«ԴՈՎԼԱԹՈՎ» ՖԻԼՄԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՒՄ ԿԼԻՆԻ 2017-Ի ՎԵՐՋԻՆ

    Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» գեղարվեստական ֆիլմը վարձույթում կլինի 2017 թվականի վերջին: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ այդ մասին հայտարարել է «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը հունիսի 5-ին տեղի ունեցած «Հեղափոխություն և գրականություն» կլոր սեղանի ընթացքում: 
    ««Լենֆիլմն» ավարտել է «Դովլաթով» ֆիլմի նկարահանումը: Ժապավենը թողարկելու ենք տարվա վերջին»,-հայտնել է նա:
    Ֆիլմը նկարահանված է կենսագրական մելոդրամա ժանրում, գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին: Այն հայտնի գրողի կյանքի լենինգրադյան չորս օրերի մասին է: Ռեժիսորը վերստեղծել է այդ ժամանակաշրջանին բնորոշ միջավայր՝ Լենինգրադի  աշխարհիկ կյանքը 1970-ականներին, «Սայիգոն» սրճարանը, Դրամատիկական մեծ թատրոնի ծաղկուն շրջանը, «Լենֆիլմ» կինոստուդիան:
    «Դովլաթով» ֆիլմում տեղ են գտել գլխավոր հերոսի և երիտասարդ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու խոսակցությունների տեսարանները: Կինոֆիլմը բարձրացնում է ռուսական և եվրոպական մշակույթի համար հավերժական՝ բարոյական ընտրության հարցը:
    Դովլաթովի դերում  նկարահանվել է սերբ դերասան 34-ամյա Միլան Մարիչը, ֆիլմում խաղում են նաև Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան և ուրիշներ:
  • Created on .
  • Hits: 2699

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: