինակավոր համերգասրահներում, շրջագայությանը մասնակցել ենք մոտ 95 հոգանոց կազմով՝ նվագախումբ և նվագախմբի ադմինիստրցիայի աշխատակիցներ, Հայաստանից դուրս մեզ միացան նաև շրջագայության պրոմոտորները: Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները հնարավոր չէ նկարագրել, միայն այդքան մարդու համար Հայաստանում միաժամանակ կազմակերպել երեք երկրների աշխատանքային վիզաների տրամադրման գործընթացը, արդեն բավականին աշխատատար պրոցես է, ավիատոմսեր, թռիչքներ, հյուրանոցներ, փորձեր, բուն համերգները, տեղում տեղաշարժվելու լոգիստիկ խնդիրներ, և խոսքը ոչ միայն մարդկանց տեղաշարժի մասին է, այլ նաև գործիքների: Այդ ամենն արել ենք մեր ադմինիստրատիվ շատ համեստ կազմով, շնորհակալ եմ յուրաքանչյուրին իր անձնուրաց աշխատանքի համար:

 Filharmonik hyuraxax 10

Իհարկե, ամեն ինչ արվում է վերջնական գեղարվեստական արդյունքի՝ համերգի համար: Պիտի նշեմ, որ ի պատիվ մեր նվագախմբի և մաեստրո Թոփչյանի, համերգների ու տեղաշարժի նման խիտ գրաֆիկի պայմաններում, համերգներն անցել են բարձր մակարդակով, բոլոր համերգներին երաժիշտները նվագել են՝ ներդնելով իրենց ողջ ուժերը, զգացմունքներն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչի համար նվագախումբն արժանացել է հանդիսատեսի ու երաժշտաքննադատների բարձր գնահատականներին»:

Filharmonik hyuraxax 11

Առաջիկայում Ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնելու է նոր համեգաշարի՝ նախ Իտալիա, ապա Չինաստան, որը կավարտվի 2024 թվականի հունվարի 2-ին։

 

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 434

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: