• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահն է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը․ Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր

«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահն է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը․ Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր

Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր, մասնավորապես՝ իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին և այլք։ 

Այս մասին փառատոնին ընդառաջ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ընթացքում նշեցին փառատոնի  կազմակերպչական թիմի անդամները։

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է: 

Ռեժիսորի հեղինակած ֆիլմացանկում են «Մի մոր տղա», «Բռնցքամարտիկը», «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերը: 2012թ. նկարահանված «Ափը» ֆիլմն արժանացել է Ակադեմիայի մրցանակի` «Լավագույն կարճամետրաժ» անվանակարգում:

Թերի Ջորջն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային և նկարահանել «Խոստում» ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Օսկար Այզեքը, Շառլոտ Լե Բոնը, Ջեյմս Քրոնվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը: Բացի այս Թերի Ջորջը  Ջիմ Շերիդանի հետ համահեղինակել է «Հանուն հոր» հանրահայտ դրամայի սցենարը, որը ստացել է Օսկարի յոթ նոմինացիա, այդ թվում` լավագույն էկրանավորված սցենար անվանակարգում։ Ֆիլմի գլխավոր դերերում են Դանիել Դեյ-Լյուիսն ու Էմմա Թոմսոնը:

Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր փառատոնի (IDFA) գեղարվեստական ղեկավար, պրոդյուսեր, ռեժիոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան:

Օրվա Նիրաբիան կնոջ հետ միասին Սիրիայում հիմնել են «DOX BOX» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը, որը դարձել է վավերագրական ֆիլմերի ամենակարևոր հարթակն արաբական աշխարհում (2008)։

Նիրաբիան մի շարք ֆիլմերի պրոդյուսեր է եղել, դրանց թվում են՝ «Տիկնիկներ. մի կին Դամասկոսից», «Արծաթաջուր. Սիրիայի ինքնանկարը», «Վերադարձ Հոմս»: Վերջինը 2014-ին Սանդենս կինոփառատոնում արժանացել է Ժյուրիի մրցանակին: 2017-ին Նիրաբիան և կինը՝ Դիանա էլ Ջերուդին, դարձան առաջին սիրիացիները, որոնք ընդգրկվեցին Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիա, իսկ մեկ տարի անց՝ 2018-ին, Նիրաբիան դարձավ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոնի տնօրեն:

Սիրիայի իշխանությունները ձերբակալեցին Նիրաբիային Դամասկոսի օդանավակայանում, իսկ հետո ազատ արձակեցին, երբ համաշխարհային ճանաչում ունեցող բազում կինոգործիչներ սկսեցին արշավ՝ հանուն նրա ազատության: Նրանց թվում էին Ռոբերտ դե Նիրոն, Քեվին Սփեյսին, Ժյուլիետ Բինոշը:

Նիրաբիան 2011-ին կազմեց սիրիացի կինոգործիչների միջազգային կոչ Սիրիայի ժողովրդավարության պահանջով, որը մասնագիտական խմբի կողմից արվող առաջին հանրային հայտարարությունն էր: Կոչին միացան ավելի քան 1000 կինոաստղեր, որոնց թվում էին Ժյուլիետ Բինոշը, Մոհսեն Մախմալբաֆը և Մայք Լին:  

Կինոփառատոնի պատվավոր հյուրն է հեղինակային կինոյի ամենայուրօրինակ ռեժիսորներից մեկը՝ կատալոնացի  Ալբերտ Սեռան, որը հայտնի է «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» (2006թ), «Մահվան իմ պատմությունը» (2013թ.), «Լուի XIV-ի մահը» (2016թ.) և «Ազատություն» (Liberte 2019թ) ֆիլմերով:

2007 թվականին ռեժիսորի «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» «Cahiers du Cinéma» կինոամսագրի կողմից ներառվել է տարվա 10 լավագույն ֆիլմերի ցուցակում: 2013-ին «Մահվան իմ պատմությունը» արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե հովազ» գլխավոր մրցանակին:

2015 թվականին Լոնդոնի Tate Modern արվեստի թանգարանում կայացել է Ալբերտ Սեռայի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Ազատություն» ֆիլմի համար 2019 թվականին արժանացել է Կաննի փառատոնի «Հատուկ Հայացք» ծրագրի գլխավոր մրցանակին: 

Աշխարհով մեկ բազում կինոքննադատներ որակում են Ալբերտ Սեռայի ֆիլմերը որպես համարձակ և ռադիկալ կինոյի լավագույն նմուշներ։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 197

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: