ՌԵՆԵ ՖԼԵՄԻՆԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

  «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի «Գրեմմի» մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը:

  Համերգին ընդառաջ`այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էինՌենե Ֆլեմինգը, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար և կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնդիրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ և նմանը չունեցող բեմական կեցվածքով: Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ համերգային ծրագրում հնչելու են Ժաք Օֆենբախ, Մարի-Ժոզեֆ Կանտելուբ, Ժյուլ Մասնե, Ջուզեպպե Վերդի, Շառլ Գունո, Արրիգո Բոյտո, Ֆրանչեսկո Չիլեա, Ռուջերո Լեոնկավալլո, Միխայիլ Գլինկա, Սերգեյ Ռախմանինով, Անտոնին Դվորժակ:

  Ռենե Ֆլեմինգին Հայաստան է բերել հայ մշակույթի հանդեպ սերն ու Կոնստանտին Օրբելյանի հետ մտերմությունը. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Շատ հայ ընկերներ ունեմ, որոնք այնքան կապված են իրենց մշակութային ժառանգույթյան հետ: Այսօր առաջին փորձն անցկացրինք նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ, հրաշալի էին պատրաստված բոլորը: Հասցրել եմ նաև «Անուշ» օպերան վայելել: Հիացմունքի է արժանի հայ երաժիշտների տաղանդը»,- ասաց երգչուհին:

  Հայ մեծանուն դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն էլ իր հերթին նշեց, որ Ռենե Ֆլեմինգի հետ առաջին անգամ ելույթ է ունեցել 2006 թվականին և շատ ուրախ է, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր 85-ամյակը տոնում է այսպիսի համերգով. «Նա մեծ ներդրում ունի համաշխարհային օպերայի զարգացման մեջ, և մեզ համար մեծ երջանկություն է, որ նա այստեղ է»,- ասաց Օրբելյանը:

  Ռենե Ֆլեմինգն օպերային արվեստում իր երկարակեցության գաղտնիքն է համարում ձայնային տեխնիկային տիրապետելն ու նվիրվածությունն այդ արվեստին: Նա ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին, ինչպես նաև հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին՝ խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության համերգին: 14 անգամ «Գրեմմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ նույն մրցանակին արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչև ռոք, ջազային կատարումներ:

Աստղիկ Իսկանդարյան

0 0 0ggg5

0 0 0ggg3

0 0 0ggg2

0 0 0ggg4

0 0 0ggg

0 0 0ggg1
  • Created on .
  • Hits: 2723

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: