«ԳՐԱՆՇԱՆ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

  Հարյուրից ավելի մասնակից՝ աշխարհի 27 երկրից. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր մեկնարկեց «Գրանշան» 6-րդ միջազգային համաժողովը: Այն հանդիսանում է տառաստեղծման և տպագրության միջազգային հարթակ, որը ներկայացնում է ոլորտի նորամուծությունների հետազոտությունը և կապ ստեղծում այս բնագավառում բացառիկ մասնագետների հետ: Նախագծի հիմնադիրներից Էդիկ Ղաբուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Գրանշան»-ի նպատակը հայկական տառարվեստը զարգացնելն ու այն աշխարհում ճանաչելի դարձնելն է:

 «Համաժողովներն անցկացվում են տարբեր երկրներում, սակայն մեր 10-րդ հոբելյանական տարին նշելու համար մենք վերադառնում ենք Երևան, այնտեղ, որտեղից սկիզբ է առել ամեն ինչ, և որն ունի հարուստ գրական ժառանգություն: Մեր թեմայի խորագիրն է «Ապրեցնող տառեր»: Մենք ոգեշնչվել ենք տարածաշրջանային և տեղական մշակույթների աճող գիտելիքներով, ինչպես նաև անընդհատ զարգացող տպագրության հնարավորություններով»,- ասաց Է. Ղաբուզյանը:

Տառաստեղծ-դիզայներ Հրաչուհի Գրիգորյանը տասը տարի է`մասնակցում է մրցույթին, այժմ նաև կազմկոմիտեի անդամ է: Այս տարի նա ներկայացրել է երկու աշխատանք, որոնցից մեկը գեղարվեստական տառատեսակ է, կոչվում է Աննա, իսկ մյուսը տեքստային տառատեսակ է՝ Էվա: Հրաչուհին ասում է, որ Աննան ու Էվան իրեն հարազատ երկու մարդկանց անուններ են, և հենց նրանց պատվին էլ որոշել է անվանակոչել իր տառատեսակները:

«Շատ եմ կարևորում «Գրանշան» մրցույթի անցկացումը, քանի որ այն համախմբում է մեր հայ տառաստեղծներին ամբողջ աշխարհում: Նրանք ներկայացնում են իրենց աշխատանքները, հասկանում ենք՝ ինչ նորամուծություններ կան, ինչ նոր լուծումներ կարելի է գտնել, քանի որ հայկական տառատեսակները, ինչպես մնացած բոլոր այբբենական համակարգերը, ունեն իրենց խնդիրները: Կարևոր է նաև, որ համաժողովների ընթացքում  ունենում ենք կլոր սեղան-քննարկումներ, որտեղ հնարավոր է լինում արտահայտել նոր մտքեր ու որոնել դրանց իրագործման ճանապարհները»,- ասաց Հրաչուհի Գրիգորյանը:

  Հաղթող մասնակիցների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերի ընթացքում, իսկ մինչ այդ օրակարգում են մասնագետների ելույթները, գեղագրության ցուցադրումները և կլոր սեղան քննարկումները:

  Նշենք, որ «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթներն անցկացվում են 2008 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 2010 թվականից համակազմակերպիչ է նաև Մյունխենի «Կոհան ընդ Փարթներս» ընկերությունը: 2012 թվականից անցկացվում են նաև «Գրանշան» խորագրով համաժողովները, որտեղ քննարկվում են տարբեր լեզվական համակարգերի արդի խնդիրներին վերաբերող հարցեր և փնտրվում դրանց լուծումները: 2010 թվականին մրցանակներ ստացած GHEA Mariam և GHEA Grapalat տառատեսակները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են որպես պետական թղթաշրջանառության համար պարտադիր տառատեսակներ:

Աստղիկ Իսկանդարյան

0 0 0գր1

0 0 0 գր2

0 0 0 գր4

0 0 0 գր3

0 0 0գր5

0 0 0 գր7

0 0 0գր6

0 0 0գր9

0 0 0 գր8
  • Created on .
  • Hits: 2778

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: