• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան. Հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օժանդակությանը

Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան. Հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օժանդակությանը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա ֆրանսիացի հեղինակ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման պրեմիերան: Ծրագիրն իրականացվում է հայ-ֆրանսիական միջպետական մշակութային համագործակցության շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ըստ կազմակերպիչների՝ ամեն ինչ պետք է արվի՝ աշխուժացնելու և զարգացնելու մարզերի մշակութային կյանքը, քանի որ մարզի հանդիսատեսը լավագույններից է։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը ներկայացրեցին պրեմիերայի կազմակերպման ընթացքը։

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի խոսքով՝ այս համագործակցությունից կիրականացվեն նաև նոր ծրագրեր ու գաղափարներ, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը։

Վերջինս առանձնակի կարևորեց այսօրինակ ծրագրերում մարզերի ներգրավվածությունը, ինչը ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքում է. «Հետևելով մարզերում անցկացվող միջոցառումներին՝ կարող եմ ասել, որ այնտեղ լավ հանդիսատես կա, և ամեն ինչ պետք է արվի՝ աշխուժացնելու և զարգացնելու մարզերի մշակութային կյանքը: Այսօր ավելի քան երբևէ բոլորս պետք է զբաղվենք մեր գործով, որպեսզի համախմբված կարողանանք արագ վերականգնվել»:

Ըստ փոխնախարարի՝ արվեստագետները պատրաստակամություն են հայտնել մշակութային միջոցառումներից ստացված հասույթները փոխանցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օժանդակության հիմնադրամներին, ինչը ևս մեկ ընդհանուր խնդրի շուրջ համախմբվածության ցուցիչ է:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի տեղեկացմամբ՝ թատրոնում կայանալիք պրեմիերան իրականացվելու է միջմարզային համագործակցությամբ. ներկայացմանը կմասնակցեն ոչ միայն Վանաձորի, այլև Գորիսի թատրոնի դերասանները: Նա կարևորել է այս օրերում հասարակությանը մշակութային կյանքին հնարավորինս վերադարձնելու հանգամանքը:

«Որդին» ներկայացման ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ ֆրանսիական դրամատուրգիան հարուստ ավանդույթներ ունի, և Ֆլորիան Զելլերն այն հեղինակներից է, որի դրամատուրգիան Հայաստանում ներկայացնելը շատ կարևոր է թե՛ գեղագիտական արժեքի, թե՛ դաստիարակչական բովանդակության, և թե՛ հայ- ֆրանսիական համագործակցության համատեքստում․ «Ինչպես զինվորականներն են պատերազմի ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետներն իրենց մարտադաշտում պետք է զորակցեն նրանց՝ պայքարելու և ուժեղացնելու հայրենիքը»։

Բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնն էլ ներկայացումը որակել է որպես մշակութային երկխոսության ձև՝ ֆրանսիական երկ և հայկական միջավայր:

Կողմերը նշեցին, որ քննարկվում են առաջիկայում հայ և ֆրանսիական թատրոնների միջև նոր հուշագրերի կնքման հնարավորությունները:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 567

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: