• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Վերակենդանացնելով հայկական երաժշտական ժառանգության քիչ կատարված կամ երբևէ չկատարված նմուշները. լույս է տեսել «Հավկունք» ալբոմը

Վերակենդանացնելով հայկական երաժշտական ժառանգության քիչ կատարված կամ երբևէ չկատարված նմուշները. լույս է տեսել «Հավկունք» ալբոմը

Նոյեմբերի 23-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Կայթ» նվագախմբի «Հավկունք» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: Ալբոմի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020 թվականին, բայց երկրում տիրող արհավիրքների պատճառով վերջինիս լույս ընծայումը հետաձգվում էր, և ահա, այն արդեն իրականություն է:

Ձայնասկավառակի շնորհանդեսը մեկնարկեց «Սասնա ծռեր» էպոսից մի քանի նմուշների կատարմամբ, որի երկու տարբեր պերսոնաժներում հանդես եկան Սևադա Համբարչյանն ու Արամ Մովսիսյանը:

Kayt 1

Kayt 2

Նշենք, որ «Կայթ» նվագախումբը հիմնադրել են Կորյուն և Գրիգոր Դավթյանները՝ նպատակ ունենալով  շրջանառության մեջ դնել հայկական երաժշտական ժառանգության այն նմուշները, որոնք շատ քիչ են կատարվել կամ ընդհանրապես չեն կատարվել:

«Ժառանգած ունենք 50-60 հազար նմուշ երգ, մեղեդի  ու նպատակ դրեցինք, որ դրանց միջից դուրս բերվեն այն երգերը, որոնք հայտնի չեն հանրությանը, դրանք մշակենք և կատարենք: Այս տարիների ընթացքում կուտակվեց 30-40 այդպիսի երգ, որոնցից ընտրել ենք մեզ համար ամենասիրելի  9-ը («Հավկունք վըր ծովուն», «Թագապար», «Լուսնակ», «Ցորեն եմ ցանիլ», «Բաղի պատը», «Մարո և ռընդ հարե», «Կըռունկ, ուստե՞ն կուգաս», «Ետ ու առաջ», «Համբարձման երգ»), որոնք էլ տեղ գտան «Հավկունք» ալբոմում»,- Cultural.am-ի հետ զրույցում մանրամասնեց «Կայթ» նվագախմբի համահիմնադիր, մեներգիչ Կորյուն Դավթյանը:

Kayt 3

Kayt 4

Ընդգծենք, որ «Կայթ» նվագախումբը «Կայթ» մշակութային հանգույցի գործունեության ճյուղերից մեկն է, որը հիմնադրվել է 2017 թվականին: Իսկ «Կայթ» մշակութային հանգույցը ձևավորվել է 2014 թվականին՝ որպես ազգային երգ ու պարի խումբ: Ինչպես ասում է «Կայթ» մշակութային հանգույցի ծրագրերի ղեկավար Անի Մարտիրոսյանը՝ սրանով է պայմանավորված «կայթ» անվանումը, որը գրաբարով նշանակում է «ցնծության պար»: Տարիների ընթացքում այն ընդլայնել է գործունեության շրջանակը`իրականացնելով մշակութային, կրթական, կոմերցիոն ծրագրեր: 

Երաժշտական նոր մշակումների ճանապարհին ուսումնասիրվում են գրավոր տարբեր աղբյուրներ:

Kayt 5

Kayt 6

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Գիտությունների ազգային ակադեմիայի արխիվում պահպանվում են այն ձայնագրությունները, որոնք բանահավաքներից են եկել: Մինչև վերջերս ամեն տարի դրանք հրատարակվում էին հատորներով: Այսինքն՝ բանահավաքչական աշխատանք կատարող թիմը սկսում էր ձայնագրություններից նոտագրության անցկացնել, տեսակավորել ըստ ժանրի կամ տարածաշրջանի, և այդպես թողարկված մոտ 30 հատոր կա: Կան նաև մինչ այս թողարկված բազմաթիվ այլ հատորներ, որոնցից են բանահավաք Միհրան Թումաճյանի աշխատությունները, Կոմիտասի բանահավաքչական նյութերը… Դրանցից ընտրում ենք երգեր, որոնք մեզ համար կարող են դառնալ մշակման նյութ, հետո կատարում ենք ընտրություն՝ արդեն ընտրվածների մեջ, և սկսում ենք գործիքավորել, որոնք, ըստ էության, ավելի մոտ են Classic Folk-Folk Fusion ժանրին (այսինքն՝ երաժշտական որևէ գործիքով կատարմանը միախառնվում է նոր գործիք կամ սինթեզվում է այլ ժանրի հետ): Մեր պարագայում շատ մոտ ենք դասականին,  բայց քանի որ «դրամսեթ», «բաս կիթառ» ենք օգտագործում, մի քիչ մոտենում է «Folk Fusion»-ին: Այսկերպ 9 հոգանոց նվագախումբն  օգտագործում է հայկական փողային գործիքների ամբողջ սպեկտրը՝ զուռնա, պկու, շվի, բլուլ, պարկապզուկ, ինչպես նաև լարային՝քանոն, հարվածային՝ դհոլ, հայկական դափ, դրամսեթ՝ ուղեկցված  վոկալով:

Kayt 7

Kayt 8

««Հավկունք»-ը նվագախմբի 3-րդ ալբոմն է, որում ներառված են տարբեր ժանրերի երգեր՝ պարերգեր, քնարական ու հարսանեկան երգեր»,- ասում է Անի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ երգերի զգալի մասը հայտնի են առավելապես մասնագիտական շրջանակներին, ուստի ազգային երաժշտությունը նորովի հանրահռչակելու, երիտասարդներին ընկալելի դարձնելու համար նոր լուծումներով են ներկայացնում դրանք՝ ազգային նվագարաններից բացի օգտագործելով նաև այլ գործիքներ, ինչպես օրինակ՝ բաս կիթառ:

Առաջիկայում նոր ծրագրերի իրագործումն է, որոնցից մեկը «Հազարերգ» նախագիծն է, մյուսը՝ «Սասնա ծռեր» էպոսի երգերի հիման վրա երաժշտական ներկայացում պատրաստելը:

Ալբոմը հասանելի է «Patreon» հարթակում:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 700

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: