Մաշտոցյան Մատենադարանում բացվել է «Ղուկաս Չուբարյան 100» ցուցահանդեսը
Շատերին է հայտնի Մատենադարանի հարակից հրապարակում տեղադրված 5,6մ բարձրություն ունեցող հուշարձանը, որը կառուցված է բազալտից։ Այն ներկայացնում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ` պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Նշանավոր այս և մի շարք այլ հուշարձանների հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանն է։
2023 թվականին պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Հոբելյանական տարին հարուստ է մի շարք առիթներով։ Դրանից մեկն այս օրերին ընթանում է Մաշտոցյան Մատենադարանում։ Կառույցի նշանավոր քանդակաշարի հեղինակի ստեղծագործությունների բացառիկ ցուցադրությանը ներկայացված են բացառիկ նմուշներ։ Դրանցում առանձնակի տեղ են գրավում նշանավոր հայ գործիչների դիմաքանդակները։
Մաշտոցյան Մատենադարանում բացված բացառիկ ցուցադրությունում ներկայացված են Ղուկաս Չուբարյանի 30 քանդակները։ Դրանց թվում կան նաև քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից: Քանդակագործի ստեղծագործական ուղու մասին հուշեր է պատմում դուստրը՝ Անուշ Չուբարյանը։
«Հայրս շատ խստապահանջ էր և միաժամանակ թեթև բնավորություն ուներ, որը համադրում էր։ Ես վախենում էի հայրիկին իմ աշխատանքները ցույց տալուց։ Այդ պատճառով, ես նկարում էի, տանում ցուցահանդեսի, ապա կանչում հայրիկին։ Բայց եթե ես իսկզբանե հայրիկին ցույց տայի իմ աշխատանքները, ապա ես այդ աշխատանքները չէի վերջացնի։ Հայրս սեփական գործերի վրա չէր ստորագրում, սիրում էր անընդհատ նորը փնտրել»,- ասում է քանդակագործի դուստրը Անուշ Չուբարյանը։
Չուբարյանը կերտել է բազմաթիվ դիմաքանդակներ, արձաններ, մոնումենտալ կոթողներ: Կոթողներից նշանավոր են Մատենադարանի խորհրդանիշներ «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն», «Մխիթար Գոշ» արձանները: Այժմ ցուվահանդեսում կան մի շարք վերականգնված քանդակներ։
«Մի շարք ստեղծագործություններ մենք բառացիորեն այն աշխարհից ենք բերել, ջարդոնից գտել ենք հատվածները և վերականգնել ենք։ Ես շատ ուրախ եմ, որ դրանք նորից գոյություն ունեն։ Հայաստանում, դժբախտաբար, դրանք փոքրաթիվ են, լինելով խորհրդային ակադեմիկոս` նրա աշխատանքները հիմնականում Մոսկվայում էին պահվում»,- պատմում է դուստրը։
Չուբարյանը դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի հեղինակ է։ Նշանավոր են «Անահիտ» (1952 թ.), «Մ. Ս. Սարյան» (1967 թ.), «Կոմիտաս» (1977 թ.) դիմաքանդակները։ Դրանց կողքին են դիմաքանդակային և ֆիգուրատիվ հուշարձանները՝ «Ե. Չարենց» (1957 թ.), «Ա. Սպենդիարյան», (1957 թ.), «Հ. Թումանյան» (1969 թ.)։ Քանդակագործը 1960–80-ական թթ. ստեղծել է Մովսես Խորենացու, Ֆրիկի, Անանիա Շիրակացու, Թորոս Ռոսլինի քանդակաշարը։ ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր է (2003 թ.)։
Ղուկաս Չուբարյանի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։ Այս ամենի հետ մեկտեղ քանդակագործն աչքի է ընկել խստապահանջ ու համեստ բնավորությամբ։
«Հայրս անխնա էր իր սեփական աշխատանքների նկատմամբ։ Երբ ստեղծագործում էր, իր աշխատանքներով հիանալու բնավորություն չուներ և իրեն առանձնապես հետաքրքիր չէր, որ իր աշխատանքները կդառնան մշակութային արժեք, մասունք։ Դա իր առօրյա կյանքն էր, հարյուր անգամ կարող էր քանդակել, քանդել, ջարդել»,- հավելեց Անուշ Չուբարյանը։
Ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 822