Մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը

Երևանի քաղաքի բարձրադիր վայրերից մեկում՝ Ազնավուր կենտրոնում, մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը։ Մինչև նոյեմբերի 8-ը ցուցադրվելու են մի շարք հայ և օտարերկրացի արվեստագետների աշխատանքները։

Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված միակ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն կազմակերպվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից 2017 թվականից։ Այն դարձել է կարևոր իրադարձություն մայրաքաղաքի մշակութային կյանքում, որը միևնույն ժամանակ ամրագրում է Հայաստանի դերը՝ որպես գեղարվեստական տպագրության կենտրոն տարածաշրջանում: «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը։ Գլխավոր գործընկերներն են Երևանի քաղաքապետարանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերջնական մրցույթում ցուցադրելու համար ներկայացված 55 երկրի 413 արվեստագետի 1500 աշխատանքից ընտրվել է 53 երկրի 231 փորագրանկարչի 355 գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված փորագրանկար։

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով՝ փառատոնն իրականացվում է արդեն չորրորդ անգամ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

Այս տարի փառատոնի նախնական փուլին ներկայացվել են 1500 աշխատանքներ։
Ներկայացված մեծաթիվ աշխատանքները վկայում են փառատոնի միջազգային կայացման, ճանաչման և միջազգային հանրության կողմից այն կարևորելու մասին։

«Մասնակից արվեստագետների քանակով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լեհաստանը՝ 46, որին հաջորդում են Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 16, Ֆրանսիան ՝ 8 և Ճապոնիան՝ 7 փորագրանկարչով»,- ասում է Սոնա Հարությունյանը։
Մինչ բիենալեի մեկնարկը հրավիրված մամուլի ասուլիսին միացել էին նաև մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ։ Ժյուրիի կազմում ևս ընդգրկվել են միջազգային փորձագետներ, արվեստագետներ։

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենքրանցը մեծ ուրախությամբ խոսեց համագործակցության մասին՝ նշելով, որ միջազգային բիենալեի ժյուրիի կազմում  ընդգրկվել է նաև շվեյցարացի պրոֆեսոր Ալեքսանդրա Շտեհելինը:

«Մեծ հետաքրքրությամբ կհետևենք և կսպասենք տեսնելու ներկայացված բոլոր  աշխատանքները: Մենք տեղյակ ենք, որ այս բիենալեն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային նշանակություն: Սա, անշուշտ, լավ հնարավորություն է հայ արվեստագետների համար միջազգային ոլորտում իրենց ստեղծագործությունները ճանաչելի դարձնելու տեսանկյունից»,- հավելեց դեսպանը: Իսկ Գերմանիայի դեսպանության և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համագործակցությունը սկսվել է 2012 թվականից։ Արդյունքում իրագործվել են մի շարք մշակութային ցուցադրություններ, բիենալեներ:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպին նշեց, որ այս տարի բիենալեի ընթացքում Հայաստանում հյուրընկալելու են գերմանացի պրոֆեսոր Ֆրանկ-Յոախիմ Գրոսմանին։ Նա կազմակերպելու և մասնակցելու է  տարբեր աշխատարաններին և բիենալեի շրջանակում կազմակերպվող միջազգային մեծ համաժողովին:

Բիենալեի շրջանակում կարևոր տեղ է զբաղեցնում նաև «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» միջազգային համաժողովը։ Համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 12-17 -ը։ Մասնակիցները փորագրանկարիչներ ու փորձագետներ են։ Նրանց թվում է, օրինակ, Ավստրիան ներկայացնող Մանֆրեդ Էգերը։ Փորագրանկարիչը ներկայանում է «Ժամանակակից փայտափորագրությունն Ավստրիայում» աշխատանքով։ Այս խորագրի նպատակն է համախմբել փորագրանկարիչներին ամբողջ աշխարհից և կիրառել գեղարվեստական բարձր տպագրության տեխնիկաները, խթանել այդ ճյուղի զարգացումը: Բիենալեն նաև հնարավորություն է ընձեռում անդրադառնալ գեղարվեստական տպագրության և գրաֆիկ դիզայնի միջև հարաբերություններին։ Հենց այդպիսի փոխկապակցվածության մասին է բրազիլացի ինքնուս տպագրիչ Տիագո Մոդեստոյի մտահաղացումը։ Այն ներառում է բրազիլական ավանդական մշակույթը, ստեղծագործողի մտորումներն ու իղձերը, որոնք յուրահատուկ սիմվոլներ են դարձել։

Բիենալեի միջազգային ժյուրիի նախագահն է «Կրակովի Գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե»-ի խորհրդի անդամ պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան Լեհաստանից։

Ալմաստ Մուրադյան

Ստորև ներկայացնում ենք ցուցադրվող աշխատանքներից մի քանիսը։

 Gexarvestakan tpagrutyan bienale 2

Gexarvestakan tpagrutyan bienale 3

Gexarvestakan tpagrutyan bienale 5

Gexarvestakan tpagrutyan bienale 9

Gexarvestakan tpagrutyan bienale 10

Gexarvestakan tpagrutyan bienale 11

Gexarvestakan tpagrutyan bienale 12

Gexarvestakan tpagrutyan bienale 13

Gexarvestakan tpagrutyan bienale 16

Gexarvestakan tpagrutyan bienale 20

Gexarvestakan tpagrutyan bienale 21

Gexarvestakan tpagrutyan bienale 22

  • Created on .
  • Hits: 539

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: