ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ԲԻՐԳՅՈՒԼ ՕՂՈՒԶԻ «ՀԱ՛Հ» ՎԵՊԸ ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ

 Թուրք հայտնի արձակագիր Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպը, որ 2014 թվականին արժանացել է Եվրամիության Գրական մցանակին և թարգմանվել է տասնյակից ավելի լեզուներով, արդեն հասանելի է նաև հայ ընթերցողին՝ հայերեն թարգմանությամբ: Օրերս վեպի հեղինակը Հայաստանում էր, և հենց նրա մասնակցությամբ էլ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին նաև «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչները, գրքի թարգմանիչներն ու բազմաթիվ ընթերցասերներ:

 Նշենք, որ գրքի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Ջունդա» մոդելի կիրառմամբ, որն աննախադեպ է հայ իրականության մեջ: Այն յոթ թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է: Վեպի թարգմանիչներն են Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադևոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթևիկ Սարգսյանն ու Սաթենիկ Պետրոսյանը, իսկ խմբագրել և ծանոթագրել են Զավեն Բոյաջյանն ու Արմեն Հայաստանցին։

 Գրքի խմբագիրներից Արմեն Հայաստանցին Cultural.am-ի հետ զրույցում նշեց, որ նման մոդելի կիրառման նպատակն էր նաև թուրքերենից հայերեն գեղարվեստական թարգմանիչների համայնքի ստեղծումը: Այս բարդ գիրքն էլ ընտրել են, քանի որ դժվարությունը հաղթահարելու դեպքում ցանկացած այլ գիրք թուրքերենից հայերեն հեշտությամբ կթարգմանեն։ «Ջունդան հայտնի մեթոդ է, որը մենք կիրառեցինք նաև Հայաստանում: Պարզապես այստեղ մենք չունեինք թուրքերենից հայերեն գեղարվեստական թարգմանության մեծ թվով հմուտ մասնագետներ, դրա համար էլ ընդգրկեցինք բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես շատ լավ թարգմանիչներ են ու շատ լավ գիտեն թե՛ հայերեն, թե՛ թուրքերեն»,- ասաց նա:

 Արմենի խոսքով` գրքի հեղինակի` Բիրգյուլի հետ ծանոթացել է դեռևս 2015 թվականին ԱՄՆ-ում և առաջին անգամ հենց այնտեղ է կարդացել «Հա՛հ»-ը, իհարկե, անգլերեն թարգմանությամբ. այն ժամանակ դեռ թուրքերենին չէր տիրապետում. «Շատ ազդեցիկ էր: Օրեր շարունակ խոսում էինք այն մասին, որ շատ կցանկանամ՝ այդ գիրքը հայ ընթերցողին էլ հասանելի լինի, որովհետև արդեն իսկ թարգմանվել էր մեկ տասնյակից ավելի լեզուներով: Փաստորեն մեր համատեղ երազանքն իրականացավ: Գիրքը հրատարակվեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում: Այսօր էլ տոնում ենք մեր երկարատև աշխատանքի արդյունքը»:

 Ըստ Արմեն Հայաստանցու`գրականությունն այն հզոր գործիքներից մեկն է, որը ոչ մի սահման չի ճանաչում: Միակ սահմանը, որ կարող է լինել, լեզվական տիրույթն է, բայց գրականությունն անգամ լեզուն է ի վիճակի փոխելու. «Կարծում եմ՝ արվեստի ու գրականության այդ մեծ ներուժը մենք պետք է անընդհատ օգտագործենք` հաշտեցման, երկխոսության ու ներքին խոսակցություն ծավալելու համար: Բոլոր նախապաշարմունքներից դու ձերբազատվում ես, երբ առնչվում ես գրքի հետ. այդ ժամանակ արդեն քեզ համար կարևոր չէ՝ գրողը թուրք է, չինացի, թե ճապոնացի: Դու մտնում ես նրա ստեղծած աշխարհը, որտեղ ամեն ինչ հնարավոր է»,- նկատեց խմբագիրը:

 Գրքի թարգմանիչներից Տաթևիկ Սարգսյանը մեր զրույցում ընդգծեց` գիրքը հեշտ չէր թարգմանել, քանի որ ստեղծագործությունը շատ հուզական է ու էմոցիոնալ, և թուրքերեն տեքստը հիմնված է բառախաղի ու հնչյունախաղի վրա. «Գիրքն ուներ ձայն, երաժշտություն, այսինքն՝ հնչող ստեղծագործություն էր: Եվ այդ հնչյուններն ու ձայները հայերենով արտահայտելը թերևս ինձ համար ամենաբարդ հատվածն էր թարգմանության: Գիտեք, թարգմանիչներից յուրաքանչյուրս գրքից ինչ-որ սիրելի հատված կամ տող ունեինք: Ես իմ սիրելի հատվածը վերցրել էի, շարունակել ու նման մի բանաստեղծություն գրել: Վերջին օրը, երբ Բիրգյուլի համար կարդացի, նա շատ հուզված էր»,- պատմում է Տաթևը:

 Հեղինակը`Բիրգյուլ Օղուզը, հայ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ` այժմ խանդում է իր գրքին ու նախանձով է լցվում, քանի որ այն արևելահայերեն մարմին է գտել, իսկ ինքը չի կարող ընթերցել. «Այս գիրքը մի կողմից ցույց է տալիս, որ մահը սահմանափակում է մեր կյանքը և այդպիսով շատ դաժան մի բան է, մյուս կողմից էլ կյանքի գեղեցկությունն է ցույց տալիս: Գիրքը գրելիս ես միևնույն ժամանակ և՛ ինքնասպանի էի նման, և՛ մեկին, ով շատ է ցանկանում ապրել: Վեպը կարծես երկու ոգի է գրել, մեկը՝ 4-ամսական ահասարսուռ մի երեխա, որը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, և մյուսը` ընդհակառակը` ակնոցավոր խորիմաստ մեկը, որն ամեն ինչից հասկանում է, ամեն բան գիտի: Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա «Հա՛հ»-ը ցավի պոռթկում է և ձայնարկության իմաստով է կիրառված»,- նկատեց թուրք գրողը:

 Նշենք, որ «Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ՝ Գյուլի, Գյուլնիգյարի և Ռույայի հոգևոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, մտապատկերների ոգեկոչում, դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քնքշանքի և կարոտի հերթագայություն։

 Իսկ ինչ վերաբերում է գրքի գեղարվեստական արժեքին, ապա Զավեն Բոյաջյանի խոսքով` այն զուտ պոստմոդեռնիստական ստեղծագործություն է և նախատեսված է ավելի պատրաստված ընթերցողի համար, քանի որ գրքում շատ են միջտեքստային աղերսները և՛ թուրք գրականության, և՛ համաշխարհային գրականության նշանավոր գործերի հետ: Բայց եթե մի կողմ թողնենք այդ պոստմոդեռնիստական կողմը, ապա զուտ շարքային ընթերցողի համար գիրքը հետաքրքիր է այն առումով, որ ներկայացնում է մի հուզավիճակ, որը կարող է հոգեհարազատ լինել ցանկացած մարդու. «Իրականում գիրքը գրված է ողբի գրական ժանրով, և ես ուրախ եմ, որ ժամանակակից այնպիսի հեղինակ, ինչպիսին Բիրգյուլն է, կարողացել է այդ հինավուրց ժանրային շրջանակների մեջ նոր բովանդակություն դնել»,- հավելեց նա:

Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները Eurasia Partnership Found-Armenia և Jean-Paul Existential Cafe & Navavar ֆեյսբուքյան էջերից

25552339 2111259202221376 9096714634570956100 n

25399075 2111258912221405 3312736513514068716 n

25443333 2111258742221422 228948921529024371 n

25550248 2111258875554742 1179754532508234350 n

25399132 2111259215554708 359645327477514839 n
  • Created on .
  • Hits: 3757

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: