Մեկնարկում  է «Ծիրանի ծառ» Ուջանի 7-րդ միջազգային կինոփառատոնը

 

 

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, օգոստոսի 22-29-ը Արագածոտն մարզի Ուջան գյուղում տեղի կունանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը:

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի 29 ֆիլմ՝ 22 երկրից (Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Ֆիլիպիններ, Չինաստան, Մարոկկո և այլն)։ Փառատոնի ծրագրում ներառված են ազգագրական, մարդաբանական ու փորձարարական ժանրերի լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր:

«Մեր չափանիշը միշտ էլ բարձր գեղարվեստական որակն է եղել ու փորձում ենք ուրիշ սահմանափակում չդնել: Շատ անգամ մեր` զուտ վավերագրական ձևաչափից էլ ենք դուրս  գալիս՝ ներառելով խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանագծին գտնվող ֆիլմեր։ Այս տարի, օրինակ, այդպիսի ֆիլմ է իսպանացի Լոիս Պատինյոյի «Կարմիր լուսնի մակընթացը», որն այնքան ազդեցիկ էր, որ որոշեցինք ներառել՝ չնայած խաղարկային տարրերը ֆիլմում գերակշռում են։ Մնացած ծրագիրը շատ բազմազան է այն իմաստով, որ փորձում ենք շատ ինքնուրույն ոճով ու սեփական դեմք ունեցող ռեժիսորների ֆիլմեր ընտրել, որոնցից ոչ մեկն իրոք մյուսին նման չէ»,-մանրամասնում է փառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը։Կարեն Գևորգյան. Երկընտրանք

Միջոցառմանն ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանն ասաց, որ այս տարի նախաձեռնել են անցկացնել նաև ոչ խաղարկային կինոյին նվիրված միջազգային կոնֆերանս, որի մասնակից-հյուրերը կլինեն շուրջ երկու տասնյակ երկրից: 

Փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքը կլինի ազատ ու անվճար։ Փառատոնային Երևան-Ուջան-Երևան երթուղին երևանյան հանդիսատեսին ևս հնարավորություն կտա կտրվել քաղաքային անցուդարձից, ցերեկային ժամերին գալ Ուջան, բազմապիսի ֆիլմեր դիտել Ուջանի մշակույթի տանը, այնուհետ տեղափոխվել Ուջանի այգի և մինչև ուշ երեկո, բաց երկնքի տակ շարունակել վայելել արդի համաշխարհային վավերագրական կինոյի լավագույն նմուշները։

Օգոստոսի 22-ին՝ կինոփառատոնի բացման  արարողությունից հետո, տեղի կունենա «Ուջանյան պատմություն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան, որը հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ է: Հեղինակը  «Ծիրանի ծառ»-2017-ի շրջանակում գլխավոր մրցանակի արժանացած իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրն է։UJAN STORY poster

Փառատոնի շրջանակում բոլոր մասնակիցներն ապրում են ուջանցիների տներում։ Եվ Մեհրը, սիրահարվելով Ուջանի մթնոլորտին և իրեն հյուրընկալած Մանվելյանների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի աջակցությամբ լիամետրաժ ֆիլմ ստեղծել իր հյուրընկալների և Ուջանի մասին։

 Արթուր Վարդիկյանն այս ֆիլմը  կինոփառատոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է համարում, քանզի փառատոնի նպատակը ոչ միայն վավերագրական կինոյի լավագույն նմուշները Հայաստանում ցուցադրելն է, այլև միջազգային մշակութային շփմանը նպաստելը և հայ մշակույթն արտասահմանցի ստեղծագործ անձանց հասանելի դարձնելը։

Փառատոնի արտամրցութային բաժնում հատուկ ծրագրով հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիական կինոյի յուրատիպ ու մեծագույն վարպետներից մեկին՝ առեղծվածային Քրիս Մարկերին՝ վերջինիս 100-ամյակի կապակցությամբ։ Օգոստոսի 26-ին՝ ժ․ 19։30-ին, Ուջանի այգում կցուցադրվեն նրա գլուխգործոցներից երեքը՝ «Դիտահարթակը», «Առանց արև»-ը և «Անդրեյ Արսենևիչի մեկ օրը»։ «Սրանք բացառիկ ու աննկարագրելի երևույթ են ոչ միայն ֆրանսիական, այլև համաշխարհային կինոյի պատմության մեջ»,-հավելում է Վարդիկյանը:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև ամերիկահայ ռեժիսոր Արա Մածունյանի նոր՝ «Վարպետ Էդդի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ 

Կինոփառատոնը կփակվի hայ-ռուսաստանցի կինոռեժիսոր, օպերատոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» վավերագրական ֆիլմով։ Թեպետ հեղինակն այս ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում զետեղված են  Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ու 90-ական թվականների երկրորդ կեսին Գևորգյանի նկարած բացառիկ կադրերը ռազմաճակատից ու հետպատերազմական կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի և այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի ձեռք բերած հաղթանակը չփոշիանա։

Փառատոնի փակման արարողությունից հետո կցուցադրվեն նաև փառատոնի շրջանակում ստեղծված Ուջանի կինոդպրոցի սաների կողմից պատրաստված ֆիլմերը: «Ֆիլմադարան» ՀԿ-ի անդամների համոզմամբ՝  ներկայումս Հայաստանում կինոոլորտը և ընդհանրապես մշակույթը խորը ճգնաժամ են ապրում, և սա վերաբերում է ոչ միայն արտադրվող ֆիլմերի որակին ու բուհական կրթության անարդյունավետությանը, այլև ամենակարևորը՝ հանդիսականի ճաշակին ու ընկալունակությանը։  Եվ քանի որ հենց մշակույթը, արվեստն ու գիտությունն են ունակ հակակշիռ լինել սպառողական մտածողության կարծրատիպերին, ուստի փառատոնի, կինոդպրոցի և «Ֆիլմադարան»- ՀԿ-ի  գերխնդիրն է պատրաստել կիրթ, ազատ ստեղծագործական մտքով օժտված քաղաքացիներ։

 

Մարջան Չոբանյան

 

Կից՝  ցուցադրությունների ժամանակացույցը

  • Created on .
  • Hits: 1133

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: