«Ճամպ'ա ունիս»․ տեղի ունեցավ Հրաչյա Վարդանյանի անհատական ցուցահանդեսի բացումը

Մարտի 26-ին Two Arcs արվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ Հրաչյա Վարդանյանի «Ճամպ'ա ունիս» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը։  Ցուցադրված էին հեղինակի երկու շարքերը՝ «Լուսակիր Գիշերը» և «Կողմնորոշման Հանգույցները»։

Շարքերի հիմքում ընկած է գիշերվա մեջ ծագող լույսը, որը  մթության մեջ լույսը գտնելու խորհրդանիշ է։ Նկարչի համար գիշերվա մեջ ծագող լույսը բանական տիեզերակարգի հետ հանդիպման հրավեր է, որն ի դերև է հանում Աշխարհի Առանցքի կամ Կյանքի ծառի գաղափարը։

Գիշերային երկինքն ու աստղերի դիցաբանությունը ևս առանցքային նշանակություն ունեն Հրաչյա Վարդանյանի աշխատանքներն ընկալելիս։ Դրանք արտահայտվում են ներքին ու արտաքին լանդշաֆտային շերտերում, իսկ այն կետը, որտեղ միաձուլվում են տեսանելին և անտեսանելին, «կենդանի իմաստության ակնունքն է», որի պաշտպանն էլ տարբեր մշակույթներում առկա Վիշապի կերպարն է։ Վերջինիս ամեն շարժմամբ էլ ձևափոխվում է լանդշաֆտը։ 

«Լուսակիր Գիշերը» և «Կողմնորոշման Հանգույցները» շարքերի մեջ են մտնում նաև ևս երկու աշխատանքներ, որոնք, Վենետիկի բիենալեին զուգընթաց,  այժմ տեղափոխվում են  Վենետիկ՝ Եվրոպական մշակութային կենտրոնում 2022 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր ցուցադրվելու նպատակով։ Վերջիններս ունեն «crack{s}» անունը և ներկայացվում են ինստալյացիայի տեսքով։ Ցուցասրահում առկա էին այդ աշխատանքների լուսանկարները։

Խոսելով ցուցահանդեսի խորագրից՝ հեղինակը նշեց, որ այն խորհրդանշական է մեր մշակույթում և մի ուրույն բանալի է իր աշխատանքներն ընկալելու համար։ «Ճանապարհ ունես գնալու» արտահայտությունը հաճախ է հնչում սուրճի սեղանի շուրջ գուշակություններ անելիս և մրուրի ճաքերում և խոռոչներում իմաստներ փնտրելիս։ Հենց այս կերպ էլ յուրօրինակ տեխնիկայով ստեղծագործող նկարիչը բացատրում է իր աշխատանքների հետևում գտնվող իմաստը։

«Աշխատանքներում գտնվող ճաքերն ու խոռոչները շատ կարևոր են աշխատանքներն ընկալելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս փնտրել և գտնել այն, ինչ թաքնված է դրանց հետևում։ Հենց դրանք են դիտողներին մտածելու տեղիք տալիս և ազդեցություն թողնում նրանց գիտակցության վրա՝ հանգեցնելով գիտակցական նոր փոփոխությունների և ստեղծելով մի նոր իրականություն»,- ասաց Հրաչյա Վարդանյանը։

Ցուցահանդեսին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա արվեստասերներ, որոնք ևս անմասն չէին մնում նկարչի արվեստին։

Ցուցահանդեսը կայացել է այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում և  բաց կլինի մինչև ապրիլի 3-ը։

DSC 1323Cucahandes Harach2Cucahandes HrachHrach cucahandes

Անի Մարտիրոսյան

 

  • Created on .
  • Hits: 979

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: