Ալեքսանդր Թոփչյանը՝ 60-ականների գրականության և այսօրվա «սելֆի» արձակի մասին

 

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի շրջանակում շարունակվում են գրականությանը վերաբերող տարբեր թեմաներով քննարկումները։

Գրաքննադատ, թարգմանիչ և գրող Ալեքսանդր Թոփչյանը «Զանգակ» գրատանը հուլիսի 30-ին խոսեց 1960-ականների գրականության, «Գարուն» ամսագրով գրական ասպարեզ մտած գրողների և նրանց ստեղծագործական ազդեցությունների մասին։

Թոփչյանը նախ նշեց, որ չափազանց հաճելի է, որ ներկաների մեծամասնությունը իգական սեռի է, որովհետև ժողովրդի ճակատագրական պահերին արթնանում է մայրական բնազդը, հետո ընդգծեց, որ դասախոսություն չի կարդալու, որովհետև «դաս» բառն իրեն վախեցնում է․ «Մարդուն դաս տալը պարտավորեցնող է։ Ավելի շատ դու քեզ ես պարտավորեցնում, քան նրան, ում համար որ դասն է, դու նրա վզին ինչ-որ բան ես փաթաթում։ Անշուշտ, խորհուրդներ պետք են, մանկավարժական ուղղորդումներ մինչև 12-13 տարեկան, բայց ես կնախընտրեի արևմտահայերեն տարբերակը օգտագործել՝ բանախոսություն․ այս բառն ավելի է ազնվացում այդ գործողությունը»։

Թոփչյանի խոսքով՝ 60-ականների գրականության 90 տոկոսը, ինչն իսկապես արժեք էր, ստեղծվեց «Գարուն» ամսագրում, որի հիմնադիրներից մեկը ինքն է եղել․ «Այդ ամսագրի հայտնությունը բարեբախտություն էր, և իմ կյանքի ստեղծագործական սկիզբը զուգադիպեց այդ թվականներին։ Տասը տարի աշախտեցի, հետո գնացի կինոստուդիա՝ որպես գլխավոր խմբագիր։

Գրողի խոսքով՝ «Գարուն» ամսագրում առաջին իսկ հրապարակումներից պոռթկաց, այսպես ասած, բանավեճերի մի ալիք. «Վերջին 200 տարում թե՛ քանակական, թե՛ որակական առումով մամուլում այդպիսի անդրադարձ չի եղել, ինչպես «գարունական» սերնդին՝ Արտեմ Հարությունյանին, Հենրիկ էդոյանին, Արմեն Մարտիրոսյանին, Սլավիկ Չիլոյանին, Հովհաննես Գրիգորյանին, Դավիթ Հովհաննեսին։ Ես հսկա թղթապանակ ունեմ, որտեղ հավաքել եմ այդ պոետների մասին միայն Հայաստանում լույս տեսած բանավիճային հարյուրից ավելի հոդվածներ:Սա երկու բան էր բացատրում: Նախ, այդ պոեզիան մեծ ասելիքի հիմք էր տալիս։ Երկրորդ՝ մեր գրականագիտությունը և նրան կապկող գավառամիտ քննադատությունը, չէր ուզում ընդունել, որ այլ շղթա է ձևավորվել»։

Այս խմորվող գործընթացը, ըստ Թոփչյանի, ապացուցեց կարևոր մի փաստ․ «Չնայած գործը հասավ անգամ կուսակցական մարմիններին` մենք համոզվեցինք, որ մեր ստեղծածը իր արժեքով, հասարակական հնչեղությամբ բոլորովին չի զիջում մյուս հանրապետություններում ստեղծվող պոեզիային, ավելին՝ նույնիսկ մեզնից սովորում են»։

Թոփչյանը նաև գրքի երևանյան փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում է եղել։ Գրաքննադատը հետաքրքիր երևույթ է նկատել ժամանակակից գրական մտածողության մեջ․

«Արևմտյան ազդեցություններ են երևում: Մեկ այլ հետաքրքիր ֆենոմեն էլ կա. ստեղծվում է սելֆի գրականություն, հատկապես՝ արձակում: Դիմացը դրած՝ ինքն իրեն նայում ու գրում է. «Ես սուրճը խմեցի, տխուր էի, բայց հանկարծ մտածեցի...»: Սա ի՞նչ պատիժ է: Արյուն է թափվում, կռիվ, պատերազմ, իսկ դու էստեղ քո սուրճով»։

Այն գործերում էլ, որտեղ ասելիք կար, նկատվում էր մի ահավոր երևույթ․ «խորշանք կյանքից»։ Երիտասարդների արձակում մի կյանք էր, որը ոչ մի ուրախություն չի տալիս նրանց: Ոչ մեկի մոտ կյանքի հրճվանք չտեսա»,-եզրափակեց գրաքննադատը:

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 1068

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: