Գրքի երևանյան փառատոն 2021․ Տաղավարներն ու ներկայացված գրքերը

Հուլիսի 30-ին մեկնարկեց Գրքի երևանյան 4-րդ փառատոնը, որտեղ, ի թիվս տարբեր հետաքրքիր հանդիպումների, գրական քննարկումների, նոր գրքերի շնորհանդեսների, երեք օր հայ ընթերցողը հնարավորություն կունենա գնել շուրջ երկու տասնյակ հրատարակիչների կողմից առաջարկվող գրքերը՝ մեծ զեղչերով։

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկին զուգահեռ՝ ՀՀ նկարիչների միությունում գործում են և մինչև օգոստոսի 1-ը կգործեն գրքերի տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է՝ հայ ընթերցողին գրավելու համար։

«Զանգակ» հրատարակչության մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը նշեց, որ իրենք ներկայանում են ինչպես «Զանգակ» հրատարակչության, այնպես էլ՝ ներմուծված գրքերով, ինչը բավական գրավիչ է օտարալեզու գրականություն սիրող ընթերցասերների համար։ Հետաքրքիր է նաև, որ Զանգակի տաղավարում կարելի է գտնել «PocketBook» էլեկտրոնային ընթերցիչներ, որոնց պաշտոնական ներկայացուցիչը հենց Զանգակն է։ Այս հրատարակչությունը ընթերցողներին խոստանում է մինչև 40% զեղչ։

Ամենից մեծ՝ 50% զեղչեր առաջարկում է «Գրատուն» հրատարակչությունը, որտեղից կարելի է ձեռք բերել ինչպես համաշխարհային հայտնիների մասին կենսագրական վեպեր՝ հայերեն թարգմանությամբ, այնպես էլ հայ ժամանակակից գրողների գրքեր, ֆրանսիական պոեզիայի և իրանական արձակի ժողովածուներ՝ թարգմանված հայերեն։

Ժամանակակից հայ գրականությամբ է ներկայանում «Գրանիշ» հրատարակչությունը։ Այս հրատարակչության նորություններից են Կարեն Անտաշյանի «Դզոն»-ը բանաստեղծությունների ժողովածուն, Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գիրքը։ Վերջինս հատկապես հայտնի դարձավ Եվրոպական գրքի մրցանակաբաշխությամբ․ այն 5 գրքերից մեկն էր, որ կարող էր շահել Եվրոպական մրցանակ։ «Գրանիշ» հրատարակչության տնօրեն Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ իրենք ընթերցողին առաջարկում են շուրջ 20-30% զեղչերով գնել և կարդալ հայ ժամանակակից գրականություն։

Այս տարի Գրքի երևանյան փառատոնին շուրջ 70 անուն գրքերով է ներկայանում «Դարակ» հրատարակչությունը, որոնք նախատեսված են տարբեր տարիքային և հետաքրքրություններով մարդկանց համար։ Հրատարակչության տնօրենի խոսքերով՝ ներկայացնում են թե՛ թարգմանական, թե՛ հայ հեղինակների գործեր՝ 20-40% զեղչերով։

Գրքի երևանյան փառատոնին առաջին անգամ ներկայացող հրատարակչություններից է «Գրքամոլ»-ը։ Այս հրատարակչությունը ընթերցողին է առաջարկում երեք գիրք, որոնք բոլորն էլ «Հայ գրող» մատենաշարով են։ Գրքերից առաջինը Սեյրան Գրիգորյանի «Ինչու ես տխուր» գիրքն է, որը, ինչպես նշում է հրատարակչության հիմնադիր Համլետ Մուրադյանը՝ բավական սիրված և պահանջված գիրք է։ Իսկ մյուս երկու գրքերը այս հրատարակչության նորություններն են․ դրանցից մեկը հայ ժամանակակից գրող Լիլիթ Բաղդասարյանի պոեզիայի ժողովածուն է՝ «locus morbi» խորագրով, իսկ մյուսը աշխարհահռչակ Անրի Վերնոյի «Մայրիկը»՝ նոր ու վառ հրատարակությամբ։ «Գրքամոլ»-ի գրքերը այս օրերին կարելի է գնել 30% զեղչով։

Շուրջ 500 անուն գրքով է այս փառատոնին ներկայացել «Անտարես» հրատարակչությունը՝ հայ ժամանակակից հեղինակների երկերից, մինչև՝ թարգմանական և մանկական գրականություն։ Հրատարակչության հանրային կապերի ղեկավար Ռոզա Գրիգորյանը նշում է, որ փառատոնի 3 օրերին ընթերցողներին գրքերի մեծ հարցում օգնության են գալու գրողներ և թարգմանիչներ, որոնք իրենց խորհուրդներով փորձելու են նպաստել գրականության տարածմանը, ինչպես նաև օգտվել առիթից՝ շփվելու իրենց ընթերցողների հետ։ «Անտարես»-ը առաջարկում է 20-30% զեղչ։

Առհասարակ, ավելի քան հազար անուն գրքերի մեջ հայ ընթերցողը կկարողանա գտնել իր նախասիրած գրականությունը, քանի որ ներկայացված է բազմաժանր, բազմաբնույթ ու բազմալեզու գրքաբույլ՝ գիտականից մինչև գեղարվեստական, թարգմանություններից մինչև բնագրային գործեր կամ ներմուծված գրքեր։

 

Արեգ Բագրատյան

      

  • Created on .
  • Hits: 1668

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: