«Երազանքն իրականություն է դառնում». Երևանում հանդես կգա փարիզյան Օդեոն թատրոնը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվում է Երևանյան միջազգային թատերական փառատոն։ Մեկնարկը տրվել է նախօրեին, իսկ ահա հոկտեմբերի 22-ին  փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա փարիզյան Օդեոն-Եվրոպայի թատրոնը «Ուրախության օրեր» ներկայացմամբ։

«Անհասանելի երազանք», որն իրականություն է դարձել։ Կազմակերպիչները դժվարությամբ են հավատացել, որ փարիզյան, եվրոպական առաջատար թատրոն կարող են հյուընկալել անմիջապես առաջին փառատոնին։

taterakan paraton 2

«Իհարկե, մեզ համար երազանք էր, մի փոքր նույնիսկ  անհասանելի՝ փարիզյան, ընդհանրապես եվրոպական առաջատար թատրոն հրավիրել անմիջապես առաջին փառատոնին։ Սա պատմական իրադարձություն է, պատմություն հայ թատրոնի համար և սրանով շատ հարուստ մի էջ ենք բացում»,- ասուլիսում ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Նա համոզված է, որ պետք է բացել դռներն աշխարհի լավագույն ռեժիսորների առաջ, փորձել նրանց բերել  Հայաստան, ավելի մոտիկից ծանոթանալ այդ մտածողությանը, աշխատել նրանց հետ։

«Ինչո՞ւ հենց ֆրանսիական թատրոնի հետ։ Քանի որ հայկական պրոֆեսիոնալ թատրոնն  իր պրոֆեսիոնալ սկզբնավորման ընթացքում իսկ ունեցել է մեծ ազդեցություն ֆրանսիական թատերական համակարգից։  Այս շփումները միայն հարստացնում են թե մեզ, թե ֆրանսիացիներին, այսինքն՝ մենք հավասար գործընկերության սկզբունքով ենք շփվում և հարստանում ենք իրարով»,- ասաց Վ.Մկրտչյանը։

taterakan paraton 3

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն իր խոսքում նույնպես նշեց, որ երազանքն իրականություն է դառնում. մեկուկես տարվա քննարկումներից հետո փարիզյան առաջատար Օդեոն-Եվրոպայի թատրոնը մասնակցելու է Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնին՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով «Ուրախության օրեր» ներկայացումը, որի  բեմադրիչն է հայտնի թատերական ռեժիսոր և բեմադրիչ, թատրոնի տնօրեն  Ստեֆան Բրոնշվեյգը։

«Սա Երևանի,  Հայաստանի համար կարևոր իրադարձություն է. առաջին փառատոն և առաջին անգամ Ֆրանսիայի, Եվրոպայի շատ հայտնի թատրոնը գալիս է Հայաստան՝ ցուցադրելու իր նոր ներկայացումը»,- նշեց նա։

Այս բացառիկ նախագիծը ծնվել է 2022 թ. Ստեֆան Բրոնշվեյգի Երևան կատարած այցի արդյունքում՝ Երկլեզու դրամատիկական արվեստանոցի շրջանակներում, որը տարեկան թույլ է տալիս շուրջ 20 հայ երիտասարդ դերասանների ֆրանսերենով դասընթացներ ու վարպետության դասեր անցնել Ֆրանսիայից և այլ ֆրանկոֆոն երկրներից ժամանած դերասանների ու ռեժիսորների ղեկավարությամբ։

taterakan paraton 4

Օդեոն-Եվրոպայի թատրոնը Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկն է, որը հայտնի է իր բազմազան ու բարձրորակ ծրագրով։  Ստեֆան Բրոնշվեյգի ղեկավարությամբ Օդեոն թատրոնը թատերական ասպարեզի հիմնասյուներից մեկն է Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս։

Ստեֆան Բրոնշվեյգը թատրոնի և օպերային համաշխարհային առաջատար ռեժիսորներից մեկն է։ Նա ղեկավարել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ թատրոններն ու իր ստեղծագործական ներուժը ներդրել տարբեր ստեղծագործություններում՝ դասականից մինչև ժամանակակից։ Նա նաև տաղանդավոր բեմադրիչ է և դրամատիկական տեքստերի հմուտ թարգմանիչ։

«Ուրախության օրեր» ներկայացումը հայտնի ժամանակակից դրամատուրգ Առնե Լյուգրեի պիեսի հիման վրա ստեղծված թատերական մի փորձ է՝ տոգորված հուզական ու նրբագեղ բազում ակնթարթներով, Ստեֆան Բրոնշվեյգի փայլուն ու հղկված մատուցմամբ։ Այս ստեղծագործությունը հույսի մի շող է երբեմն մռայլ ու տխուր աշխարհում, որտեղ երկյուղների հիմքում մարդկային հարաբերություններն են։

Առաջիկա օրերին Հայաստան կգա նաև Ստեֆան Բրոնշվեյգը։ Իսկ մինչ այդ ասուլիսում ներկայացվեց նրա տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ ներկայացման վերնագիրը կարող է մի փոքր պարադոքսալ թվալ. շուրջբոլորը ողբեգություններ են, սուգ, անհետ կորած մարդիկ, և այս ներկայացումը հենց դժվարությունները հաղթահարելու մասին է։

«Մեր կյանքի անկայունությունների, մարդկային հարաբերությունների մասին է։ Հուսով եմ, որ այն մեծապես կհուզի հայ հանդիսատեսին»,- ասաց ռեժիսորը։

taterakan paraton 5

Վարդան Մկրտչյանը, ասուլիսում ընթացքում խոսելով Երևանյան միջազգային թատերական փառատոնի մասին, կարևորեց այն հանգամանքը, որ հայկական թատրոնի միջազգայնացման այս ծավալն իրականացվում է պետական ինստիտուտի, պետական թատրոնի հիմքի վրա։

«Ինձ համար մշտապես երազանք է եղել, որպեսզի պետական ինստիտուտը ստանձնի այդ կարևոր գործը։ Եթե մենք երազում ենք թատրոնի միջազգայնացման մասին, որևէ կերպ կախված չլինենք անհատներից կամ որևէ կազմակերպությունից։

Լինելով փառատոնի հիմնադիր նախագահը՝ շատ լավ հասկանում եմ, որ տարիներ անց այն այլ մարդիկ են շարունակելու, բայց դա Հայաստանի թատրոնի զարգացման ու լուրջ ձեռքբերումների երաշխիքն է՝ հիմնված ազգային թատրոնի վրա»,- ասաց Վարդան Մկրտչյանը։

Նշենք, որ Երևանյան միջազգային թատերական փառատոնը հյուրընկալում է թատրոններ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից։ Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 557

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: