«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

Այնտեղ, որտեղ «հազարամյակ մը մեզմե առաջ» հանդիպում էին բանականությունն ու հույզերը, առաջացել է ձգողականության ոգին, որը յուրօրինակ ուղերձ է բնությանը, ավելի շուտ վերադարձ դեպի բնությունը։ Բանականության և հույզերի միջև պայքարը բազմաթիվ ստեղծագործությունների հիմք է դարձել, իսկ երբեմն դրանցից շատերը ներկայացվում են կրոնի և հավատքի լույսի ներքո։ Իսկ երբ գրական ստեղծագործությունը ստանում է երաժշտական ու պարային ուղեկցություն, այդտեղ ծնվում է ձգողականությունը։ Հայ գրականության մեջ խորաթափանց և մելամաղձոտ, հոգևոր և բանական քողով պատված՝ Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պիեսի հիման վրա ստեղծվել է «Ձգողականություն» բալետը։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է համաշխարհային պրեմիերա։ Այսուհետ երևանյան հանդիասատեսի համար հնարավորություն է ատեղծվել հետևել նշանավոր ստեղծագործության նորովի մեկնությանը՝ բալետի լեզվով։ Երաժշտության հեղինակը ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է։
Շարաֆյանի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ նվագախմբերի, մենակատարների, անսամբլների կողմից։ Հետաքրքիր է, որ երաժշտական ստեղծագործությունը կոմպոզիտորի համար յուրահատուկ վերհուշի է նման, քանզի Շարաֆյանը 1992-1996 թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց Ժառանգավորաց ճեմարանում, որտեղ նաև հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարի արարողությունների համար։
«Ինչ-որ տեղ ինքնակենսագրական, բայց մի քիչ այլ ավարտով: Եվ շատ ծանոթ եմ, և շատ սիրում եմ այս մարդկանց հոգևորական, որովհետև իմ աշակերտներն են և այսօր մեծ հոգևորականներ են, շատ մեծ գործ են անում աշխարհով մեկ: Ընկերներս են, ես աշակերտ երբեք չեմ համարել: Ես հույս ունեմ, որ սա կլինի միշտ օպերային թատրոնի խաղացանկում, որովհետև ինքը շատ նոր լեզու է նաև մեր թատրոնի համար, բավական խիզախ լեզու է, շատ թարմ»,- ասում է կոմպոզիտորը։
Կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է Երիտասարդական, Համահայկական, Ազգային Կամերային նվագախմբերի, Հովեր պետական կամերային երգչախմբի հետ։
Ստեղծագործության լիբրետոյի և բեմականացման հեղինակը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է, որի համար ամենամեծ հաճույքն ազատությունն է։ Դրա վառ դրսևորումն է նաև ստեղծագործությունը, իսկ երիտասարդ մենապարողներն էլ մեծ հաճույքով են տրվել այդ ամենին, և իրենք էլ են նոր առաջարկներով հանդես եկել։
«Գուցե, դա շատ-շատ խորն է, շերտերը շատ-շատ են, անկեղծ ասած, և հավատացեք՝ գրաֆիկ եմ գծել շատ մանրամասն, մաթեմատիկական աշխատանք է գնացել սա ստեղծելիս` ոչ թե գրելու, այլ հենց պիեսի կառուցվածքը ճիշտ պահելու և մատուցում անելու: Չգիտեմ՝ որքանով է այդ ամենը փոխանցվելու, բայց այն, որ իսկապես երբ հզոր է դրամատուրգիան, այդպես էլ պիտի ճիշտ պիեսը լինի: Իրականում ես եկել եմ, շատ բան եմ սովորել», - ասում է Նարինե Գրիգորյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրյանն ինչպես միշտ բաց է նոր մտքերի և մարտահրավերների առջև։ Ասում է՝ արվեստագետի ամենակարևոր հատկությունն է ամբողջ կյանքում սովորել և բաց լինել ընդունելու գեղեցիկ նորություններ: Հենց այս բեմադրության համար, փաստորեն, ամեն բեմադրիչ իր պայմաններն է դնում, իր հարցերն է առաջ բերում, և ամեն մի բեմադրություն երաժշտության նոր մեկնաբանություններ է պահանջում, երբեմն ավելացումներ, պակասեցումներ:
Մարդկային էության դեմ մաքառումը մենապարողները ներկայացնում են նաև ժամանակակից տեխնիկական ժեստերի լեզվով։ Յուրաքանչյուրն իր մեջ գտնում է հերոսին և իր մեջ ապրող բնության զավակին։
«Աբեղան ձգտում է բնությանը, զգացմունքներին, և ես ևս այս դերում ձգտում եմ հասնել բնականին։ Ներկայացումը կոչվում է «Ձգողականություն» և խոսում այն մասին, որ և՛ կինը, և՛ յուրաքանչյուր երևույթ կարող են ձգել։ Ներկայացման մեջ կիրառվել են ժամանակակից բալետի մի շարք տարրեր, որոնք ավելացնում են պարային տեխնիկան և մարմնի պլաստիկան, որի շնորհիվ ներկայացումը հնարավոր է մատուցել յուրովի։ Հայաստանում այն, ցավոք, դեռ լայն տարածում չունի, բայց մենք փորձում ենք զարգացնողներից մեկը լինել։ Ներկայացման մեջ ներառված են նաև օպերային թատրոնի բոլոր հնարավորությունները»,- ասում է առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։
«Ձգողականություն» բալետային ներկայացման բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո - Հովհաննիսյանը։ Բեմադրությունն ամբողջովին իրականացվել է Համազգային կրթամշակութային միության աջակցությամբ։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 1261