Интернет-магазин nachodki.ru

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Ստեղծվել է՝ Երկուշաբթի, 13 Նոյեմբեր 2017 Հեղինակ՝ cultural
 Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հայկական ջազում նորը թելադրող գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը:

 Այս անգամ ևս ծննդավայրում համերգը բարեգործական էր, ինչպես մի քանի տարի առաջ, երբ Համասյանը նվագեց Գյումրու տնակային «Ֆանտաններ» կոչվող թաղամասում․ հավաքված գումարը տրամադրվեց բարեգործությանը: Այս անգամ էլ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է «Գյումրու դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ»-ին, որն էլ լուծելու է բնակարանային խնդիր ունեցող դերասանների բնակարանային հարցը:

 «Պետք է մի համեմատություն անեմ, երբ տասը տարի առաջ Գյումրիում Տիգրան Համասյանի համերգն էր, մենք շատ դժվարությամբ էինք կարողանում տոմսեր վաճառել։ Տասը տարի հետո մենք նույն ստեղծագործողին հանդիպում ենք Գյումրիում և տեսնում ենք, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում տոմսեր գտնել։ Սա խոսում է այն մասին, որ սերունդ է փոխվել, որ հանդիսատեսի պահանջներն են փոխվել, որ բարձրակարգ միջոցառումները, բարձրակարգ համերգային ծրագրային ներկայացումները եկել են գրավելու իրենց տեղը»,- ասաց Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։

 Տիգրան Համասյանը Գյումրիում հանդես եկավ նաև նոր ստեղծագործություններով։ Փետրվարին լույս է տեսնելու նոր ձայնասկավառակ, որը կոչվելու է «For Gyumri»՝ «Գյումրու համար»։ Համասյանը կատարեց երկու ստեղծագործություն այդ ձայնասկավառակից՝ «Արագած» և «Ինքնանկար»։

 Դաշնակահարի «Լեննական» ստեղծագործությանը միացան Գյումրու Հ. Օյունջյանի արվեստի և թիվ 7 երաժշտական դպրոցների սաները: Համերգի ընթացքում հանդիսատեսն ու դաշնակահար ջազմենը կարծես զրուցում էին մեկ այլ մակարդակում, որտեղ տիրում էր հնչյունի զորությունը:

Անահիտ Հարությունյան

23376503 1530847836969079 3052636527453416765 n

23380270 1456275544426740 890824595475765138 n

23517794 1530847846969078 5633254551725862980 n

23517787 1456285631092398 8268418314448863199 n
Դիտումներ: 804