«ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՎԱՆ ԳՈԳԻ ԿՐՔԵՐԸ» ՖԻԼՄՈՎ

 «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնն այս տարի մենկարկեց աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վան Գոգի կրքերը» անիմացիոն ֆիլմով: Այս առիթով փառատոնը հյուրընկալել է ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին: Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն մեկուկես տարի է՝ ցանկանում էին ֆիլմը ցուցադրել Հայաստանում, և վերջապես հաջողեցին այդ հարցում:

 Ֆիլմի ցուցադրությանն աջակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, որի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր խոսքում ընդգծեց՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն այս ֆիլմն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա: Այն կենդանացնում է Վինսենթ վան Գոգի գեղանկարները՝ պատմելու նրա ուշագրավ կյանքի մասին։ Ֆիլմի 65 000 կադրերից յուրաքանչյուրը ձեռքով է նկարվել 115 պրոֆեսիոնալ գեղանկարիչների ջանքերով, ովքեր ամբողջ Եվրոպայից հավաքվել են այս ֆիլմարտադրությանը մասնակցելու նպատակով։

 Նշենք, որ փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2500 հայտ շուրջ 100 երկրներից: Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նկատեց՝ դա վկայում է մեծ ուշադրության և հետաքրքրության մասին «ՌեԱնիմանիա»-ի հանդեպ. «Բացի այն, որ դա մեծ առաջընթաց է, այլև որակ է ապահովում մեր փառատոնի համար: Այս տարվա ամենամեծ անակնկալը Շոն Բոբիթի ներկայությունն է, և ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Երևանում: Նրա այցը նաև փորձի փոխանակման և վարպետաց դասերի հնարավորություն կլինի մեր մասնագետների համար: Երկրորդ մեծ անակնկալն էլ կլինի փառատոնի փակման ֆիլմը՝ «Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ»-ը, որը ներկայացրել է Ֆրանսիայի դեսպանությունը»,- ասաց նա:

 Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով հպարտությամբ նշեց՝ իրենց երկիրն այս տարի ևս հարուստ ներկապնակով է ներկայացված փառատոնին: Ընդհանուր առմամբ այս տարի ընտրվել է ֆրանսիական 32 ֆիլմ, որոնք ցուցադրվելու են 5 տարբեր անվանակարգերում՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ուսանողների ավարտական աշխատանքներ, հեռուստատեսային և ուսուցողական, ինչպես նաև երաժշտական ֆիլմեր։ Դեսպանն ասաց, որ այս տարի ևս իրենց երկիրը կրթաթոշակներ կտրամադրի ոլորտի երեք լավագույն մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան մեկամսյա վարպետության դասեր անցնել Ֆրանսիայում:

 Ի դեպ՝ փառատոնի մրցութային ծրագրում Հայաստանը ներկայացված է 5 ֆիլմով, որոնք ընդգրկված են «Կարժամետրաժ ֆիլմեր» և «Հեռուստատեսային ֆիլմեր» անվանակարգերում: Վրեժ Քասունին ասում է՝ հայտերը շատ էին, սակայն ընտրվել են միայն 5-ը:

 Փառատոնի մշտական աջակիցների թվում է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, որի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն ընդգծեց՝ փառատոնը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և մշտապես կարող է ապավինել կառույցի աջակցությանը:

 Հավելենք, որ նկատի ունենալով բացման ֆիլմին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մեծ քանակը՝ «Վան Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20։15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։ Տարածաշրջանում միակը հանդիսացող այս փառատոնի զարգացման լավագույն երաշխիքը կլինի հայ հանդիսատեսի աջակցությունն ու ներկայությունը։


Աստղիկ Իսկանդարյան

0 0ռեան1

0 0ռեան2

0 0ռեան3

0 0ռեան4

0 0ռեան5

0 0ռեան6
  • Created on .
  • Hits: 2616

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: