Տարկովսկին՝ Հայաստանի ամենամեծ էկրանին

«...հանճարեղ մի մարդ (Տարկովսկին)՝ անհանգիստ, անհաշտ, ազատասեր, որի էությունը լիքն էր իսկական մարդասիրությամբ, տենչանքն էր ճշմարտությունը և ոչ միայն արվեստում»: Դերասան Սոս Սարգսյանի այս խոսքերն ուղղված են եղել ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկուն, որը ռուսական կինոյի ամենաինքնատիպ և նորարար ռեժիսորներից է, համաշխարհային մշակույթի վառ ներկայացուցիչներից:

Անդրեյ Տարկովսկի... «Մարդ, որը տեսել է հրեշտակին»

Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962) լիամետրաժ կինոնկարով, որն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն)։ Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ՝ էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա։ Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում։

Tarkovsky 2

«Ես երբեք չեմ ցանկացել, որ ինձ երկրպագեն: Միշտ երազել եմ, որ իմ կարիքը զգան, որ պիտանի կլինեմ»:

Տարկովսկին վերադառնում է Հայաստանի ամենամեծ էկրան...

Մարտի 10-19-ը Երևանի Կինոյի տանը կայանալու է Անդրեյ Տարկովսկու 6 հռչակավոր ֆիլմերի վերականգնված տարբերակների հետահայաց ցուցադրությունը:

Ցուցադրվելու են «Իվանի մանկությունը» (մարտի 10), «Անդրեյ Ռուբլյով» (մարտի 11), «Սոլյարիս» (մարտի 12), «Հայելի» (մարտի 17), «Ստալկեր» (մարտի 18), «Զոհաբերություն» (մարտի 19) ֆիլմերը՝ հայերեն ենթագրերով:

Tarkovsky 3

Այս նախագիծն իրականացվում է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի, Շվեդական կինոինստիտուտի, @YerevanKino թելեգրամյան ալիքի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ։

Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկում և կինոքննադատի հետ համատեղ վերլուծություն։

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ Կինոյի տան մեծ էկրանին ցուցադրվելու է Տարկովկսի։ Իսկ այն, որ Տարկովսկին անքննելի ռեժիսոր է, որևէ մեկը չի կասկածում։

«Քանի որ մեր քաղաքականությունն է ցուցադրել հեղինակային կինո, բարձր արվեստին առնչվող ֆիլմեր, այդ իսկ պատճառով Տարկովսկու ֆիլմերի հետահայց ցուցադրությունն է»,- նշեց նա։

Ա. Մանուկյանի խոսքով` իրենց քաղաքականության մեջ է մտնում նաև ոչ միայն ֆիլմերի ցուցադրությունը, այլ նաև դիտումներից հետո ֆիլմի քննարկումը։

«Ուղղակի ֆիլմեր չենք ցուցադրում, պետք է կինոմշակութային միջավայրի մեջ լինի»,- ասաց նա։

Tarkovsky 4

«Երբ ինձ հարցնում են` «Կարո՞ղ է, արդյոք, արվեստը փոխել աշխարհը», ես պատասխանում եմ. «Նախքան ինչ-որ բան փոխելը, ես պետք է ինքս փոխվեմ, առավել խորունկ դառնամ: Միայն դրանից հետո ես գուցե կարողանամ օգուտ բերել»: Մինչև մարդիկ և հասարակությունը ներդաշնակորեն չզարգանան, մինչև մարդկությունը չսկսի հոգևոր զարգացում ապրել, մարդը հանգիստ չի գտնի, և նրա ճակատագիրը ողբերգական կլինի: Խնդիրը հոգևոր և նյութական պահանջները հավասարակշռելն է: Իսկ ինչպե՞ս հույս դնել ինչ-որ փոփոխությունների վրա, եթե ինքներս մեզ հոգևոր առումով վսեմ չենք զգում: Որպեսզի վերափոխես ոչ միայն քեզ, հարկավոր է զոհաբերություն կատարել. միայն այդ ժամանակ կկարողանաս ծառայել մարդկանց». Անդրեյ Տարկովսկի:

Tarkovsky 5

Արայիկ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ Կինոյի տանը մարտի 20-26-ը լինելու են օսկարյան օրեր: Մեծ էկրանին կլինեն օսկարակիր 5 ֆիլմեր՝ ժապավենային ցուցադրությամբ։ Նա ասաց, որ ֆիլմերը կինոգործիչների միության ֆիլմերի պահոցից են, որտեղ վերջին 7 տարիների ընթացքում հավաքվել է 280 ժապավենային ֆիլմ, որոնք խնամվում են լավագույն պայմաններում և վերամշակվել են ժապավենային  ցուցադրությունների համար։

«Ժապավենով ֆիլմ նայելը այլ մշակույթ է։ Մենք դրա համար հատուկ ժապավենային կինոպրոյեկտոր են վերականգնել»,- ասաց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդարականը։

Նաիրա Տիգրանյան

 

  • Created on .
  • Hits: 688

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: