Հոկտեմբերի 7-ին նշվեց գրադարանավարի օրը

«Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ, մանավանդ Վենետիկում` առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում քաղաքի առաջին մասսայական գրադարանը, անչափ ուրախացնում է ինձ: Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Ես կանեմ ամեն ինչ, որ Ձեր այս հրաշալի գրադարանում մշտապես զգացվի հայ բազմադարյան գրականության շունչը: Ձեր գրադարանին մաղթում եմ երկար ու բարի ուղի, թող այն լինի հավիտյան, ինչպես որ հավիտյան է գիրքը»։

                                                                                                                    Ավետիք Իսահակյան

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես գրադարանավարի օր։ Օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պագևներով: Գրադարանների և գրադարանավարների օրը տարբեր անվանումներով (Գրադարանի օր, գրադարանավարի օր, ընթերցողի օր, գրադարանային շաբաթ և այլն) նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ 1828 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացի գրադարանավար Կարլ Բենջամին Պրոյսկերը Գերմանիայում հիմնադրեց առաջին հանրային գրադարանը։ Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա գրադարանի օրվա առաջարկն արվել է 1997թ. հոկտեմբերի 24-ին Մանկապատանեկան գրքերի ընկերների իսպանական ասոցիացիայի և Մշակույթի նախարարության կողմից: Օրն ընտրվել է` ոգեկոչելու Սարաևոյի ազգային գրադարանի ոչնչացման հիշատակը, որը հրկիզվել է 1992 թվականին Բալկանյան պատերազմի ժամանակ։ Հայաստանում գրադարանավարները երեք տոն ունեն։ 2002թ. ապրիլից նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Ապա հուլիսի 4-ին նշվում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման օրը։ Եվ վերջապես հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։

Gradaranavari or 3

Գրադարանավարի օրվա առիթով շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի՛ գրադարանավարներ, ձեր շարունակական և նվիրյալ աշխատանքով, նորամուծությունները յուրացնելու և տեղայնացնելու ջանքերով մերօրյա ընթերցողների համար ավելի մոտ և սիրելի եք դարձնում գրադարանը։
Պետությունն իր անմիջական աջակցությամբ, նոր գործիքակազմի ներդրմամբ նպաստում է գրադարանային աշխատանքի կատարելագործմանը, աշխատակիցների մասնագիտական զարգացմանը, գրադարանների՝ մշտապես նոր գրքերով համալրմանն ու դրանք հանրության լայն շերտերին հասանելիության ապահովմանը։ Շարունակե՛ք նվիրումով աշխատել՝ տարածելով գրքի ու գրականության լույսը։ Մաղթում եմ ձեզ բեղուն գործունեություն և բազում ընթերցողներ»:

Gradaranavari or 1

Հայաստանում այս տարի օրը նշվեց «Ընթերցանության իրավունքի պաշտպանները» կարգախոսով։ Շնորհավորական ուղերձով հանդես եկավ նաև ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը։ Գիտատեխնիկական գրադարանն ունի 77 երկրների և 5 տարածաշրջանային արտոնագրային կազմակերպությունների շուրջ 17 մլն անուն արտոնագրային փաստաթղթերի հանրապետության միակ մասնագիտացված ֆոնդ՝ ներառյալ գյուտերի նկարագրություններ, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ։

«Գրադարանային գործի հարգարժա՛ն մասնագետներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։ Գիտական, կրթական և մշակութային գործընթացներում անփոխարինելի է գրադարանավարի դերը: Ձեր մասնագիտության վեհությունը այն է, որ Դուք ոչ միայն պահպանում ու տարածում ենք «գիրք» կոչվող արժեքը, որը մի ուրույն խորհուրդ ունի՝ լինի ձեռագիր մատյան, տպագիր գիրք, թե մեր օրերում այնքան պահանջված ու անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն՝ այլև հանդես գալիս որպես տեղեկատվության նորարար, արդիական գաղափարի ջատագով ու առաջամարտիկ: Հարափոփոխ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, գրադարանային աշխատանքը այսօր լուրջ փոխակերպումների է ենթարկվում, նոր իրողությունների և մարտահրավերների առջև է կանգնում: Անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գրադարանը եղել է կա ու կլինի յուրատեսակ գանձարան, որին մենք՝ գրադարանավարներս տնօրինում եք արժանապատվորեն, ստեղծագործաբար ու նորարական մոտեցումներով»։

Gradaranavari or 2

Գրադարանավարների համար մշտապես կազմակերպվում են դասընթացներ։ Ահա, դրանցից վերջինը կազմակերպվել է «Արտաշատ համայնքի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարների համար։ Հնգօրյա դասընթացներն ուղղված են մասնագիտական կարողությունների բարելավմանը:
Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպված դասընթացները նպատակ ունեն բարձրացնելու համայնքային գրադարանարների աշխատանքի արդյունավետությունը: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մասնագետները մարզից ժամանած գրադարանավարներին փոխանցել են ընթերցանության կազմակերպման և նոր ընթերցողներ ներգրավելու իրենց փորձն ու հմտությունները: Իսկ այս տարի մանկական գրադարանը նշում է 90-ամյակը։ Հոբելյանական տարվա և գրադարանավարի օրվան ընդառաջ գրադարանը կազմակերպել էր «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 452

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: