«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը

«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը։ Փառատոնի բացման արարողությանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման նախ հայերենով իր խորին ցավակցությունները հայտնեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքով տուժածներին ու նրանց ընտանիքներին։ Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ներկաներին և համագործակցիներին` դժվարին իրավիճակում փառատոնին մասնակցելու համար: Դեսպանը նշեց, որ աշխատում է շատ հայկական ֆիլմեր դիտել, թեև նրա համար երբեմն շատ դժվար է ըմբռնել ֆիլմերի բովանդակությունը, սակայն դրանք նայելով` ծանոթանում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, սոցիալական ու պատմական արժեքներին։

«Ամեն տարի ավելի շատ հյուր է գալիս` դիտելու ճապոնական ֆիլմեր, քանի որ ֆիլմերի միջոցով կարող ենք կամուրջներ կառուցել մեր երկու երկրների միջև: Ֆիլմերը մեծ հնարավորություն են տալիս ավելի խորը պատկերացում կազմելու ժողովրդի ավանդութների մասին»,- ասաց դեսպանը։

Chaponakan filmeri paraton 2

Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին ռեժիսոր Յամադա Ացուհիրոյի «Արթուն» գեղարվեստական կինոնկարի ցուցադրությամբ։ Ստեղծագործությունը պատմում է Էյչիի և Ռիկուի մասին, որոնք մեծացել են միասին՝ նվիրված շոգիին (ճապոնական շախմատ): «Արթուն» ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին:
Փառատոնի բացման առթիվ ուղերձ էր հղել նաև Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը։ Այն ներկայացրեց կենտրոնի մշակութային ծրագրերի պատասխանատու Տաթև Բաբայանը։ Ուղերձում նշված էր․ «Անչափ շնորհակալ եմ, որ հատկապես այս վերջին օրերին մեր երկրի համար խիստ տագնապալի իրավիճակում շատ ծանր մտքերով ու տեղեկատվությամբ ծանրաբեռնված՝ ժամանակ եք գտել ներկա լինելու փառատոնին: Մենք՝ հայերս, դարեր շարունակ բազմաթիվ բարդ իրավիճակներում ենք եղել, հաղթահարել բազում փորձություններ. տեսել ենք ցեղասպանություն, ջարդեր, կոտորած, բռնի տեղահանում,  դավաճանություն, բայց մենք խաղաղասեր ենք, ստեղծագործ, մշակույթ սիրող և օտար մշակույթը գնահատող և այսօր էլ այստեղ ենք հավաքվել՝ հաղորդակցվելու ճապոնական բարձրարժեք ու բարձրակարգ կինոարվեստին և հուսամ՝ այս ամենը մի պահ կկտրի բարդ և անլուծելի թվացող իրականությունից»։

Chaponakan filmeri paraton 3

Փառատոնի շրջանակում հանդիսատեսը ճապոնական ֆիլմեր դիտելու հնարավորություն կունենա ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում։ Կիրականացվեն ցուցադրություններ մայրաքաղաք Երևանում, Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում և Եղեգնաձորում։ Կցուցադրվեն ռեժիսոր Յամադա Ացուհիրոյի «Արթուն», անիմեի սիրահարների համար՝  «Վայրկյանում 5 սանտիմետրը», Յամագուչի Յոշիտակայի «Սամուրայ կատուն» ֆիլմերը։

Հուզիչ ճանապարհորդության կտանի Յամագուչի Յոշիտակայի «Սամուրայ կատուն» ֆիլմը, որը կցուցադրվի հոկտեմբերի 21-ին, ժամը 18:30-ին։ Ֆիլմը պատմում է Կյուտարոյի նախկին սամուրայի մասին, որը աշխատանքի առաջարկ է ստանում սպանել մի կատվի։ Երբ Կյուտարոն բացում է դուռը, որտեղ գտնվում է թիրախը, նա տեսնում է գեղեցիկ սպիտակ կատվին…

Chaponakan filmeri paraton 4

Անիմեի սիրահարներն էլ անակնկալ ունեն «Վայրկյանում 5 սանտիմետրը» ֆիլմի տեսքով։ Անիմեն երկու մանկության ընկերների մասին է, որոնց բաժանում են հեռավորությունը և ժամանակը, իսկ նրանք փորձում են պահպանել կապն ու միմյանց հանդեպ զգացմունքները:

Ֆիլմերը ցուցադրվում են ճապոներենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 466

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: