«Անվիճելի արժանավոր հոբելյարը». Ցուցահանդես՝ նվիրված Շիրվանզադեի ծննդյան 165-ամյակին

«Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով... Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում». ռուս գրող Մաքսիմ Գորկու այս խոսքերն ուղղված են եղել  անվանի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեին։

Շիրվանզադեն այն դասական գրողներից է, որը դեռ կենդանության օրոք գնահատված է եղել, ինչպես Հովհանես Թումանյանը, Կոմիտասը։ Նրանք մեծ համբավ են ունեցել աշխարհի այդ ժամանակվա տարբեր մշակութային կենտրոններում։ Այդ մասին է վկայում նաև Շիրվանզադեի՝ հոբելյաններին ստացած ուղերձները, հեռագրերը։

Shirvanzade 1

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 2-ին բացվել է «Հոբելյարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 165-ամյակին։ Ցուցադրությունում ներկայացված են Շիրվանզադեի գրական և ստեղծագործական գործունեության տարբեր տարիների հոբելյանական միջոցառումների հրավիրատոմսեր, ուղերձներ, արխիվային լուսանկարներ, նամակներ, նվերներ, օրինակ` գրչաման։

«Մենք շատ ենք անդրադարձել Ալեքսանդր Շիրվանզադեին։ Մտածում էի, թե այս հոբելյանին ինչ ներկայացնենք, որ հետաքրքիր լինի։ Հայտնաբերեցի, որ բավականին մեծ քանակությամբ նյութեր կան նվիրված իր գրական գործունեության 30-ամյա հոբելյանին, որը նշվել է 1911 թվականին, 50-ամյա հոբելյանին, որն արդեն սովետական շրջանում  է նշվել։

Shirvanzade 2

Որոշեցինք ցուցադրությունն անվանել «Հոբելյարը»` մեր այցելուներին ներկայացնելով, որոշ չափով ինֆորմացիա տալով, թե  ինչպես էին տոնում հոբելյանները նախախորհրդային, խորհրդային շրջանում»,- ասում է Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար, գրական բաժնի պատասխանատու Մարինե Հարոյանը։

1911 թվականին Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակը նշելու համար ստեղծված է եղել հանձնաժողով։

«1911 թվականին Հայաստանը չի ունեցել պետականություն, բայց ունեցել է  շատ կազմակերպված հասարակություն»,- նշում է նա։

Շիրվանզադեն հոբելյանի առիթով նամակներ է ստացել տարբեր քաղաքներում գործող մշակութային, հասարակական կազմակերպություններից՝ Թբիլիսի, Բաքու, Շամխոր, Ալեքսանդրապոլ, Փոթի... 

Գրական գործունեության 50-ամյակը նշելու համար նույնպես հանձնաժողով է ստեղծված եղել։

Shirvanzade 3

Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի լուսավորության ժողկոմիսար Արտո Եղիազարյանի, քարտուղար`  Վահան Թոթովենց, հանձնարարականները թատրոններին, որոնց համաձայն թատրոնները պետք է բեմադրեն Շիվանզադեի պիեսները, Մարտիրոս Սարյանին ուղղված նամակով՝ Վարպետը պետք է հանձնարարի Արա Սարգսյանին Շիվանզադեի քանդակը ստեղծել, նաև նրա անունով փողոց կոչվի, ֆիլմ նկարահանվի։

«Շիրվանզադեն այն դասականներից է, որը իր կենդանության օրոք արդեն գնահատված է եղել, դրա համար նրա հոբելյաններն այդպիսի մեծ արձագանք են գտել»,- ասում է Մ. Հարոյանը։

Shirvanzade 4

Ըստ նրա` այս ամենը հետաքրքիր նյութ է ոչ այնքան գրականագիտական, որքան մշակութաբանական առումով,  նաև  հետաքրքիր են նամակներում, ուղերձներում արված ձևակերպումները։ Մ. Հարոյանը նշում է, որ ներկայացված նյութը մշակութաբանների կողմից ուսումնասիրության շատ հետաքրքիր թեմա կարող է դառնալ։

«Հայ ժողովուրդը, եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մեկը Շիրվանզադեն է։ «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար»:

Հովհաննես Թումանյան

Shirvanzade 5

Մեծ է Շիրվանզադեի ծառայությունները գեղարվեստական ու բեմական լեզվի զարգացման գործում։ Մերժելով բարբառները՝ գրել է միայն գրական լեզվով, ձգտել տիպականացման համար շեշտը դնել հատկապես հոգեբանական վերլուծության և մտածողության ձևի վրա։ Գրողի դրամաները թարգմանվել և բեմադրվել են ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, պարսկերեն։ 1905-10թթ ապրել է Փարիզում: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916թ. Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում:

Shirvanzade 6

Գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), որտեղ ստեղծել է իր անցած դժվարին ճանապարհի ու մաքառումների պատմությունը, պատկերել ժամանակի մի շարք նշանավոր գրողների ու գործիչների (Պետրոս Ադամյան, ՐաֆֆիԳաբրիել ՍունդուկյանՂազարոս ԱղայանՊերճ ՊռոշյանԳրիգոր Արծրունի)։ Հրատարակության է պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929-34թթ), վերամշակել մի շարք գործեր: Գրողի լավագույն երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Նամուս» (1925թ.), «Չար ոգի» (1927թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1972թ.) կինոնկարները:

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 739

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: