«Բերդ» պարային անսամբլը նշում է հիմնադրման 60-ամյակը

Տպավորիչ շրջագայություններով, հյուրախաղերով, հոբելյանական մի շարք համերգներով ու միջոցառումներով այս տարի «Բերդ» պարային անսամբլը նշում է հիմնադրման 60-ամյակը։ Օրեր առաջ «Բերդ» պարային անսամբլը 30 հոգանոց խմբով Ժողովրդական արվեստների և ֆոլկլորային փառատոների կազմակերպությունների միջազգային խորհրդի Ֆրանսիայի մասնաճյուղի հրավերով համերգներով  հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ 
Անսամբլը մասնակցել է «Festival Montoire Internasional 2023»-ի շրջանակներում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվող մի շարք փառատոների։
«Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գևորգյանն ասում է, որ փառատոնին մասնակցել են ավելի քան 40 երկիր ներկայացնող պարային համույթներ, ժողովրդական կոլեկտիվներ։

Berd 60 2

«Գլխավոր միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր «Բերդ» պարային անսամբլին։ Բացումը կատարեց Հայաստանը, փակումը՝ Արգենտինան։ Զուգահեռաբար «Բերդ» պարային անսամբլը հանդես եկավ բազմաթիվ մենահամերգներով։ Ասեմ, որ փառատոների շրջանակում մեկ օրը նվիրվեց հայկական դուդուկին։ Ոչ միայն դուդուկի կատարումներ եղան, այլև ներկայացվեց այս հրաշք երաժշտական գործիքի պատմությունը, անցած ուղին։ Շատ տպավորված ենք, հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց «Բերդ» պարային անսամբլի արտիստներին»,- ասաց Ստեփան Գևորգյանը։

Berd 60 3

Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարը և պարերի բեմադրողը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանն է։ Պարային անսամբլը 60-ամյա գործունեության ընթացքում ներկայացրել է հայկական ավանդական մի շարք պարեր՝ «Բերդը», «Քոչարին», Սասնո և Վասպուրականի ազգագրական պարերը, Կոմիտասի «Հով արեքն» ու ժողովրդաբեմադրական «Ջան Գյուլում», «Հայկազուններ», «Հայկական հարսանիք» և բազմաթիվ այլ պարեր։ Պարային համույթն
ամենուրեք արժանանանում է փառատոների ղեկավարների և օտարերկրյա մասնագետների բարձր գնահատանքին և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Berd 60 4
«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը պատմում է, որ 2016 թվականին ևս հյուրընկալվել են այս փառատոնին և այս անգամ ներկա են եղել մարդիկ, որոնք հիշում էին այդ ժամանակ հայ արտիստների ելույթը ու մեծ ոգևորությամբ սպասում՝ կրկին վայելելու հայկական պարը, մշակույթը։

«Մեր արտիստները հրաշալի գործ արեցին։ Հինգ շաբաթվա ընթացքում առաջին հայացքից հեշտ, բայց իրականում շատ դժվար ու ծավալուն աշխատանք կատարվեց մեր պարողների կողմից, ինչի համար շնորհակալ եմ։ Այստեղ կարևոր է ոչ միայն հայկական մշակույթը տարածելը, այլև այդ մշակույթով մեր երկիրը սիրելի դարձնելը»,- ասաց Կարեն Գևորգյանը։

Berd 60 5

Առաջիկայում անսամբլը նոր համերգային ծրագրեր է խոստանում։ Ահա հոկտեմբերի սկզբին երևանյան համերգն է, այնուհետև պարային խումբը մեկնելու է հյուրախաղերի ԱՄՆ, Բուլղարիա, Ֆրանսիա, եվրոպական այլ երկրներ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 522

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: