• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Թող գան, տեսնեն՝ ինչ բան է կոմպոզիցիան». Նկարիչների միությունում բացվեց Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

«Թող գան, տեսնեն՝ ինչ բան է կոմպոզիցիան». Նկարիչների միությունում բացվեց Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

«Կուզենայի, որ իմ արվեստը դիտողին տար հայրենասիրության զգացողություն, գեղեցիկով շրջապատվեր մարդը և կյանքը տեսներ գեղեցիկ, կյանքը տեսներ իմաստավորված». ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյան

Նկարիչների միությունում օգոստոսի 22-ին բացվեց նկարիչ Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը հնարավորություն է տալիս դիտողին պատկերացում կազմել արվեստագետի ողջ ստեղծագործական ուղու մասին։ Նկարչի ստեղծագործությունների կենտրոնում հենց Հայաստանն ու հայի ինքնությունը կերտող բաղադրիչներն են, հայ ազգի պատմության կարևոր, ճակատագրական իրադարձությունները, մշակույթի կարևորագույն գործիչները՝ իրենց թողած ժառանգությամբ և բնությունը, որտեղ ապրում և արարում է հայ մարդը։

Tigran Toqmajyan 100 2

Ցուցահանդեսի բացմանը Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանն ասաց, որ այս տարվա ընթացքում արդեն երեք արվեստագետի 100-ամյակին նվիրված ցուցահանդես են կազմակերպել. «Այս մարդկանց ընդհանուր մի գիծ է կապում՝ նվիրում հայրենիքին, հայ մարդուն, մեծ ծառայություն և այդ ամենի հետևում կանգնած է խոնարհ մարդ։ Տիգրան Թոքմաջյանը հսկայական աշխատանք է կատարել։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր հասարակությունը քիչ տեղեկություն ունի նման արվեստագետի մասին։ Ընդհանրապես, երբ նայում ենք այդ մարդկանց անցած ուղին, երևի իրենց ոչինչ պետք չի եղել, իրենք միայն մշակի դեր են կատարել»։

Լևոն Աբրահամյանն իր խոնարհումն է բերում նման մարդկանց հիշատակին ու ասում՝ «փառք ձեզ, որ թողեցիք մեծ ու արժանապատիվ հետք, որի վրա հենվելով՝ մենք կկարողանանք ինչ-որ քայլ կատարել»։

Tigran Toqmajyan 100 3

Ցուցահանդեսի համադրողն է նկարչի դուստրը՝ Արփինե Թոքմաջյանը։ Նա պատմեց, որ իր հայրիկին նվիրված վերջին անհատական ցուցահանդեսը եղել է 20 տարի առաջ և իր պարտքն է համարել անպայման կազմակերպել ցուցահանդես ու ներկայացնել Տիգրան Թոքմաջյանի անցած ողջ ստեղծագործական ուղին, հնարավորություն տալ պատկերացում կազմել 20-րդ դարի հայ կերպարվեստի կարևորագույն դեմքերից մեկի արվեստի մասին։

«Ինքն իր գործն արել է։ Շատ մեծ գործ է արել, հիմա մեր հերթն է ներկայացնել այդ գործը։ Եղել է բազմաժանր նկարիչ։ Լինելով գեղանկարիչ՝ արել է նաև գրքի ձևավորումներ, ունի հսկայական որմնանկարներ»,- ասաց ցուցահանդեսի համադրողը։

Tigran Toqmajyan 100 4

Նրա ներկայացմամբ` հայրը համեստ մարդ է եղել, չունի ալբոմ, քիչ է լուսաբանվել. «Իր գործը համարել է նկարելը, ծառայելը հայ ժողովրդին, վեր հանել մեր պատմության, մշակույթի լավագույն էջերը։ Իր թեման Հայաստանն է։ Ուսանող տարիներից նրան հետաքրքրել են պատմական թեմաները, հայի ինքնությունը, մշակույթը որտեղից են գալիս։ Նա նաև բնանկարներ ունի։ Բայց ի տարբերություն շատերի, որոնք ուղղակի հիանում էին բնությամբ՝ Տիգրան Թոքմաջյանին հետաքրքրում էր նաև այդ տարածքը որպես մի վայր, որտեղ դարեդար ապրել է հայը։ Հենց այդ պատճառով հաճախ մարդկանց, բնակիչների էր ավելացնում բնանկարներում»։

Ցուցահանդեսի բացմանը ներկա քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը հիշեց, որ ուսանող տարիներին էսքիզները դնում էր ձեռքի տակ ու գնում Տիգրան Թոքմաջյանի արվեստանոց, խնդրում՝ մի երկու խոսք ասի իր աշխատանքների մասին։

Tigran Toqmajyan 100 5

«Սխալված չեմ լինի ասել, որ Տիգրանն իմ առաջին ուսուցիչն է եղել։ Իմաստուն մարդ էր։ Ներկա սերունդը շատ բան ունի սովորելու նրա արվեստից։ Մի հատ ճյուղ, ծաղիկ, մի ծխնելույզ նկարելը դեռ նկարչություն չի։ Թող գան, տեսնեն՝ ինչ բան է կոմպոզիցիան։ Նա կտավի մեջ ինչպես էր կարողանում տասնյակ ֆիգուրներ խմբագրել, ի մի բերել, փոխհարաբերություն ստեղծել, սինթեզել, գունային հարաբերություններ ստեղծել։ Դա մեծ փիլիսոփայություն է պահանջում։ Հիմա այնքան է զգացվում Տիգրանի պակասը մեր իրականության մեջ։ Ափսոս, որ Տիգրանի տեսակն այլևս չկա, Տիգրանի նկարները մեր պետության գանձերն են»,- ասաց վարպետը։

Tigran Toqmajyan 100 6

Նկարիչների միությունում ներկայացված աշխատանքների մի մասը սեպտեմբերի 2-12-ը ներկայացվելու է Գյումրիում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի ցուցասրահում։ Cultural.am-ին Արփինե Թոքմաջյանն ասաց՝ քանի որ հայրը գյումրեցի էր, այնտեղ շատ ոգևորվել են, ուրախացել, գրկաբաց սպասում են այս ցուցահանդեսին։

Տիգրան Թոքմաջյանը (1923-2004 թթ.) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի), ապրել և ստեղծագործել է Երևանում։ 1985թ. ստացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Նրա բնանկարները, պատմական և կենցաղային ֆիգուրատիվ կտավները, մեծածավալ բազմաֆիգուր որմնանկարները կարևոր տեղ են զբաղեցնում 20-րդ դարի հայ կերպարվեստում։ Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործությունները պահվում են ՀՀ Ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վեհարանում, Հայաստանի Նկարիչների Միության պահոցում, Պետական և մասնավոր այլ հավաքածուներում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում և այլուր:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 1112

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: