«Հայահավաք» նախագծի շրջանակներում Զավեն Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ կկազմակերպվի

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակներում դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանի հիշատակին նվիրված համերգ կկազմակերպվի։

Ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը կունկնդրի Հայաստանի պետական կամերային նվագախումբի կատարումը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի խոսքով՝ հատկապես այս շրջանում կարևոր է, որպեսզի արտերկրից ժամանող երաժիշտները գան Հայաստան և իրենց կատարումներով ոգեշնչեն մեր ժողովրդին։

«Համերգը իրականացվում է «Հայահավաք» նախագծի շրջանակներում արդեն երրորդ տարին։ Նպատակն է Հայաստան հրավիրել նախկինում ՀՀ-ում հանդես չեկած, կամ շատ վաղուց ՀՀ չայցելած երաժիշտներին՝ նպաստելով ՀՀ-ի և Սփյուռքի միջև եղած կապին»,- մեզ հետ զրույցում  ասում է նա։

Zaven Vardanyan 2

Սուքիասյանի խոսքով՝  հայաստանյան ստեղծագործ կյանքում կարևոր է հատկապես Զավեն Վարդանյանի դերը, որի հիշատակին էլ նվիրված է կայանալիք համերգը․ Վարդանյանն ինքն էր կատարում նաև արտերկրի ժամանակակից կոմպոզիտորների կատարումները, հանդիսանում նրանց ստեղծագործությունները ներկայացնողը։

«Համերգը ղեկավարելու է գերմանաբնակ դիրիժոր և ՀՀ պետական կամերային խմբի հրավիրյալ դիրիժոր Արամ Բադալյանը, որի հետ համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում հետաքրքիր ստացվեց։ Ընդհանրապես կարևոր նախաձեռնություն է, որ արտերկրից հայ երաժիշտները գան և իրենց ներդրումը ունենան մշակույթի զարգացման մեջ»,- ասում է նա։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրենը, սակայն, ցավով է փաստում, որ այս տարի հանդիսատեսի ակտիվ ներկայություն համերգներին գուցե չլինի՝ հաշվի առնելով երկրում տիրող վերջին իրադարձությունները։ Բայց ավելի մասնագիտական հանդիսատեսի պակաս հաստատ չի լինի։

Իսկ համերգին ներկա գտնվող հանդիսատեսը կվայելի ծրագրում առկա Արվո Պյարտի «Կանտուս»-ի հիշատակ Բենիամին Բրիտտենի, Ֆելիքս Մենդելսոն Կոնցերտ Ռե մինոր ջութակի և լարային նվագախմբի համար, Պ. Ի. Չայկովսկու «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» ստեղծագործությունները։

Zaven Vardanyan 3

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը: Նախագծի շրջանակում այս տարի համերգներով Հայաստանում հանդես կգան Մարիամ Խառատյանը (դաշնամուր, Նորվեգիա), Լևոն Չիլինկիրյանը (ջութակ, ՄԲ), Վարվարա Մանուկյանը (կլավեսին, Գերմանիա)։

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը, լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը, ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը, Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակ) և Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Զավեն Վարդանյանը 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003-2007 թվականներին Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է Կուենկայի համալսարանում և ղեկավարել երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը։

Մաեստրո Զավեն Վարդանյանը Հայաստանում կազմակերպել է բազմաթիվ փառատոներ ու մրցույթներ, հայ ունկնդրին է ներկայացրել Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 513

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: