«ԱՂՄԿՈՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»: ՊԱՏՐԱՍՎԵ՛Ք ԴԻՄԱՎՈՐԵԼ ՄԻ ԱՂՋԿԱ, ՈՐԻ ՁԱՅՆԸ ԵՐԲԵՔ ՉԵՔ ՄՈՌԱՆԱ

 «Ի՜նչ գեղեցիկ են ձեր լեռները, ի՜նչ հրաշք բնություն ունեք: Ես լեռնագնացության սիրահար չեմ, բայց ես հմայվել եմ այս լեռների գեղեցկությամբ․ կախարդական ու հեքիաթային մի բան կա թաքնված»,- այսպես սկսեց իր խոսքը արձակագիր Շերոն Դրեյփերը։ Գյումրիի «Էմիլի Արեգակ» հատուկ կարքիներ ունեցող երեխաների կենտրոնում կայացավ «Աղմկոտ լռություն» գրքի շնորհանդեսը, որը հայ ընթերցողին արդեն հասանելի է հայերեն թարգմանութամբ:

 Հայաստանի բնությամբ կախարդված Շերոն Դրեյփերը մոտ 30 գրքի հեղինակ է, հինգ անգամ արժանացել է «Կորետա Սկոտ Քինգ» գրական մրցանակի, գրքերի վաճառքի ծավալով «Նյու-Յորք թայմսի» կողմից ճանաչվել է բեսթսելերների հեղինակ: Նա նաև Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի ավագ դպրոցում 25 տարի անգլերեն է դասավանդում:

 «Աղմկոտ լռությունը» տասնմեկամյա մի աղջնակի՝ Մելոդիի մասին է, ով մեծ ուժի ու վճռականության տեր երեխա է:

 «Այս գիրքը պատմում է մի աղջկա մասին, ով չի կարող խոսել, չի կարող քայլել, բայց նա ոչ միայն շատ խելացի է, այլ նաև լի է սիրով: Նա պայքարում է հասկացված լինելու համար: Հանդիպում է տարբեր դժվարությունների՝ անվասայլակների համար չնախատեսված շենքեր, իրեն ծաղրող դասընկերներ, նա իր մեջ գտնում է ուժ, որի մասին ինքն էլ չգիտեր»,- պատմում է Շերոն Դրեյփերը, նաև կարդում հատված գրքից, որտեղ գրքի հերոսուհին խոսում է իր վարդագույն սայլակի ու չհասկացված լինելու մասին, երբ սայլակի վարդագույն լինելը ոչինչ չի փոխում, դա ընդամենը գույն է դառնում լուռ աշխարհում, որում գտնվում է Մելոդին:

 Գիրքն անգլերեն վերնագրված է «Out of My Mind»` «Իմ մտքից դուրս», իսկ հայերեն տարբերակում թարգմանիչ Արմենուհի Ավագյանը գերադասել է «Աղմկոտ լռություն» վերնագիրը, որովհետև նման երեխայի և իրեն շրջապատողների մեջ աղմուկ կա, ինչպես նաև՝ չասված խոսքեր, իսկ ընդհանուր առմամբ լռություն է, որովհետև խոսել չի կարող, որովհետև երբեմն անհանդուրժող հայացքներ են նետում իրեն, խղճում ու լռում, իսկ նա չի կարող պատասխանել:

 «Մելոդիի նման հազարավոր երեխաներ կան ողջ աշխարհում, և նրանք պետք է լիարժեք ապրեն հասարակության մեջ»,- համոզված է գրքի հեղինակը:

 Հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչել գրելու այս պատմությունը ու արդյոք ունի նման աղջիկ, Շ. Դրեյփերն պատասխանեց․ «Եվ այո, և ոչ: Մելոդին ընդհանուր մարմնավորումն է բոլոր այն երեխաների, ովքեր չեն կարողանում խոսել, քայլել, լսել: Մելոդիի կերպարը ի հայտ է եկել, քանի որ ինքս մեծացնում եմ զարգացման որոշակի առանձնահատկություններ ունեցող երեխա, բայց գրքի հերոսուհին իմ դուստրը չէ, գեղարվեստական կերպար է: Ցանկանում եմ, որ նրան ընդունեք որպես անհատականություն, ոչ թե հաշմանդամություն ունեցող անձ»:

 Գրքի՝ կարեկցելու և հասարակության բոլոր անդամների յուրահատուկ տաղանդները գնահատելու ուղերձը խորը հետագիծ է թողել նրանց մոտ, ովքեր հասցրել են ընթերցել այս գիրքը: «Աղմկոտ լռությունը» արժացել է գրական ու գրականագիտական տարբեր մրցանակների։


Անահիտ Հարությունյան

FB IMG 1512042885206

IMG 20171130 152408

IMG 20171130 152358

IMG 20171130 155220

IMG 20171130 155344
  • Created on .
  • Hits: 5480

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: