ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՄԻՏԱՍ «ՅՈԹ ԵՐԳ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

 Լուսինե Գրիգորյանի Կոմիտաս «Յոթ երգ» ձայնասկավառակում ընդգրկված են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

  Սկավառակը թողարկել է գերմանական ECM records-ը: Ձայնագրությունը իրականացվել է ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։

 Հայ մտավորական, հրապարակախոս Գրիգոր Շահինյանն այսպես է արտահայտվել  դաշնակահարուհու մասին. «Զուլալ հոգով համեստ աղջիկ, որ մոտ է Կոմիտասին»:

  Լուսինե Գրիգորյանը գյումրեցի է: Սովորել է Կարա-Մուրզա երաժշտական քոլեջում: Նա շարունակել է իր երաժշտական կրթությունը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասական երաժշտությանը զուգահեռ Լուսինեն նաև ուսումնասիրել է ժողովրդական երաժշտություն: Այսօր դաշնակահարուհին Կոմիտաս նոր երանգով է մատուցում:

  Շնորհանդեսի հյուրերից էր Տիգրան Մանսուրյանը: Նա շնորհավորական խոսք հղեց դաշնակահարուհուն և կանաչ ճանապարհ մաղթեց  անցնելիք ուղուն․ «Լուսինեի նվագի մեջ նրա ազգագրագիտությունն ու խելոքությունն եմ տեսնում: Զարմանալի աշխատանք է կատարել։ Նրա արածի մեջ հրաշքն այն է, որ ամբողջությամբ է ընկալում գործիքը»:

 «Լուսինե Գրիգորյանի երաժշտությունը  անսպառ ձայնային տիեզերք է՝ հիանալի հավասարակշռությամբ:  Այն ցրված է բազմաթիվ ռիթմիկ և մեղեդիական ճառագայթներում»,- գրում է crescendo.de գերմանական կայքը:

  Դաշնակահարուհու ձայնասկավառակում այլ գործերի շարքում են նաև «Մշո շորոր», «Հետ ու առաջ», «Ցողիկ» ստեղծագործությունները։

Մերի Հովհաննիսյան 
  • Created on .
  • Hits: 2704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: