ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ԱԿՈՐԴՆԵՐ՝ ԲԱԼԵՏԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵՍՔՈՎ

    Շառլ Ազնավուրի 93–ամյակին նվիրված մեկ գործողությամբ «Լա բոհեմ» բալետային ներկայացումն այլևս իրականություն է։ Մայիսի 29–ին լեգենդար շանսոնյեի ներկայությամբ Ռուդոլֆ Խառատյանի հեղինակած «Լա բոհեմ» ներկայացումն առաջին անգամ ցուցադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
    «Ազնավուրի ծննդյան առթիվ որոշեցինք նվիրել այս բալետային ներկայացումը, որի հաշվին հարստացավ նաև մեր թատրոնի խաղացանկը, և ի վերջո արվեստի ևս մեկ նոր գործ ծնվեց: Ներկայացման ստեղծման պրոցեսին մեծ դերակատարություն է ունեցել շանսոնյեն։ Ներքին դրամատուրգիան հաշվի առնելով՝ Ազնավուրը հենց ինքն է ընտրել ներկայացման համար նախատեսված 12 երգերը»,– լրագրողների հետ զրույցում ասաց հայ բալետի արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վստահ է, որ հայաստանյան հանդիսատեսի համար շատ կարևոր է այս իրադարձությունը. «Ես չգիտեմ արդյոք որևէ մեկն արդեն նման բան արել է, թե ոչ։ Կարծում եմ՝ ոչ: Վստահ եմ, որ Ազնավուրին նվիրված բալետային այս ներկայացումը բոլորին կհետաքրքրի։ Հատկապես կարևորում եմ այն փաստը, որ ներկայացումն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում և ոչ թե, օրինակ, Փարիզում»:
    Դասական և մոդեռն բալետի միքս, որտեղ չմուշկներն ու պուանտները ներկայացված էին կողք կողքի։ Երկարատև աշխատանք է կատարվել մինչ ներկայացման պրեմիերան։
    Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը, ով մարմնավորում էր Շառլ Ազնավուրին,  առանձնացրեց իր համար ամենատպավորիչ տեսարանը. 
«Ներկայացումից առաջ ուսումնասիրել եմ Շառլ Ազնավուրի կենսագրությունը, լսել նրա երգերը, փորձել եմ հասկանալ յուրաքանչյուր պահը։ Երբ հասկանում ես երգի իմաստը, աշխատանքդ ավելի է բարդանում: Ինձ համար ամենատպավորիչ տեսարաններից մեկն Ազնավուրի՝ երիտասարդ տարիքում Փարիզ գալը, իր առաջին սիրուն հանդիպելն ու սիրահարվելն է»։
    Նշենք, որ «Լա բոհեմ» 40 րոպե տևողությամբ և մեկ գործողությամբ բալետային ներկայացումը հնարավոր է ունենա շարունակություն։ Այն նվիրված կլինի Միշել Լեգրանին և կներկայացվի «Շերբուրգյան հովանոցներ» խորագրի ներքո։ «Լա բոհեմ» և   «Շերբուրգյան հովանոցներ» ներկայացումները կմիավորվեն մեկ բալետային ներկայացում գաղափարի ներքո։


                                                                                                                Ալինա Նահապետյան
  • Created on .
  • Hits: 2705

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: