«ԳՐԵԳԻՐՔ». ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ՝ ՄԵԿ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

  Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ծավալ կունենա «Գրեթերթ» գրական երիտասարդական պարբերականի տասը տարվա տրցակը, և որքա՞ն ժամանակում կկարողանաք այնտեղ ձեր սիրելի հեղինակներին գտնել: Իհարկե, հեշտ չի լինի: Այսօր, սակայն, ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ մեկ ընդհանուր գրքում: «Գրեթերթ» պարբերականի հեղինակների կողմից լույս է ընծայվել «ԳՐԵգիրք» ժողովածուն, որն ընդգրկում է թերթի տասնամյա գործունեության լավագույն հրապարակումները՝ արձակի, պոեզիայի և գրաքննադատության ժանրերում:

 Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ «Նոյյան Տապան» գրախանութում, որտեղ հավաքվել էին հայ ժամանակակից հեղինակներն ու նրանց հավատարիմ ընթերցողները: Նշենք, որ գրքում զետեղված են շուրջ 70 հեղինակների ստեղծագործություններ, որոնք լավագույնս ուրվագծում են վերջին տասնամյակի հայ բանաստեղծության ընդհանուր պատկերը: Ժողովածուի խմբագիրներն են հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց՝ իրենց նպատակն է եղել ներկայացնել ոչ միայն «Գրեթերթի» պատմությունը նյութական տեսքով, այլև գրականության մի սերնդի պատմություն։ «Նախորդ տարի «Գրեթերթը» դարձավ տասը տարեկան, իսկ դա նշանակում է՝ մենք բարեհաջող ծերանում ենք կամ թևակոխում ուշ երիտասարդության փուլ: Հենց այդ առիթով էլ որոշեցինք ստեղծել մի ժողովածու, որի շնորհիվ մեր անունները կպահպանվեն, չեն մոռացվի: Իհարկե, կան հեղինակներ, որոնք դուրս են մնացել «ԳՐԵգրքից», քանի որ 200-ից ավելի հեղինակի ընդգրկել գրքում, կստացվեր պարզապես ինչ-որ հաստափոր հանրագիտարան: Մեր նպատակը դա չի եղել: Այն, ինչ կուզեի՝ այս գրքից սովորեինք, այս սերնդի միասնությունն է: Իսկ նոր սերնդին մաղթում եմ լինել այնքան հետաքրքիր, միասնական, կրեատիվ ու նվիրյալ, որքան մեր սերունդն էր ժամանակին»,- ասաց Նիկողոսյանը:

 Գուրգեն Խանջյանն էլ իր հերթին նոր հեղինակներին մաղթեց ուժ, համբերություն, եռանդ՝ նկատելով, որ գրականության ծանրությունը կամաց-կամաց տեղափոխվում է նրանց ուսերին. «Այնպես որ, պնդացե՛ք, ժողովուրդ ջան»,- ասաց նա:

 «ԳՐԵգրքի» հեղինակներից քչերն էին ներկա շնորհանդեսին: Արքմենիկ Նիկողոսյանը կես կատակ, կես լուրջ նկատեց՝ գրքի հրատարակմանն ու ճանաչվածությանը հաջորդում են մեծամտությունը, կամ ունենում ենք արտագաղթած գրողներ, որոնք չափում են Ամերիկայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի տափաստանները:

 Միջոցառմանը ներկա հեղինակներից էր գրականագետ Հայկ Համբարձումյանը, ով իր խոսքում անդրադարձավ գրքի նշանակությանը. «Ես հասկացա, որ ժողովածուն մեր կյանքի շատ կարևոր, հետաքրքիր ու սիրելի փուլ է ամփոփում, որը մենք հիմա նոստալգիայով հիշում ենք հաճախ: Որքա՜ն լավ օրեր էինք անցկացնում միասին՝ հավաքվում էինք, քննադատում ու գովերգում միմյանց, ոմանք նույնիսկ դժգոհում էին, նեղանում: Եվ սա մի շրջան էր, երբ գրականագիտական խոսքն արժեք ուներ, գուցե ավելի շատ, քան այսօր...»:

 Հավելենք, որ գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Սա լավ առիթ է` «այսօր հայ գրականություն չկա» ասելու փոխարեն գիրք գնելու և հայ հեղինակների գործերին ծանոթանալու:

Աստղիկ Իսկանդարյան

0 0 0 աաԳրթ

0 0 0Գրթ1

0 0 0Գրթ2

0 0 0Գրթ6

0 0 0Գրթ3

0 0 0Գրթ7

0 0 0Գրթ4

0 0 0Գրթ8

0 0 0Գրթ5

0 0 0Գրթ9
  • Created on .
  • Hits: 4233

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: