ՌԵՄԱՐԿԻ «ԵՐԵՔ ԸՆԿԵՐ» ՎԵՊԸ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԲՆԱԳՐԻՑ՝ ԱՌԱՆՑ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ

 20-րդ դարի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հայերեն է թարգմանվել բնագրից՝ գերմաներենից, և արդեն հասանելի է հայ ընթերցողին: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները և բազմաթիվ գրքասերներ:

 Իհարկե, «Երեք ընկեր»-ը հայ ընթերցողներին հասանելի էր նաև հին հրատարակությամբ, սակայն այd դեպքում գիրքը թարգմանվել էր ռուսերենից, այսինքն՝ միջնորդ լեզվից, և ստեղծագործության մոտ 10-15 տոկոսը կրճատված է եղել՝ քաղաքական ենթատեքստ ունենալու պատճառով: Այժմ արդեն Ռեմարկի գործերը կթարգմանվեն բնագրից և առանց կրճատումների, ամբողջական:

 «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝ բավական դժվարությամբ են կարողացել ձեռք բերել Ռեմարկի գործերը թարգմանելու հեղինակային իրավունքները, բայց այժմ մեկը մյուսի հետևից կթարգմանվեն ու լույս կտեսնեն գերմանացի հեղինակի ամենահայտնի ու սիրված ստեղծագործությունները: Հաջորդը «Հաղթական կամար»-ն է լինելու, և թարգմանությունը կրկին վստահվել է Վանուհի Բաղմանյանին, ինչպես «Երեք ընկեր»-ի դեպքում. «Նա հրաշալի տիրապետում է թե՛ գերմաներենին և թե՛ հայերենին, ու շատ որակյալ թարգմանություն է կատարել: Կարծում եմ՝ գիրքը շատ լավ կընդունվի հայ ընթերցողների կողմից»,- նշեց պարոն Կարապետյանը:

 Թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը խոստովանում է՝ թարգմանչի պատասխանատվությունն այս դեպքում մի քանի անգամ ավելի շատ է եղել, քանի որ խնդիր կար հեղինակի ոճին հավատարիմ մնալու, նրա սեփական ապրումներն ու զգացողությունները ճշտորեն փոխանցելու։ «Գաղտնիք չէ, որ Ռեմարկն էլ է «կորուսյալ սերնդի» ներկայացուցիչ եղել, ով պատերազմից հետո այդպես էլ չի կարողացել ամբողջովին ինտեգրվել հասարակության բնականոն կյանքին: Հավատացեք՝ թարգմանության ընթացքում էլ այդ ամենն իսկապես զգացել եմ ինձ վրա: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ընթերցող վեպում կգտնի իրեն հոգեհարազատ, սրտամոտ շերտեր, քանի որ այստեղ ընկերությունը, սերը գերակայող են, և առկա է իրական լավատեսություն»,- նկատեց թարգմանչուհին:

 Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն ու ճակատագրերը շատ նման են իրար: Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

Աստղիկ Իսկանդարյան


DSCN5634

DSCN5647

DSCN5643

DSCN5638

DSCN5656

DSCN5662

DSCN5680
  • Created on .
  • Hits: 3504

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: