«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՄԵԿ ՇԱԲԱԹԸ
Մեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Մայրաքաղաքի կինոթատրոններում և բացօթյա ցուցասրահներում կինոսերներներից շատերը հավանաբար կարողացան գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, վերհիշել հին ու սիրված ֆիլմերը, մասնակցել վարպետության դասերի և այլն:
Կինոտոնն ավարտվեց: Հուլիսի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրին հայտնեց մրցանակակիր ֆիլմերի անունները:
Այսպիսով՝ միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» կինոնկարը: «Արծաթե ծիրան»-ն Աֆոնսու Ուչոայի/Ժուան Դումանս «Արաբիա» ֆիլմինն էր: Ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Ռաեդ Անդոնիի «Ուրվականների որս» ֆիլմը: «Արծաթե ծիրան»-ը բաժին ընկավ Սերդար Օնալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին: Ժյուրիի հատուկ հիշատակումը Ցվետան Դրագնևի «Գյուղացիներ» ֆիլմինն էր:
«Հայկական համայնապատկեր» ծրագրում լավագույն խաղարկային ֆիլմի համար մրցանակ շնորհվեց Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ», իսկ վավերագրականի համար՝ Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմերին:
Դերակատարման համար ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոս Սամվել Թադևոսյանը: Աշոտ Մկրտչյանի «Օրիժին» կինոնկարը նույնպես ժյուրիի հատուկ հիշատակմանն արժանացավ:
«Հայկական համայնապատկեր»-ի լավագույն կարճամետրաժ ֆիլմը Էրիկ Շահինյանի «Ջրի երեսին մնալ»-ն էր:
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:
FIPRESCI ժյուրիի մրցանակը Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» կինոնկարինն էր:
«Եղիցի լույս» հատուկ մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
14-րդ «Ոսկե ծիրան»-ի փակման արարողությունը նշանավորվեց նաև կինոփառատոնի կողմից ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Փառատոնը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնային շաբաթվա ընթացքում (հուլիսի 9-16-ը) հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի կինոփառատոների լավագույն ֆիլմերից:
«Ոսկե ծիրան»-ն այս տարի ստացել էր 1100 հայտ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր ավելի քան հարյուր ֆիլմ:
«Միջազգային խաղարկային» մրցույթի ժյուրին գլխավորում էր օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնը: Ժյուրիի կազմում էին ռեժիսորներ Սիռո Գեռան, Ալեքսեյ Ֆեդորչենկոն և Իլդիկո Էնյեդին: «Վավերագրական» մրցույթի ժյուրիի անդամներն էին ռեժիսորներ Յուջին Քորը, Թոմ Ֆասարթը, Միքելանջելո Մեսսինան, Միմի Գյորգովսկան և Գրիգոր Հարությունյանը: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ֆիլմերը գնահատեցին դերասանուհի Մարիամ դ'Աբոն, ռեժիսորներ Դավիթ Սաֆարյանը, Ֆադվիգա Նովակովսկան, Գագա Չխեիձեն և Յան Գերգերը:
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի ոչ պաշտոնական մեկնարկը տրվեց ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ: Այնուհետև Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հայ անվանի կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին ավելացան նաև կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
Փառատոնը բացվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» համր ֆիլմով, որի համար Վահագն Հայրապետյանն ու նրա բենդը երաժշտություն են գրել:
Բավական հագեցած էր փառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագիրը, որի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը», Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա», Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին», Լավ Դիասի «Հեռացած կինը», Կիմ Կի-Դուկի «Ուռկանը», Գրիգոր Հարությունյանի «Ծերունին և քաղաքը», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Հոն Սան-Սուի «Հաջորդ օրը», Թոմ Ֆասարթիի «Ընտանեկան պատմություն», Սերգեյ Լոզնիցայի «Հեզը», Քենեթ Ա. Կարլսոնի «Նուբայի սիրտը», Յուջին Քորի և Ռոբերտո Չիլիի (Պերես) «Հավանայի ուրվական քաղաքը», Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին» և Ակի Կաուրիսմյակիի «Հույսից անդին» ֆիլմերը:
«Գերմանական կինոյի օր» ծրագրի շրջանակում ցուցադրվեց Ֆաթիհ Աքինի «Անէությունից» կինոնկարը: «Լեհական կինոյի օրը» բացվեց Անջեյ Վայդայի վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությամբ և «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնմամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա հիշատակին:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց նաև կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: Ցուցադրվեց նրա «Բարի հետք» ֆիլմը:
Այնուհետև Հյու Հադսոնի «Ալտամիրա» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Բրիտանական կինոյի շաբաթ» ծրագիրը: Ռեժիսորը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով:
Իսկ Ժան-Պիեռ Մելվիլի վերջին ֆիլմերից մեկը՝ «Կարմիր շրջան»-ը, բացեց «Ֆրանսիական կինոյի օրը»:
Այս տարի վարպետության դասեր անցկացրին կինոռեժիսորներ Բորիս Խլեբնիկովը, Իլդիկո Էնյեդին, Ֆրեդ Քելեմենը, Թոմ Ֆասարթը, Սիռո Գեռան, Յուջին Քորը և կինոքննադատ Թոմ Մքսորլին:
Պատրաստեց Սիրանուշ Հայրապետյանը
- Created on .
- Hits: 2839