• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Պետք է մեր ժպիտներով առաջնորդվենք, ոչ թե մեր արցունքներով»․ Երևանում 19-րդ անգամ մեկնարկեց Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը

«Պետք է մեր ժպիտներով առաջնորդվենք, ոչ թե մեր արցունքներով»․ Երևանում 19-րդ անգամ մեկնարկեց Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը

Համավարակ, հետո 44-օրյա պատերազմ․․․ երկու տարվա ընդմիջումից հետո Երևանում հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում 19-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ նորից նույն ձևաչափով և եռուզեռով:

Կարմիր գորգ, ֆիլմարվեստի ու կինոյի տարբեր ներկայացուցիչներ․ փառատոնը համախմբել էր  աշխարհի օսկարակիր դերասանների, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող և ստեղծագործող հյուրերի։

150-ից ավելի միջազգային հյուրերով, 100-ից ավելի ֆիլմերով, Կաննի, Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոների ընտրանիով, երկու տասնյակից ավելի միայն հայկական ֆիլմերով և այլ ծրագրերով ու միջոցառումներով է այս անգամ տարբերվում «Ոսկե Ծիրանը»։

Voske ciran bacum 4

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը ընդգծեց, որ  փառատոնին այս անգամ մանսակցում են շատ երիտասարդ արտիստներ՝ նոր ոգով և նոր սխալներով, սակայն ամեն ինչ գեղեցիկ է ստացվել։

«Երկրները բազմաթիվ են, որոնք միշտ մասնակցում են «Ոսկե Ծիրանին»։ Նոր միտք ու գաղափար է մտել փառատոնի մեջ։ Մշակութային քաղաքականությունը ավելի կարևոր է, քան իսկական քաղաքականությունը։ Աշխարհի լավագույն և ճանաչված մարդիկ եկել են` իրենց ֆիլմերը ցուցադրելու և Հայաստանը տեսնելու»,- նկատեց Խաչատրյանը։

Այս տարի փառատոնին ավելի ներկայանալի են նաև հայկական ֆիլմերը, սա փառատոնի ներկայացուցիչների խոսքով կարևոր ձեռքբերում է։ Պատերազմն ու հայկական  ցավերին առնչվող թեման էր, որ գերակշռում է փառատոնի ֆիլմերի ասելիքում։

«Իրականում ամբողջ ծրագիրը լի է տարբեր ուղերձներով և կետերով, որը մտածելու տեղիք է տալիս։ Խորհրդանշական ենք համարում, որ փառատոնը և՛ բացվում է, և՛ փակվում է հայկական ֆիլմերով։ Լավ փառատոնի բաղադրիչները առկա են։ Իսկ հայկական ֆիլմերի ավելի ներկայանալիությունը բոլորիս ձեռքբերումն է»,- նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Voske ciran bacum 6

Փառատոնի տարբեր հյուրերն ու ներկայացուցիչները միմյանց հետ քննարկում, զրուցում ու կարևորում էին Ոսկե Ծիրանի նշանակությունը Երևանի մշակութային կյանքում։ Ֆրանսիահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիկյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ սա լավ հնարավորություն է, որ պատերազմ ու քովիդ տեսած հայ ժողովուրդը նորից համախմբվի։

«Շատ մեծ որակի փառատոն է։ Այն պետք է դառնա ավելի փայլուն։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ մարդիկ, մարդիկ, որոնք իմաստ ունեն կինոյի պատմության մեջ։ Փառատոնը նորից սկսում է իր երթը։ Մենք` հայերս, շատ ենք սովորել կորուստի վրա կառուցել՝ պաթոսով և առանց պաթոսի, պետք է դա մշակել, ոչ թե միայն կորստի վրա կառուցել, այլ հասկանալ, թե ինչու ենք մենք միայն կորստի վրա կառուցում»,- ասաց նա։

Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, օսկարակիր Թերի Ջորջը, պատվո հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր, ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին: 

Voske ciran bacum 7

Օսկարակիր Թերի Ջորջի խոսքով՝ այս տարի լավագույն ֆիլմ ընտրելիս հաշվի են առնվելու ֆիլմերի անկախությունը: «Ամբողջ աշխարհում բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք «պոպքոռն»  ժանրից են, իսկ ես այս փառատոնի շրջանակում բացահայտելու եմ անկախ ֆիլմը և ընտրելու եմ հենց անկախ ֆիլմերից»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարծիքով էլ փառատոնը մեր երկրի և մայրաքաղաքի այցեքարտն է դարձել, քանի որ հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր ունի:

«Փառատոնի շնորհիվ տարիների ընթացքում Երևանը դարձել է կինոյի համաշխարհային կենտրոններից մեկը, և մեր պարտքն է կանգնել նախաձեռնության կողքին՝ Երևանը համաշխարհային կինոքարտեզի վրա արժանավույնս դիրքավորելու համար»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ փառատոնի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամ է Երևանի քաղաքապետարանը ստանձնել «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավորի պարտականությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Ոսկե ծիրանը»-ը Հայաստանի կարևորագույն մշակութային ծրագրերից մեկն է համարում: Նրա խոսքով՝ 19 տարվա ընթացքում այն շուրջ 13 հազար հայտ է ստացել ավելի քան 130 երկրից, փառատոնին անդրադարձել են ոչ միայն տեղի, այլև միջազգային լրատվամիջոցները:

Voske ciran bacum 9

Փառատոնը բացվեց հայկական արտադրության Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի ստեղծագործական թիմը կարևորում էր հենց այդ հանգամանքը՝ ֆիլմը ամբողջությամբ ստեղծվել և նկարահանվել է Հայաստանում։ Այն մի տղայի մասին է, որը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և Ստալինյան ժամանակաշրջանում վերադարձել իր երկիր՝ Հայաստան։

«Ամերիկացի» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Մայքլ Գուրջյանը, որը «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, ասաց՝ որ երջանիկ է, որ Հայաստանում է: Նշեց՝ իր ֆիլմի հերոսը, կորցնելով ընտանիքը, ֆիլմում փորձում է գտնել իր արմատները:

«Ամերիկացին» ֆիլմում տարբեր իրադարձություններում է հայտնվում. լինում է ստալինյան կարգերով կառավարվող բանտում, փրկվում Սիբիր աքսորվելուց, հիասթափվում է հայերից ու սկսում ատել Հայաստանը, բայց ի վերջո գտնում է երջանկություն ու մնում Հայաստանում՝ այնտեղ, որտեղ իր արմատներն են։

Voske ciran bacum 11

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են 2020-ի փետրվարին: Սակայն համավարակի սկսվելուն պես նկարահանումները դադարեցվել են:

«Մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝  Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, այդ պահին պարզապես չկարողացան ժամանել Հայաստան։ Մայքլի հետ ծանոթացանք իմ հարազատներից մեկի շնորհիվ, ով ասաց, որ Մայքլը հետաքրքիր սցենար ունի: Երբ կարդացի սցենարը, շատ հավանեցի. այն համամարդկային թեմա է, մեծ ասելիք ունի, իսկական կինո է։ Իսկապես շքեղ ֆիլմ ենք ստացել այն առումով, որ կարողացել ենք նաև ցույց տալ մեր հայկական մշակութային արժեքները»,- նշեց դերասան Արման Նշանյանը։ Ֆիլմը հենց նրա ընկերության`  PEOPLE OF AR Productions-ի արտադրանքն է:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք: Ի տարբերություն «Սողոմոնի երգերը» ֆիլմի, այս ֆիլմում Արման Նշանյանը` որպես դերասան, հանդես չի գալիս: Ինչպես ինքն է նշում՝ որպես դերասան իր ներգրավվածությունն օրինաչափ չէր լինի։

Voske ciran bacum 12

«Ամեն ինչ փորձեցինք անել, որպեսզի ապահովենք պրոֆեսիոնալ միջավայր։ Ցանկացած պրոֆեսիոնալ ոլորտ չի սիրում դժվարություն, մենք էլ փորձեցինք ապահովել հայկական ֆիլմի զարգացման մեր տեսլականը»,- ասաց նա։

Ֆիլմի արտադրողները վերջում  մեջբերեցին  ֆիլմի հերոսի՝ Չարլիի խոսքերը․ «Պետք է մեր ժպիտներով առաջնորդվենք, ոչ թե մեր արցունքներով»։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 997

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: