Ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է «Սահմանագծային զարդանախշեր» ցուցահանդեսը

Ժողովրդական արվեստների թանգարանում բացվեց «Սահմանագծային զարդանախշեր» խմբային ցուցահանդեսը։ Այն միավորում է միջազգային ժամանակակից արվեստագետների, որոնք աշխատում են տարբեր ավանդական նյութերի՝ մասնավորապես տեքստիլի հետ: Թանգարանը հյուրընկալել է ժամանակակից արվեստագետների։ Նոր ոճով ու հայեցակարգով հանդես գալը յուրօրինակ փորձառություն և կարծեք թե պատասխան է ժամանակակից մարտահրավերներին։ Մասնակցում են հայ և այլազգի տարբեր ստեղծագործողներ։ Ստեղծագործական դաշտն էլ, իհարկե, բազմազան է՝ կտավներից, ժանյակներից մինչև գորգեր։

Sahmanagcayin zardanaxsher 2

Sahmanagcayin zardanaxsher 3

«Որոշեցինք, որ հետաքրքիր կլինի ավանդական մշակութային օջախում փորձել բերել մոդեռն արվեստ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է տեքստիլն իր կյանքը գտնում ժամանակակից արվեստագետների աշխատանքներում։ Բավականին հետաքրքիր փորձառություն ստացվեց։ Ցուցահանդեսը ներառում է տարբեր արվեստագետների աշխատանքներ և նաև թանգարանային նմուշներ։ Նաև մեր նկարիչների հավաքածուից աշխատանք կա ցուցադրված։ Հուսով եմ, որ այն մարդիկ, որոնք այս օրերին կգան թանգարան՝ այլ կերպ կընկալեն թանգարանային ցուցանմուշները։ Շատ ուրախ եմ համադրողների հետ համագործակցության համար։ Նաև արվեստագետներն են շատ հետաքրքիր իրենք իրենցով և աշխատանքներով առհասարակ բովանդակություն ունեցող մարդիկ են։ Հուսով եմ, որ հետաքրքիր ցուցահանդես այն կդառնա»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։

Sahmanagcayin zardanaxsher 4

Sahmanagcayin zardanaxsher 5

Ցուցահանդեսի համադրողներն են Իրենա Պոպիաշվիլին և Արաքս Սահակյանը։ Արվեստագետ Արաքս Սահակյանը ծնվել է Հայաստանում, այժմ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Տարբեր շփումների արդյունքում վաղուց էր մտածում նման ցուցահանդեսի մասին և վերջապես կյանքի է կոչել Հայաստանում։

«Այս ցուցահանդեսը ներկայացնում ենք Իրինա Պոպիաշվիլիի հետ միասին։ Ես շատ եմ սիրում աշխատել գորգերով և տեքստիլով։ Այս ցուցահանդեսում համագործակցել ենք տարբեր արվեստագետների հետ։ Օրինակ` արգենտինացի արտիստ Օլիվիայի աշխատանքը կարող ենք ուսումնասիրել։ Նա ներկայացնում է հետաքրքիր խորհրդանշական աշխատանք՝ «Նկարչությունը որպես զգեստ»։ Կամ բելգիացի արվեստագետի աշխատանքը, որի հետ ծանոթացել ենք հենց Բելգիայում։ Ունենք նաև թանգարանի հավաքածուից աշխատանքներ՝ երկու ժանյակները և գորգը։ Դրանք ցուցադրելը մեզ համար շատ կարևոր է հենց մեր սահմանագծային զարդանախշերի կոնցեպտն արտահայտելու համար»,- ասում է համադրողը։

Sahmanagcayin zardanaxsher 7

Sahmanagcayin zardanaxsher 8

Արաքս Սահակյանն ասում է, որ ընտրել են սահմանագծային որակումը, քանի որ արվեստագետներն օգտագործում են հին զարդանախշեր, բայց տալիս ուրիշ, ժամանակակից մեկնաբանություն։

«Ցուցադրվում է նաև «Որդան կարմիր» գորգը։ Հեղինակն ենք ես և Ռեբեկա Թոփակյանը։ Նրա հետ 2020 թվականի պատերզմի ընթացքում ենք հեռավար ծանոթացել։ Նա Ֆրանսիայում ունեցել էր լուսանկարների հավաքածու արցախյան թեմաներով։ Նա կատարել էր շատ դաժան նկարներ, և մենք այդ նկարները տրանսֆորմացրել ենք գլիչ տեխնիկայով ու դարձրել ենք աբստրակտ աշխատանք։ Գործելով, տրասնֆորմացնելով մենք փորձել ենք դուրս հանել այդ դաժանությունը և հանդարտվել։ Ունենք նաև ֆոնդերից գորգ կտրված, և դա էլ կտրված, ընդհատված պատմության սիմվոլը կարծես լինի։ Դրանով մենք ինքներս նորը ստեղծելու, իմանալու խնդիրը պետք է կատարենք»,- պատմում է արվեստագետը։

Sahmanagcayin zardanaxsher 10

Sahmanagcayin zardanaxsher 9

Ցուցահանդեսում տեղ է գտել ահա օրինակ «Թագավորական դամբարան» անունը կրող ցուցանմուշը։ Բելգիայի դրոշի գույներով եռագույն ժապավենով հյուսված գանգերի ինստալյացիայի միջոցով Օլիվիե Ռեմանը մեզ ներկայացնում է դրվագներ իր երկրի պատմությունից։ Այն հիշեցնում է գերեզմաններ, կատակոմբներ, որտեղ կուտակվում են մարդկային գանգեր։ Հելունագործ գանգերի իր օրինակով հեղինակն այս կերպ՝ իրար վրա դրանք կուտակելով ներկայացնում է ազգային, միջազգային ողբերգական իրադարձությունների ծանր հետևանքներն ու ազդեցությունը։
Ցուցահանդեսում իրար են միանում աշխարհագրական տարբեր կոորդինատները։ Ուզբեկական մեկ նմուշ էլ ներկայացնում է Դիլարա Կաիպովան։ Ձեռագործ իկատ ստեղծելու նպատակով՝ Կաիպովան համագործակցում է Ուզբեկստանի «Ֆերգանա» պատկերասրահի ազգային վարպետների հետ։ Ֆրիզը ցուցադրում է ուզբեկական ինտերիերի ավանդական ձևավորում՝ Դարթ Վեյդերի ժողովրդական մշակույթի կերպարի հավելումով։ Արվեստի գործն էլ ավել տպավորիչ ու շքեղ է դառնում ձեռագործ ժանյակի շնորհիվ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 429

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: