Ուջանից՝ Դեբետ. անցկացվում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 9-րդ փառատոնը

Օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում անցկացվում է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Այն  «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է:  

Ինչպես նշում է փառատոնի ծրագրերի ղեկավար Արթուր Վարդիկյանը՝ միջացառումը  6-7 տարի անցկացվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, մինչ այդ՝ Երևանում, Գյումրիում:  Փառատոնի կազմակերպիչները այս տարի որոշել են  էլ ավելի հեռանալ մեծ քաղաքներից՝ հանգրվանելով Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Cirani car 2

Արթուր Վարդիկյանն ասում է՝ Դեբետում բնությունն էլ է ուրիշ, և հույս ունեն, որ դա մի նոր թարմություն ու հետաքրքրություն կմտցնի թե՛ իրենց, թե՛ մասնակիցների շրջանում: 

Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մասնակիցներն ապրում են գյուղացիների տներում, ծանոթանում տեղի կենցաղին ու մշակույթին: Տեղաբնակներն էլ հնարավորություն են ունենում դիտելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն ձեռքբերումները:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի մոտ 40 ֆիլմ 16 երկրից, որոնք բոլորը կուղեկցվեն հայերեն թարգմանությամբ: Ներկայացված ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի էլ շատ լայն է՝ ԱՄՆ, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Իրան, Պորտուգալիա, Սերբիա, Չինաստան…:

Cirani car 3

«Կան տարբեր թեմաներ շոշափող ֆիլմեր՝ սկսած մարդկային դիմանկարներից, մինչև կինոյի պատմությանը վերաբերող ֆիլմեր: Ներկայացվում են վավերագրական, անիմացիոն, ազգագրական , մարդաբանական, էքսպերիմենտալ, խաղարկային ֆիլմեր»,- ասում է Արթուր Վարդիկյանը:

Մրցութային ծրագրում ներառված են 10-ական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Իսկ արտամրցութային բաժնում ներառված է 3 ծրագիր՝«Հայ կինո 100», «Մունք ուրուր օնինք» և հատուկ ցուցադրություններ:

«Հայ կինո 100 ծրագրի շրջանակում 8-9 վավերագրական ֆիլմից կազմված ընտրանի ենք կազմել, որտեղ ներառված են Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան», Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք», Գրիգոր Հարությունյանի «Կայացում», Ռուբեն Գևորգյանցի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր և այդպես շարունակ»-ներկայացնում է Արթուր Վարդիկյանը:

Cirani car 4

«Մունք ուրուր օնինք»-ը  3 ֆիլմից բաղկացած փոքր ծրագիր է, պատկերում է Հայաստանում ու Արցախում տիրող ներկայիս իրավիճակը, մարդկանց հույզերը, հոգեվիճակը ու այն հենց Արցախի բարբառով է վերնագրված՝ նույնանուն ֆիլմին համապատասխան:  Ֆիլմի ռեժիսորը Մանե Թադևոսյանն է: Վարդիկյանը նկատում է՝ ֆիլմը առանձնանում է նրանով, որ նկարված է հենց շրջափակված Արցախում, որտեղ մարդիկ են, իրենց ապրումները, իրավիճակի ընկալումները:

Հատուկ ցուցադրություններ բաժնում ներառված է 5-6 ֆիլմ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդգրկվել մրցութային ծրագրում, բայց փառատոնի պատասխանատուների գնահատմամբ դրանք հետաքրքիր են և արժանի  ցուցադրության:

Կինոցուցադրությունները բացօթյա են` անցկացվում են 20:00-ից Դեբետի գյուղապետարանի բակում և 22:30-ից «Դեբատուն» հյուրատանը:

Փառատոնի փակումից մեկ օր հետո էլ Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում, տեղի կունենա ամերիկյան «Երկիր իգական» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Քորթնի Սթիվենսի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 505

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: