• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Կանայք, որոնք չմատնեցին իրենց ամուսիններին ու բանտարկվեցին. գրքի շնորհանդես ու ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Կանայք, որոնք չմատնեցին իրենց ամուսիններին ու բանտարկվեցին. գրքի շնորհանդես ու ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանը Կանանց միջազգային տոնին ընդառաջ հանդես եկավ  յուրահատուկ նախաձեռնությամբ՝ անդրադառնալով մի խումբ կանանց ճակատագրին, որոնք հանուն իրենց ամուսինների, գործընկերների իրենց կյանքի որոշակի հատված անցկացրել են խորհրդային բանտերում։

Հայաստանի պատմության թանգարանում այսօր կայացավ  Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսն ու բացվեց արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդես։

 Chmatnox kanayq 2

Գրքում ներկայացված են 1935-1946 թվականներին ստալինյան բռնաճնշումների ենթարկված 108 կանանց պատմությունները՝ ըստ արխիվացված քրեական գործերի և բանավոր վկայությունների, ավելի քան 80 արխիվային և ընտանեկան գործեր, փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև հատվածներ նրանց ժառանգների հետ հարցազրույցներից։ Նրանք մեղադրվել են ստալինյան շրջանի Հայաստանի քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով՝ իրենց ամուսինների, եղբայրների, գործընկերների «հանցավոր» գործունեությունը խորհրդային իշխանություններին ՉՄԱՏՆԵԼՈՒ համար։

 Chmatnox kanayq 3

Նույն խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանի արխիվից բնօրինակ լուսանկարներ, օրագրեր, աշխատանքային գրառումներ․ Եվգենյա Գյուզալյանը եղել է մեկն այն կանանցից, որ բռնաճնշումների զոհ է դարձել։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կանանց տոնի առիթով ցանկացան հանդես գալ մի փոքր այլ ձևաչափով՝ ներկայացնելով  կանանց, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, իրենց մեջ ուժ են գտել, պայքարել են, հաղթահարել են դրանք ու երբեք չեն մատնել իրենց ամուսիններին, գործընկերներին։

«Ցուցահանդեսի վերնագիրը հենց գրքի վերնագիրն է։  Շատ կարևոր էր այս վերնագրի ներքո ներկայացված նյութին միացնել նաև մեր թանգարանում աշխատած գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանին վերաբերող նյութերը, որը ևս բռնաճնշումների զոհ է դարձել։ Հետաքրքիրն այն է, որ  նրա կյանքը երկու անգամ ապահովագրված է եղել՝ 1936 թվականին և 1937 թվականին։ Այսինքն գործ ունենք իրականության երկու կողմի հետ»,- նշեց Պողոսյանը։

Chmatnox kanayq 4

Ըստ նրա, հնարավոր չէ ներկայացված նյութը դիտել առանց հուզվելու ու փշաքաղվելու. «Ցուցանմուշները վեր են հանում ժամանակի պաշտոնական պրոպագանդայի և իրականության սուր հակասությունը. մի կողմից իրենց ազնվության, իրենց հարազատներին սիրելու, իրենց սկզբունքների չդավաճանելու համար դատապարտված և աքսորված կանայք, մյուս կողմից՝ մարտիության շնորհավորանքներ թերթերի համարներում։

«Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանն ասաց, որ 5 տարի աշխատել է գրքում ներկայացված նյութի վրա։

«Երբ ուսումնասիրում էի խորհրդային բռնաճնշումների պատմությունը, Ազգային արխիվում պատահաբար հանդիպեցի մի խումբ աշխատանքների, որոնց վրա նշված էր 69-րդ հոդված։  Ուսումնասիրեցինք, թե այդ հոդվածն ինչ է իրենից ներկայացնում։  Այն վերաբերում է չմատնելուն։ Երբ այդ կանանց գործերն առանձնացրինք, հետաքրքիր պատկեր առաջացավ. նրանք իրականում որևէ մեղք չէին գործել, բայց պատասխանատվության էին ենթարկվել իրենց ամուսինների, գործընկերների, եղբայրների «հակահեղափոխական» գործունեությունը համապատասխան մարմիններին չմատնելու համար»,- նշեց նա։

Chmatnox kanayq 5

Արխիվում 108 նման գործ են հայտնաբերել, բոլորն էլ ներառված են գրքում։

Ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ թեև նրանք բոլորը դատապարտված են եղել նույն՝ չմատնելու հոդվածով, սակայն նրանց ճակատագրերն այլ կերպ է դասավորվել ու պայմանավորված է եղել նրանց ամուսինների «մեղքի, հանցանքի չափով»։

«Այն տղամարդիկ, որոնք 1936-37 թվականներին պատասխանատվության էին ենթարկվել, առկա էր դատավճիռը, նրանց կանայք, գործընկերները դատապարտվել էին 1938 թվականի գարնանն արտադատարանական  մարմինների կողմից։

Chmatnox kanayq 6

Այն կանանց ճակատագրերը, որոնց ամուսինների գործերը քննվել էին 1938 թվականին, մի քիչ այլ կերպ դասավորվեցին. Խորհրդային միությունում սկսված  քաղաքական որոշակի գործընթացների պատճառով հապաղեց նրանց դատավճիռը, և արդեն 1938-ի աշնանը հատուկ հրամանով սկսեցին վերանայվել այդ գործերը։ Մոտավորապես 55 կանանց գործեր վերանայվեցին, և նրանք ազատ արձակվեցին։

Երրորդ խումբն այն կանայք էին, որոնք չէին կալանավորվել՝ բնակավայրից չհեռանալու պայմանով։ Համապատասխան հրամանում նշած էր, որ ձերբակալության ենթակա չեն այն կանայք, որոնք հղի են, կրծքով կերակրվող երեխա ունեն, խնամքի տակ ունեն վարակիչ հիվանդություններով տառապող մարդիկ, թոշակառու են»,- ներկայացրեց Տ.Սարգսյանը։

Chmatnox kanayq 7

Հայաստանում, այդ հրամանից դուրս, ստորագրությամբ ազատ էին արձակել նաև որոշ մասնագիտությունների տեր մարդկանց՝ ինժեներ, դասախոս։ Չնայած սա էլ օրինաչափություն չի եղել։

 «Ունենք դատապարտված չմատնող կանանցից Եսթեր Զորյանին։ Նա համալսարանի դասախոս էր, փայլուն տիրապետում էր օտար լեզուների, իր ամուսնու հետ Գերմանիայում օգնել էր Սողոմոն Թեհլերյանին։ Նա երկու անգամ պատասխանատվության է ենթարկվել նույն մեղադրանքով»,- ասաց Տ.Սարգսյանը։

108 կանանցից երկու կանայք նույն հոդվածով ու նույն «մեղքի» համար երկու անգամ են դատապարտվել։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 677

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: