Մշակութային արժեքների պահպանման հետքերով

1954 թվականից եվրոպական 50 երկրներում անցկացվում են Եվրոպական ժառանգության օրերը։ Հետևելով եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.)` եվրոպական երկրներում կազմակերպվում են մշակութային արժեքների պահպանման և ցուցադրման տարատեսակ նախագծեր։ Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: Այս տարի ևս «Կենսունակ ժառանգություն» խորագրով օգոստոսի 26-27-ին Հայաստանում իրականցվեցին մի շարք միջոցառումներ։

Evropakan jarangutyan orer 2

«Հայաստանը մոտավորապես 2000 թվականին է միացել Եվրոպական մշակութային ժառանգության օրերին և տարվա մեջ երկու օր միանում ենք ծրագրին։ Այդ ընթացքում Հայաստանի թանգարանները, մշակութային կենտրոնները իրականացնում են տարատեսակ միջոցառումներ։ Միջոցառումները շատ կարևոր են, որ մեծաթիվ այցելուներ են ունենում։ Այս տարի 100-ից ավել միջոցառումներ են անցկացվում և անգամ այդ երկու օրերին միացել է նաև նախատոնական օգոստոսի 25-ը։
Միջոցառումները նաև անցկացվում են Երևանի փողոցներում։ Նպատակն է զբոսաշրջիկներին ևս ծանոթացնել մեր հնագույն ավանդույթներին։ Հիմնական շեշտադրումը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է։ Նաև միջոցառումներ, ցուցահանդեսներ են անցկացվում երեխաների համար»,- ասում է ԿԳՄՍ նախարարության պատմության և հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։

Evropakan jarangutyan orer 3

Ազգային պատկերասրահում էլ «Արվեստի մեկենասը. Մարկիզուհի դը Պոմպադուր թեմայով» բաց դասախոսությամբ հանդես եկավ Պատկերասրահի Դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ, ա․գ․թ․ Սաթենիկ Չուգասզյանը։ Մեկենաս մարկիզուհի դը Պոմպադուրին և Ռոկոկո ոճի ստեղծագործություններին նվիրված ուշագրավ դրվագների ներկայացմանը հաջորդեց շրջայցը ցուցասրահում։ Երևանի փողոցները ևս միացել էին միջոցառումներին. գորգագործական դազգահ էր տեղադրվել Հյուսիսային պողոտայում, Սարյան փողոցում։ Անցորդներն ու զբոսաշրջիկները ծանոթանում էին հայկական գորգագործությանը: Առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս անցկացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։

Evropakan jarangutyan orer 5

«Վարպետաց դասերի միջոցով նպատակ ունենք գորգագործությունը հասարակության շատ ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու։ Այցելուները կարող են մոտենալ ու փորձել հանգույց գործել՝ ինչ-որ չափով ծանոթանալով գորգագործական ավանդույթներին։ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում այսօր նաև փայտագործության ցուցադրական դաս է անցկացվել։ Այժմ գորգագործության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, իսկ նմանօրինակ միջոցառումներ թանգարանը կազմակերպել է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը։

Evropakan jarangutyan orer 6

Եվրոպական ժառանգության օրերը հանգեցած են նաև կրթական ծրագրերով։ Այդպիսին է օրինակ Կոմիտասի թանգարանի «Կոմիտասը արվեստի գործերում» կրթական ծրագիրը: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Շունը Հին Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն է բացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանում։

Evropakan jarangutyan orer 8

Իսկ Մաշտոցյան Մատենադարանում օգոստոսի 26-ին բացվեց «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդեսը։ Այն նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստում, մասնավորապես՝ ձեռագրերում եվրոպական արվեստի ազդեցությանը։ Ցուցահանդեսում հավաքագրված են պատկերագրական մի քանի թեմաներ, որոնք ներկայացված են մանրանկարներում, հնատիպ գրքերում և արծաթյա կազմերի հարդարանքում, ասեղնագործ նմուշներում։ Ասեղնագործ նմուշների օրինակներից ցուցադրվում են հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուից նյութեր, ինչպես նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը» գեղանկարը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 508

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: