ԼԱՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԿՎԵՐԱՑՆԵՆ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ․ ԿԱՁՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ

 Դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում կայացավ Նոբելյան մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Ինչպես արդեն գիտենք՝ 2017 թվականի Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոն:

 Իսիգուրոն մրցանակին արժանացել է իր վեպերում մեծ հուզական զորությամբ աշխարհի հետ մեր պատրանքային կապերի անդունդի բացահայտման համար։

 Գրողն իր խոսքում անդրադարձել է սոցիալական անհավասարությանը, մարդասիրական արժեքների ճգնաժամին, դրանց վերաբերյալ իր հիասթափությանը և տեխնիկական առաջընթացի համար սեփական հավատքին։ Հայտնել է նաև, որ մտադիր է իր ուժերը փորձել մանգա կատակերգության ժանրում, ինչով մանկուց է հետաքրքրված։

 Իսիգուրոն կարծում է, որ պետք չէ կենտրոնոնալ մեկ ուղղության վրա, կարևոր է տարբեր մարդկանց հետ համագործակցել և զարգացնել երևակայությունը։

 «Երիտասարդ գրողները կարող են մեզ ներկայացնել աշխարհի վերաբերյալ իրենց յուրօրինակ տեսլականը, պատմություններ ասելու նոր եղանակները։ Մենք պետք է դաստիարականեք և աջակցենք նրանց, պատվենք լավագույնին։ Լավ գրականությունը և սերը ընթերցանության հանդեպ կվերացնեն բոլոր խոչընդոտները, կօգնեն մարդկության միավորման համար նոր գաղափարներ գտնել»,- ընդգծել է Կաձուո Իսիգուրոն։

 Նա նաև անդրադարձել է իր ծագմանը․ «Երբ մեր ազգի ներկայացուցիչներից մեկը Նոբելյան մրցանակի է արժանանում, մենք հպարտություն չենք զգում՝ այլ ազգերի հանդեպ գերիշխանություն ցուցադրելով։ Մենք պարզապես հասկանում ենք և ընդունում այն փաստը, որ մեզնից մեկը նշանակալից ներդրում է կատարել մարդկային ընդհանուր ձգտման հարցում»։

 Իսիգուրոն երրորդ ճապոնացի նոբելյան դափնեկիրն է Յասունարի Կավաբատայից (1968) և Կեձաբուրո Օեից (1994) հետո։

 Քննադատները և գրականագետները գրողի՝ անգլերենով ստեղծագործելու վերաբերյալ բազմիցս ասել են, որ ժամանակակից բրիտանացի գրողներից ոչ մեկը չի գրում նման «փայլուն անգլերենով», ինչպես Ճապոնիայից Կադզուո Իսիգուրոն է գրում։

 Կաձուո Իսիգուրոն ծնվել է 1954 թվականի Նագասակի քաղաքում։ 1960 թվականին ընտանիքի հետ բնակության է տեղափոխվում Անգլիայի Գիլֆորդ քաղաք։ 1974 թվականին ընդունվում է Քենթի համալսարան (University of Kent) և 1978 թվականին այն ավարտում Անգլերեն լեզվի և փիլիսոփայության բակալավրի աստիճանով։

 Այնուհետև սկսում է հաճախել Արևելյան Անգլիայի համալսարանի (University of East Anglia) Մալքոլմ Բրեդբերիի գրողական դասընթացին և 1980 թվականին այն ավարտում Արվեստի մագիստրոսի կոչումով։

 Կաձուո Իսիգուրոյի գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ 40 լեզուներով: «Օրվա մասունքները» (The Remains of the Day) գրքի համար հեղինակը 1989թ. ստացել է Բուքերյան մրցանակ։
  • Created on .
  • Hits: 3320

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: